ՀՀ Ազգային ժողովի հանձնաժողովը մերժեց պատգամավորների նախաձեռնությունը՝ ժամանակավոր արգելել մետաղական հանքավայրերի նոր թույլտվությունների տրամադրումը

ՀՀ Ազգային ժողովի հանձնաժողովը մերժեց պատգամավորների նախաձեռնությունը՝ ժամանակավոր արգելել մետաղական հանքավայրերի նոր թույլտվությունների տրամադրումը

ԷկոԼուր

Ս.թ. մարտի 18-ին ՀՀ Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովն առաջին ընթերցմամբ քննարկեց և մերժեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Վարազդատ Կարապետյանի, Լենա Նազարյանի և Մերի Գալստյանի օրենսդրական նախաձեռնությունը՝ դադարեցնել մետաղական օգտակար հանածոների արդյունահանման նոր թույլտվությունների տրամադրումը մինչև 2021 թ-ի դեկտեմբերի 31-ը:

Հանձնաժողովը բացասական եզրակացություն տվեց «ՀՀ ընդերքի մասին օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» և «ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» օրինագծերի փաթեթին: Փաստաթղթի նպատակն է մինչև վերոնշյալ ժամկետի ավարտը լիազոր մարմնի կողմից մշակել և ընդունել ընդերքօգտագործման ոլորտի ռազմավարություն, ռազմավարությունից բխող ընդերքօգտագործման օրենսդրական փոփոխություններ և դրանով պայմանավորված ենթաօրենսդրական ակտեր:

Մերի Գալստյանը նշեց, որ օրենսդրական նախաձեռնության անհրաժեշտությունը կապված է ոլորտի առանցքային բացերի և պետության համար պարունակող ռիսկերի հետ:

«Անհրաժեշտությունը հրատապ է, կարելի է ասել՝ օրհասական, քանի որ առաջին հերթին պայմանավորված է այս ոլորտի երկարաժամկետ ազդեցություններով և պետության համար դրանց երկարաժամկետ ռիսկերով: Նախագիծը կոչված է նվազագույնի հասցնել ռիսկերը պետության համար:

Ամրագրված են հետևյալ երկու պահանջները. շրջակա միջավայրի պահպանության ոլորտում լիազոր մարմնին առաջարկում ենք օրենքի նախագծի ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում հրապարակել օգտակար հանածոների արդյունահանման նպատակով արդյունահանման իրավունք ունեցող իրավաբանական անձանց ցանկը, որոնք չունեն շրջակա միջավայրի վրա ազդեցության դրական եզրակացություն, կամ շրջակա միջավայրի վրա ազդեցության դրական եզրակացության տրամադրման պահից ի վեր գործունեություն չեն ծավալել: Օրենքով եթե մեկ տարվա ընթացքում գործունեություն չի ծավալվում, փորձաքննական եզրակացությունը համարվում է ուժը կորցրած: Այս պահանջը լիազոր մարմնի համար ուզում ենք սահմանել, որպեսզի հնարավորինս հանրային հաշվետվողականություն և թափանցիկություն ունենանք այս ոլորտում:

Երկրորդ կետով առաջարկում ենք օրենքի նախագծի ուժի մեջ մտնելուց սկսած մեկամսյա ժամկետում տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը իր պաշտոնական կայքում հրապարակել մետաղական օգտակար հանածոների արդյունահանման նպատակով ընդերքի երկրաբանական ուսումնասիրության իրավունք և մետաղական օգտակար հանածոների արդյունահանման իրավունք ունեցող այն իրավաբանական անձանց ցանկը, որոնց նկատամբ կիրառելի են գրավոր զգուշացում տալու հիմքերը», - ներկայացրեց Մերի Գալստյանը՝ շեշտելով, որ օրենքի նախագծով նվազեցվում են պետության համար ռիսկերը իրավահարաբերությունների կոնտեքստում:

