Ազատեկ բնակավայրն ինչպե՞ս կարձագանքի Ազատեկի ոսկի-բազմամետաղային հանքավայրի շահագործման նոր փորձին

Ազատեկ բնակավայրն ինչպե՞ս կարձագանքի Ազատեկի ոսկի-բազմամետաղային հանքավայրի շահագործման նոր փորձին

ԷկոԼուր

2020 թ.փետրվարի 14-ին՝ ժամը 13:00-ին, Վայոց Ձոր մարզի Ազատեկ բնակավայրի վարչական շենքում տեղի կունենան հանրային լսումներ՝ «Վայկ Ինվեստ» ՍՊԸ-ի կողմից Ազատեկի հանքավայրի ձախափնյա մասի ստորգետնյա եղանակով շահագործման համար նախնական համաձայնություն ստանալու նպատակով: Այս մասին տեղեկանում ենք Վայքի համայնքապետարանի պաշտոնական կայքից:

Ըստ «Վայկ Ինվեստ» ՍՊԸ-ի փաստաթղթերի` հանքի տարածքը Ազատեկ գյուղից գտնվում է 2,5-3 կմ հեռավորության վրա: Շահագործման տարածքը կազմելու է 1,5 հա: Հանքաքարի հարստացումը նախատեսվում է իրականացնել Արին և Վայք բնակավայրերի միջև նախատեսված հարստացուցիչ ֆաբրիկայում, որն ունի հաստատված նախագիծ:

Սույն թվականի հունվարի 23-ին Վայոց ձորի մարզի Զառիթափ համայնքում նույն ընկերության կողմից Ազատեկի հանքավայրի «Գյուարչին» կոչվող տարածքի շահագործման նպատակով կազմակերպված հանրային լսումներից հետո Զառիթափը մերժեց «Վայկ Ինվեստ» ՍՊԸ-ին թույլտվություն տալ:

Ազատեկի հանքավայրի շահագործման համար տեղացիների համաձայնությունը ստանալու փորձեր նախկինում արվել են նաև «Վայք Գոլդ» ՍՊԸ-ի կողմից: Բնակիչները բոյկոտել են հանրային լսումները:

Ազատեկի հանքավայրի համար «Վայք Գոլդ»-ին տրված ընդերքօգտագործման իրավունքը դադարեցվել է:

Հատկանշական է, որ Ազատեկի հանքավայրը շահագործել ցանկացող ընկերությունը ստեղծվել է ընդամենը շաբաթներ առաջ: Արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի էլեկտրոնային համակարգի համաձայն՝ «Վայկ-ինվեստ» ՍՊԸ-ն գրանցվել է 2020թ-ի հունվարի 9-ին:

11:45 Փետրվար 05, 2020


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news