ԷկոԼուր
ՀՀ Լոռու մարզի «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ի նախագահ Օլեգ Դուլգարյանը տարածել է հայտարարություն՝ կոչով թույլ չտալ քանդել Մեծ Այրումի արոտավայրերը «Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատ» ՓԲԸ-ի պոչամբարի ռեկուտիվացիայի համար:
Հայտարարության մեջ նշված է.
«2020 թվականի մարտի 12-ին Ախթալա համայնքի Մեծ Այրում գյուղի վարչական շենքում Ախթալայի համայնքապետարանը քննարկում էր կազմակերպել, որի առարկան էր Մեծ Այրումի պոչամբարի հետ կապված գյուղացիների դժգոհությունների քննարկումը։
Գյուղացիները դժգոհում են պոչամբարի ազդեցությունից և պահանջում են այն ռեկուլտիվացնել, այլևս չբարձարցնել պոչամբարի պատվարը և ծանր տեխնիկայով չփչացնել ճանապարհը:
Ըստ հասած տեղեկությունների՝ «Ախթալա ԼՀԿ» ՓԲԸ ներկայացուցիչները, գյուղացիներին ասել են, որ սկսում են պոչամբարի ռեկուլտիվացիան մասնակի՝ պոչամբարի ափի մի հատվածից, և ամբողջը կավարտեն 2022 թվականին, և որ ռեկուլտիվացիայի համար հող է պետք: Որպեսզի ասֆալտապատ ճանապարհը չփչացնեն, պատրաստվում են դիմել և թույլտվություն ստանալ Մեծ Այրում գյուղին պատկանող արոտավայր հանդիսացող բլուրների հողի կարգի՝ գյուղատնտեսականից արդյունաբերականի փոփոխման համար, որպեսզի այդ հողն օգտագործեն ռեկուլտիվացիայի նպատակներով:
Գյուղի բնակիչների իրազեկվածության պակասի ֆոնին պարտավոր եմ համարում կատարել նկատառումներ հետևյալ կետերով.
1. Մեծ Այրում գյուղը և հարակից բնակավայրերն արդեն իսկ մեծ էկոլոգիական վնասներ են կրել, և բնակավայրին էկոլոգիական նոր վնասներ հասցնելն ավելի քան ցինիկ քայլ կարող է լինել, այն էլ՝ պոչամբարի ռեկուլտիվացիայի համար արտավայր հանդիսացող հողերի քանդման հաշվին։
2. Մոտակա տարածքից հողի ձեռքբերումը կարող է օգտակար լինել միմիայն հանքարադյունաբերական ընկերությանը ֆինանսական միջոցների տնտեսման տեսանկյունից։
3. 2015-2016 թվականներին Մեծ Այրում գյուղում կատարվում էր հանցագործություն, առանց օրենքով նախատեսված թույլտվությունների, տեղական ինքնակառավարման մարմինների անօրենությամբ ընկերությունը քանդում էր Մեծ Այրում գյուղին պատկանող արոտավայրերը և հողը օգտագործում պոչամբարի պատվարների բարձրացման համար՝ վնաս հասցնելով գյուղի էկոհամակարգին, արոտավայրերին: Սույն ապօրինությունը կասեցվել է մեր կազմակերպության ուղիղ միջամտությամբ՝ ՏԻՄ -ի վրա հանրային ճնշում իրականացնելու արդյունքում։ Եթե հիմա ևս նույն տարածքներն են դիտարկվում ապագայում քանդելու համար, այդ դեպքում կարող է ստեղծվել նաև տպավորություն, որ խնդիր կա նախկին ապօրինությունների հետքը մաքրել՝ արոտավայրերի արդեն օրինական քանդման միջոցով։
4. 2015 թվականին, ժողովրդի կամքին հակառակ գնալով, Մեծ Այրումի ՏԻՄ-ը 12.1 հա արոտավայր հանդիսացող հողի կարգը փոխեց գյուղատնտեսականից արդյունաբերականի նոր պաչամբարի կառուցման համար: Ճոճկան գյուղի վարչական տարածքին պատկանող մոտ 30 հա արոտավայրի կարգը ևս փոխվեց արդյունաբերականի նույն նպատակով: Բարեբախտաբար ծավալված քաղաքացիական պայքարի արդյունքում նոր պոչամբար չհաջողվեց կառուցել։ Համայնքների արոտավայրերի ծավալներն անսպառ չեն։
5. Ռեկուլտիվացիայի համար պետք է օգտագործել միմիայն արդեն իսկ արդյունաբերական հանդիսացող տարածքների հողերը, որոնք պատկանում են ընկերությանը, կամ հողը կարող է գնվել այլ արդյունաբերական նպատակով արդեն իսկ օգտագործվող տարածքներից։
6. Այն պնդումը, որ եթե մոտ տարածքից ռեկուլտիվացիայի համար հող վերցնեն, ասֆալտապատ ճանապարհը չի փչանա, մեղմ ասած, ժպիտ է առաջացնում։ Ճանապարհը արդեն տարիներ շարունակ օգտագործվում է, այդ թվում բավականաչափ շատ է օգտագործվել ընկերությանը պատկանող ծանր տեխնիկայի համար, և արդեն իսկ բավականաչափ մաշված է։
Այդ պատճառով պոչամբարի ռեկուլտիվացիոն աշխատանքների իրականացման նախագծում անհրաժեշտ է, որ ընկերությունը ներառի ճանապարհի վնասված հատվածների վերանորոգման ծրագիր, որը պետք է իրականացվի ռեկուլտիվացիոն աշխատանքներն ավարտելուց հետո։
Հողը միանշանակ պետք է բերվի դրսից, ոչ թե համայնքի վարչական տարածքից։
7. Ռեկուլտիվացիայի մասնակի իրականացումը ինքնին պարզ չէ, թե իրենից ինչ գործընթաց է ներկայացնում, արդյո՞ք այն նախատեսված է ռեկուլտիվացիայի նախագծով և ինչ էֆֆեկտ է ունենալու: Այդ հարցերը քննարկման և ուսումնասիրման կարիք ունեն։
Ամենայն պատասխանատվությամբ, Մեծ Այրումին նոր էկոլոգիական և գյուղատնտեսական վնասներ չեն հասցվելու, արոտավայրեր չեն քանդվելու, և առաջարկում ենք հրաժարվել համայնքին նոր վնասներ հասցնող այդ մտադրությունից»։
Լուսանկարը՝ Օլեգ Դուլգարյանի ֆեյսբուքյան էջից, 2015 թ-ի մարտին Մեծ Այրումի արոտավայրերը քանդելու գործընթացից
Մարտ 13, 2020 at 18:13