«Արնիկա» քիմիական անվտանգության կազմակերպությունը երկրորդ անգամ հետազոտություն կիրականացնի Ախթալայում և Ալավերդիում

«Արնիկա» քիմիական անվտանգության կազմակերպությունը երկրորդ անգամ հետազոտություն կիրականացնի Ախթալայում և Ալավերդիում

ԷկոԼուր

Չեխական «Արնիկա» կազմակերպությունը կրկին հետազոտություն կիրականացնի Ախթալայում և Ալավերդիում՝ պարզելու համար շրջակա միջավայրի աղտոտվածության ազդեցությունը մարդկանց առողջության վրա:

Նախատեսվում է, որ այս տարվա հուլիսին չեխ մասնագետները Լոռու մարզի Աթխալա և Ալավերդի համայնքներ կայցելեն փորձանմուշներ վերցնելու համար: Այս մասին հայտնեց «Համայնքային համախմբան և աջակցության կենտրոն» ՀԿ նախագահ Օլեգ Դուլգարյանը հունիսի 7-ին Ալավերդի համայնքում տեղի ունեցած «Հանրային առողջության հիմնախնդիրները. Արդյունաբերության ազդեցությունը հանրային առողջության վրա» սեմինար-քննարկման ժամանակ: Հետազոտությունը և ստացված արդյունքների գնահատումը կիրականացվի «Արնիկա» կազմակերպության հետ համատեղ իրականացվող «Ալավերդիի և Ախթալայի քաղաքացիական հասարակության ամրապնդումը արդյունաբերական աղտոտման խնդիրների լուծման համար» ծրագրի շրջանակներում: «Հետազոտության արդյունքները ստանալու են Պրահայի լավագույն ինստիտուտներում: Կտրվի հստակ պատասխան. արդյո՞ք մեր շրջակա միջավայրը, աղտոտվածությունն ազդում է մեր գյուղատնտեսության, մարդու առողջության վրա»,- նշեց Օլեգ Դուլգարյանը:

Հանդիպման մասնակից «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի նախագահ Ինգա Զարաֆյանը ներկաներին հիշեցրեց 2018 թ. «Արնիկայի» կողմից իրականացված հետազոտությունների արդյունքների մասին:

«Հիմնականում ծանր մետաղներ և տարբեր տոքսիկ նյութեր հայտնաբերվեցին: Ալավերդի և Ախթալա քաղաքների բնակիչներից վերցվել էին ձվի և մարդկանց մազերի փորձանմուշներ: Ձվի գրեթե բոլոր նմուշների մեջ օնկոգեն դիոքսին են հայտնաբերել: Մազերի մեջ ծանր մետաղներ էին հայտնաբերվել: Կազմակերպության ներկայացուցիչները մեզ ասել էին, որ վերցված փորձանմուշների քանակը բավարար չէ, հետագայում նույնպես հետազոտություններ կկատարեն, որպեսզի ստույգ հասկանան, թե ինչ ազդեցություն ունի շրջակա միջավայրի աղտոտումը մարդկանց վրա»,- նշեց Ինգա Զարաֆյանը:

Ըստ չեխ մասնագետների՝ դիօքսիններն, ամենայն հավանականությամբ, առկա են նաև տնային այլ կենդանական ծագմամբ սննդատեսակներում, և դրանց առօրյա օգտագործումը պետք է բացառվի բնակչության, հատկապես` հղի կանանց և երեխաների սննդակարգում։ Նրանք հայտնաբերել են, որ Ալավերդու մանկական խաղահրապարակների ավազի փորձանմուշներում առկա է բարձր աղտոտվածություն պղնձով (մինչեւ 5200 մգ /կգ), մկնդեղով (140 մգ /կգ), ցինկով (1200 մգ/կգ) և կադմիումով (3.7 մգ/կգ): Ալավերդու պղնձաձուլարանի մոտակայքում գտնվող այգիների հողերում տագնապալի է պղնձով (մինչև 1900 մգ /կգ), մկնդեղով (մինչև 80 մգ /կգ) և ցինկով (մինչև 1800 մգ / կգ) աղտոտվածությունը` համեմատած հեռավոր վայրերի հետ: 

