Ուսումնասիրություն՝ Սոթքի ոսկու հանքավայրի շահագործումն էականորեն ազդել է Սոթք բնակավայրի գյուղատնտեսական արտադրանքի որակի վրա

Ուսումնասիրություն՝ Սոթքի ոսկու հանքավայրի շահագործումն էականորեն ազդել է Սոթք բնակավայրի  գյուղատնտեսական արտադրանքի որակի վրա

ԷկոԼուր

«Գեպրոմայնինգ Գոլդ» ՍՊԸ-ի կողմից Սոթքի ոսկու հանքավայրի շահագործումը էականորեն ազդել է Սոթք բնակավայրի գյուղատնտեսական արտադրանքի որակի վրա: Հանքի փոշին և աղտոտված մակերևութային ջրերն ազդում են մարդկանց առողջության վրա: Սա «Համայնքային փոխօգնություն» սոցիալական հասարակական կազմակերպության ղեկավար, սոցիոլոգ Անահիտ Մկրտչյանի «Սոթք բնակավայրի վրա «Գեպրոմայնինգ Գոլդ» ՍՊԸ-ի գործունեության սոցիալական ազդեցությունների մասին բնակչության պատկերացումները և բացասական ազդեցությունների հաղթահարմանն ուղղված առաջարկություններ» ուսումնասիրության եզրակացություններից է:

Ուսումնասիրութունն արվել է «Հանքարդյունաբերության ազդակիր համայնքները` գործընթացի լիարժեք մասնակիցներ» ծրագրի շրջանակներում՝ նպատակ ունենալով բացահայտել Սոթք բնակավայրի վրա «ԳեոՊրոմայնինգ Գոլդ» ՍՊԸ-ի գործունեության սոցիալական ազդեցությունները, բնակչության իրազեկվածության ու ԱՃԹՆ-ի գործընթացում ընդգրկվելու մասնակցային վարքի ձևավորման հնարավորությունները:

«Գրեթե բոլոր հարցվածները բացասական գնահատական են տվել հատկապես օդի մաքրությանը` հիմնավորելով, որ հանքավայրում պայթեցումներից ու քամուց բարձրացող խիտ փոշին փչացնում է գյուղատնտեսական արտադրանքը: Ըստ հարցվածների՝ առաջանում են «կապույտ», «կանաչ» փոշու ամպեր, որոնք հնարավոր է՝ հագեցած են վնասակար նյութերով և տարածվում են Սոթքից բացի նաև հեռու գտնվող բնակավայրերի վրա: «Գունավոր» փոշին վնասակար է բույսերի, հողի` հատկապես միայն անձրևաջրերով ոռոգվող հողերի համար: … Բնակիչները չէին խոսում իրենց առողջության վրա հանքի բացասական ազդեցությունների մասին: Ընդորում, ընկերության կողմից իրականացվող բնակչության առողջական վիճակի մոնիթորինգի արդյունքները չեն ներկայացվում բնակչությանը, իսկ համայնքապետարանը տեղեկացվել է, որ արդյունքները «բավարար են»: Այս գնահատականը ստուգման և անկախ փորձագիտական ստուգումների արդյունքների հետ համեմատելու կարիք ունի»,- նշված ուսումնասիրության մեջ:

Միևնույն ժամանակ աշխատանքում ներկայացված են Վարդենիս համայնքի «Աստղավարդ» հաշմանդամ երեխաների ծնողների ՀԿ-ի նախագահի և Սոթքում «Վորլդ Վիժըն» կազմակերպության կողմից նշանակված համայնքային շրջիկ սոցիալական աշխատողի հետ հատուկ փորձագիտական հարցազրույցների արդյունքները տվյալ տարածքի հիվանդացությունների մասին: (Տե'ս ուսումնասիրությունը):

Ըստ ուսումնասիրության` «ԳԵՈՊՐՈՄԱՅՆԻՆԳ ԳՈԼԴ» ՍՊԸ-ի գործունեությունը 16 հարցվածից դրական է գնահատել 7-ը աշխատատեղերի տրամադրման համար…
Ուսումնասիրության եզրակացության համաձայն՝ համայնքում բնապահպանական ՀԿ-ների բացակայությունը նպաստավոր չէ բնակչության մասնակցային վարքը խթանելու և ԱՃԹՆ գործընթացներին լիարժեք մասնակցելու համար:

Ուսումնասիրության մեջ ներկայացված են բնակիչների առաջարկությունները «ԳԵՈՊՐՈՄԱՅՆԻՆԳ ԳՈԼԴ» ՍՊԸ-ի գործունեությունը թափանցիկ և հաշվետու դարձնելու վերաբերյալ, որոնք են.

1. Հանքի շահագործման արդյունքում պատճառված վնասին համարժեք տուգանք սահմանել և գումարն ուղղել համայնքային բյուջե՝ վնասը վերացնելու նպատակով:

2. Իրականացնել հողի, ջրի, օդի եռամսյա անկախ փորձագիտական հետազոտություններ, արդյունքները ներկայացնել Գեղամասար համայնքի բնակչությանը և քննարկել հանքի ղեկավարության հետ:

3. Ապահովել ընկերության ղեկավարության և բնակչության միջև ուղիղ շփում, այլ ոչ թե ընկերությունն իր հարցերը լուծի միայն համայնքապետի հետ:

4. Հանքում նոր աշխատատեղեր բացվելիս`ընկերության կողմից հայտարարել բաց մրցույթ, որպեսզի այլ համայնքից եկած ղեկավար պաշտոն զբաղեցնողներն աշխատանքի չտեղավորեն իրենց ազգականներին:

5. Ընկերությունը պետք է պարտավորվի բնակչության շրջանում լիարժեք բուժզննումներ կազմակերպելու ու բժշկական մասնագիտական ծառայություն ստեղծելու ազդակիր բնակավայրերում:


Սույն հոդվածը ստեղծվել է Ամերիկայի ժողովրդի աջակցույամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով: Այստեղ արտահայտված տեսակետները /կամ նյութի բովանդակությունը/ միմիայն հեղինակներինն են և պարտադիր չէ, որ արտահայտեն ԱՄՆ ՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները:

11:56 Մայիս 31, 2019


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news