Ամուլսարի պահապանները թույլ չտվեցին քննիչին և փորձագետներին մտնել Ամուլսարի հանքի տարածք

Ամուլսարի պահապանները թույլ չտվեցին քննիչին և փորձագետներին մտնել Ամուլսարի հանքի տարածք

ԷկոԼուր

Հուլիսի 13-ին Ամուլսարի պահապանները թույլ չեն տվել ՀՀ Քննչական կոմիտեի քննիչին և Ամուլսարում ապօրինի ընդեքօգտագործման փաստի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում հրավիրված փորձագետներին մտնել Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի տարածք: Ինչպես ԷկոԼուրին հայտնեցին Ամուլսարի պաշտպանները իրենք տեղեկացված չեն եղել, թե ինչ նպատակով է այդ այցելությունը: Ըստ ականատեսների՝ ոստիկանության աշատակիցները դրսևորել են կոպիտ վարքագիծ: Ամուլսարի պահապաններին վրդովեցրել է այն փաստը, որ այցելողների թվում են եղել նաև «Լիդիան Արմենիա» ընկերության ներկայացուցիչներ և որ միջազգային փորձաքննության գծով արդյունքները մինչ այժմ հրապարակված չեն: Տարածքում հավաքված տեղի բնակիչներից երկու հոգի բերման է ենթարկվել, ովքեր այժմ ազատության մեջ են:

Այս պահին ոստիկանները, քննիչը և փորձագետները հեռացել են, Ամուլսարը շարունակում են հսկել տեղացիները:

Գնդեվազի բնակիչ Թեղինե Ենոքյանը ԷկոԼուրին հայտնեց, որ Ամուլսարի պահապանները քննիչին հայտնել են իրենց տարակուսանքը, թե ինչու մեկ տարի առաջ ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի հայտարարությունն այն մասին, որ Ամուլսարում իրականացվել է ապօրինի ընդերքօգտագործում, հիմք չի հանդիսացել քննություն իրականացնելու համար, և որ հիմա են որոշել քննություն իրականացնել:

Ավելի վաղ՝ հուլիս 12-ին, Ամուլսարի պահապանները և «Հայկական բնապահպանական ճակատ» քաղաքացիական նախաձեռնությունը հադնես եկան հայտարարությամբ, որով տեղեկացրին, որ թույլ չեն տալու փորձագետների մուտքը հանքի տարածք:

Հայտարարության մեջ նշված է.
«Մենք՝ Ամուլսարը, Հայաստանի ջրերն ու մեր համայնքների ներկան ու ապագան արդեն մեկ տարուց ավելի պաշտպանող ջերմուկցիներս ու գնդեվազցիներս, ինչպես նաև Հայկական բնապահպանական ճակատ քաղաքացիական նախաձեռնությունը, հայտարարում ենք, որ Քննչական կոմիտեում հարուցված քրեական գործի շրջանակներում վարձված լիբանանյան ընկերությունը, որը պետք է կատարեր Ամուլսարը հանք դարձնելու ծրագրի գնահատում, մեր համայնքներ ոտք չի դրել, չի անցակցվել մեր ու ապագա սերունդների կյանքի, մեր համայնքների տնտեսական ու սոցիալական կենսապայմանների վրա ազդեցության գնահատում, բնության մասին հոգ տանելու՝ մեր սահմանադրական պարտականության, ինչպես նաև բարեկեցիկ միջավայրում ապրելու մեր համընդհանուր միջազգային իրավունքի շուրջ մեր դիրքորոշման գնահատում:
Հայտարարում ենք, որ թույլ չենք տալու Ամուլսարի հանքարդյունաբերական տարածքներ մուտք գործել նույնիսկ փորձաքննական գնահատման աշխատանքներ կատարողներին, մինչև Ջերմուկ, Գնդեվազ և Կեչուտ բնակավայրերի հետ այդ փորձաքննության շրջանակներում հանդիպումներ չտարվեն, մեր բոլոր իրավունքների խախտումներն ու քաղաքական դիրքորոշումն այդ փորձաքննության ընթացքում չարձանագրվեն: Բազմիցս հայտարարվել է, այդ թվում՝ միջազգային կազմակերպությունների հետազոտությունների հիման վրա, որ հանք շահագործելու ծրագիրն ունի ոչ միայն բնական միջավայրի վրա, այլև տնտեսական ու սոցիալական խիստ վատթար ազդեցություն, որը Լիդիան Արմենիա ընկերությունը պատշաճ կերպով չի գնահատել: Մենք պահանջում ենք մեր տնտեսական ու սոցիալական իրավիճակի ու վնասների, ինչպես նաև սահմանադրական իրավունքների հաշվի առնում փորձաքննության շրջանակներում: Ջերմուկ համայնքն ամբողջությամբ ազդակիր է, սակայն մեր բնակավայրերից Ջերմուկը միջազգայնորեն ճանաչված նորմի, այն է՝ վնասների մասին նախապես իրազեկված, գիտակցված համաձայնություն տալու գործընթացից դուրս է մնացել: Ամուլսարը հանքի վերածելու կապակցությամբ մենք ունենք բնակչության ճնշող մեծամասնության կողմից արտահայտված և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից հաստատված համընդհանուր դիրքորոշում՝ մետաղական հանքարդյունաբերությանը մեր համայնքներում դեմ ենք:

Նաև Քննչական կոմիտեից պահանջում ենք թափանցիկություն և փորձաքննական արդյունքների հանրայնացում, և մեզ համար անընդունելի է հանրությունից տեղեկատվության գաղտնի պահելը մի պարագայում, երբ շահագրգիռ ընկերության՝ Լիդիանի հետ այդ արդյունքների կապակցությամբ անց են կացվում ինչ-ինչ հանդիպումներ, քննարկումներ և այլն: Մեզ համար անընդունելի է նաև, որ քրեական գործի շրջանակներում փորձաքննական գործընթացներն ու վերջնական արդյունքների հրապարակումն անընդհատ հետաձգվում են, որի հետևանքով առաջանում է անվստահություն արված հայտարարությունների նկատմամբ:
Միևնույն ժամանակ հայտարարում ենք, որ հուլիսի 14-ին՝ ժամը 15:00-ին Ջերմուկի թիվ 2 կրթահամալիրում կկայանա մեծ համայնքային ժողով, որի ժամանակ կներկայացվի Ջերմուկ խոշորացված համայքնի վերջնական դիրքորոշումը Ամուլսարի պայքարի և կառավարությունից ակնկալվող որոշման կապակցությամբ: Խնդրում ենք լրատվամիջոցների ներկայությունն ու լուսաբանումը»:

https://www.facebook.com/arpine.galfayan/videos/10157258544988497/?hc_ref=ARRsnUtVTquxHOGshosCdg9Ww3-XBWoMHYXYQ2FrgVssO4XnpiXXYBV5wNBUfZoGHWo

https://www.facebook.com/arpine.galfayan/videos/10157258554838497/

Լուսանկարը՝ Շահանե Խաչատրյանի ֆեյսբուքյան էջից

Տեսանյութերը՝ Շիրակ Բունիաթյանի և Արփինե Գալֆայանի



19:49 Հուլիս 13, 2019


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news