Նա նշեց, որ առաջարկվող մորատորիումը չի վերաբերում այն տնտեսվարողներին, որոնք արդեն իսկ ունեն ընդերքօգտագործման իրավունք և ընդլայնման հայտ են ներկայացնել կամ օրենքի նախագծի ուժի մեջ մտնելու պահին արդեն իսկ դիմել են թույլտվությունների տրամադրման գործընթացի համար:

Հանձնաժողովի անդամները նշեցին, որ օրենսդրական նախաձեռնությունը նպատակահարմար չէ ընդունել այն ժամանակ, երբ երկրում արտակարգ դրություն է, և տնտեսապես ձեռնտու չէ: Մերի Գալստյանը շեշտեց, որ օրենքի նախագծի և ներկայիս իրավիճակի հետ կապ չի տեսնում: Ներկա իրավիճակը օբյեկտիվ կոնտեքստում ներդրումային տեսանկյունից արդեն իսկ բարենպաստ չէ, բացի այդ, դադարը նախատեսվում է երկու տարի ժամկետով, և դա այն ժամանակահատվածն է, որքան տևում է թույլտվությունների փաստաթղթային գործընթացը նոր մետաղական հանքի համար: Այսինքն, այդ երկու տարվա ընթացքում ներդրողը չէր կարող սկսել նոր հանք շահագործել, կարող էր զբաղվել միայն թույլտվությունների գործընթացով:

Ըստ հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանի՝ օրենսդրական նախաձեռնությունը ենթադրում է տնտեսվարման պայմանների վատթարացում տնտեսվարողի համար: «Եթե գործող ընկերությունը ցանկանում է ընդլայնվել, նոր հանք շահագործել, դուք հիմա ասում եք՝ գիտեք ինչ կա՝ դու այս պահից սկսած իրավունք չունես, դա վատթարացում է նշանակում», - ասաց Բաբկեն Թունյանը:

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Լիլիա Շուշանյանը ևս բացասական կարծիք հայտնեց: «Հիմնական խնդրահարույց հարցն այն է, որ «ա» կետից «բ» կետը սահմանելու համար մենք չենք սահմանում «բ» կետը որն է, թիրախավորվում է ներդրումային միջավայր ստեղծելու պետության նպատակը, երկիրը դուրս է մղվում ներդրումների շրջանակից: Մենք կրակում ենք, բայց թիրախը չենք տեսնում: Սա հակազդակ է երկրի համար», - ասաց Լիլիա Շուշանյանը:

«Սա խտրական վերաբերմունք է, ինչո՞ւ ենք միայն մետաղականների վրա տարածում: Սա վատ մեսիջ է ներդրողների համար, ինքը նախադեպ է ստեղծում: Այսօր մետաղական հանքարդյունաբերության վերաբերյալ որոշեցինք, վաղը կարող ենք մեկ ուրիշ ոլորտի վերաբերյալ որոշել: Պետք է հասկանանք՝ մենք այս կոշտ միջոցառմանը գնալու իրավուքն ունենք, թե՝ չունենք: Մենք հիմա պետք է բիզնեսներին փշի-փշի անելով բերենք մեզ մոտ, իսկ մենք բացասական մեսիջ ենք տալիս: Ես կուզենայի, որ մենք կոնսենսուսը գտնենք, բայց փորձել ենք, չի գտնվում», - հավելեց Բաբկեն Թունյանը:

Նշենք, որ օրենսդրական այս նախաձեռնությունը բխում է բնապահպանական հանրության պահանջներից, որը տարիներ շարունակ բարձրաձայնում է մետաղական հանքարդյունաբերության ռիսկերի և հասցված վնասների մասին, պահանջում պատասխանատվություն, թափանցիկություն և հաշվետվողականություն: Սակայն ԱԺ հանձնաժողովի բացասական որոշմամբ շրջանցվեց ոլորտի բարեփոխումների անհրաժեշտությունը՝ շեշտը դնելով տնտեսվարողների շահերի վրա: 

20:40 Մարտ 18, 2020


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news