Եվս մեկ հետազոտություն իրականացվել է 2015 թ. Հայաստանի ամերիկյան համալսարանի կողմից: Փորձագիտական ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ Ախթալա խոշորացված համայնքի Մեծ Այրում և Ճոճկան բնակավայրերի միայն դեղձի նմուշների 60-70 տոկոսում կապարի պարունակությունը 2-4 անգամ գերազանցում է թույլատրելի սանիտարական և առողջապահական նորմը Նահատակ պոչամբարի շահագործման արդյունքում: Հայաստանի ամերիկյան համալսարանի կողմից իրականացված հետազոտությունների համաձայն. «Արյան մեջ կապարի միջին պարունակությունը 6.0 մկգ/դլ է, Ախթալայում երեխաների արյան նմուշներում կապարի մակարդակը կազմել է 6.8 մկգ/դլ, Ալավերդիում` 6.4 մկգ/դլ, Երևանում` 5.1 մկգ/դլ: Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ մետալուրգիական արդյունաբերական համայնքների երեխաները ենթարկվում են կապարի ազդեցությանը»: 

Քննարկման ընթացքում Ալավերդիի ակտիվ հասարակության հետ համատեղ որոշում ընդունվեց «Արնիկայի» նոր հետազոտության բացասական արդյունք ունենալու դեպքում իրականացնել հասարակության շահերի պաշտպանություն՝ տեղական և ազգային մակարդակում:

Օլեգ Դուլգարյանը նշեց. «Տեղական մակարդակը ենթադրում է հասարակությանը պատշաճ տեղեկատվության հաղորդում այդ ամենի վերաբերյալ: Ազգային մակարդակում հանրություն-կառավարություն երկխոսություն պետք է սկսվի, որպեսզի պետությունը արդյունաբերության ոլորտում մեխանիզմներ ներդնի մարդու առողջության վրա շրջակա միջավայրի ազդեցության գնահատում իրականացնելու համար: Եթե կան կոնկրետ մարդիկ, ովքեր տուժել են կամ տուժում են հանքարդյունաբերությունից, և դա ազդել է նրանց առողջության վրա, ապա այդ մարդիկ հասարակության որոշակի ակտիվների, ՀԿ-ների հետ համագործակցությամբ կփորձեն ստանալ իրենց պատճառված վնասի փոխհատուցումը»:

Հանդիպման մասնակից, շրջակա միջավայրի պահպանության փորձագետ, էկոլոգ-իրավաբան Արթուր Գրիգորյանը նշեց, որ պետք է գտնել պատճառահետևանքային կապի առկայությունն ապացուցող հանգամանքներ՝ պատճառված վնասի փոխհատուցում ստանալու համար:

«Հանրային առողջությունը փոխկապակցված է շրջակա միջավայրի աղտոտվածության հետ: Նախ պետք է ապացուցենք, որ Ախթալայում և Ալավերդիում ապրող երեխաների արյան մեջ հայտնաբերված կապարի շատ մեծ քանակությունը կարող է առաջացնել այսպիսի հետևանքներ: Պետք է ապացուցենք, որ մարդկանց օրգանիզմում տոքսիկ էլեմենտների հայտնվելու պատճառը կապված է շրջակա միջավայրի աղտոտման հետ, որը հանքարդյունաբերությամբ զբաղվող ընկերությունների գործունեության հետևանքն է»,- նշեց նա:

Հայտնի է, որ պղնձի բարձր պարունակությունը կարող է առաջացնել ուռուցքային գոյացությունների զարգացում, կապարի բարձր պարունակությունը՝ մտավոր թերզարգացվածություն և տեսողության, լսողության և խոսքի խախտումներ: Միաժամանակ, հանքարդյունաբերությամբ զբաղվող համայնքներում բնակվող երեխաների մոտ հանդիպում է աճի դանդաղում, ինչին զուգահեռ նկատվում են նաև նյարդավարքագծային և մտավոր զարգացման խնդիրներ, հիշողության կորուստ, կենտրոնացման պակաս ու գերակտիվություն:

18:31 Հունիս 21, 2019


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news