Փաստաբանը միջնորդել է կարճել Գնդեվազի նախկին համայնքապետի և նրա որդու նկատմամբ հարուցված քրեական գործը

Փաստաբանը միջնորդել է կարճել Գնդեվազի նախկին համայնքապետի և նրա որդու նկատմամբ հարուցված քրեական գործը

ԷկոԼուր

ՀՀ Վայոց ձորի մարզի Գնդեվազ համայնքի նախկին ղեկավար Հայրապետ Մկրտչյանն ու իր որդին՝ Լաերտ Մկրտչյանը, չեն ընդունում մեղադրանքը, որ 146.890.708 դրամի գույքային վնաս են պատճառել Գնդեվազին: Այս մասին նրանք ասել են ս․թ․ մայիսի 5-ին Եղեգնաձոր քաղաքի դատարանում տեղի ունեցած դատական նիստի ժամանակ:

Հիշեցնենք, որ Գնդեվազի նախկին համայնքապետի և նրա որդու նկատմամբ քրեական գործ է հարուցված, որ նախկին համայնքապետը «Գեոթիմ» ՓԲ ընկերության (ներկայումս «Լիդիան Արմենիա») համար կույտային տարրալվացման հարթակի կառուցման վայրի հողատարածքը ձևական աճուրդի միջոցով որդու՝ Լաերտ Մկրտչյանի անվամբ ձեռք է բերել 410.130 դրամով, այնուհետև 147.300.838 դրամով վաճառել է:

Դատական նիստում մեղադրյալների փաստաբան Երեմ Սարգսյանը նշել է, որ մեղադրական եզրակացությունից պարզ չէ, թե որոնք են անզգուշությամբ պատճառված ծանր հետևանքներն ու էական վնասը և ցանկություն հայտնել, որ դատարանը պարզաբանի այդ հանգամանքները:

Նախագահող դատավոր Գառնիկ Ստեփանյանը դիմելով ամբաստանյալներին՝ հարցրել է, թե արդյոք իրենց համար հասկանալի է մեղադրանքը, ինչին ի պատասխան Հայրապետ և Լաերտ Մկրտչյանները բացասաբար են արձագանքել։ 

Դատավորը նշել է «Դատարանը գտնում է, որ այս փուլում դատավարության որևէ մանսակցի որևէ գործողությունների, մասնավորապես՝ մեղադրող կողմին մեղադրանքը պարզաբանելու հարկադիր կարգի իրավասություն դատարանը չունի։ Մեղադրանքի հիմնավորվածությունը՝ թե որն է հանդիսացել անզգուշությամբ ծանր հետևանքներ առաջացրած էական վնասը, դատարանը գտնում է, որ անհրաժեշտ է պարզել գործի դատաքննության ընթացքում»։ 

Ի պատասխան մեղադրող կողմը՝ Գ Մադոյանն, ասել է, որ մեղադրական եզրակցությունը պարզ և հստակ է. «Ինչ վերաբերում է նրան, թե որն է հանդիսանում անզգուշությամբ ծանր հետևանքներ առաջացրած էական վնասը․․․․Մասնավորապես՝ Գնդեվազ համայնքին պատճառվել է 146.890.708 դրամի գույքային վնաս, համայնքի բյուջեն զրկվել է դրամական մուտքերից, ինչպես նաև համայնքային միջոցներն անձնական շահերին ծառայեցնելով՝ հեղինակազրկվել է տեղական ինքնակառավարման մարմնի բարի համբավը, արժեզրկվել են համայնքային ծառայության սկզբունքներն ու նպատակները: Սրանից ավելի պարզ հնարավոր չէ ներկայացնել»։ 

Այնուհետև, մեղադրյալ Հայրապետ և Լաերտ Մկրտչյանների փաստաբան Երեմ Սարգսյանը հանդես է եկել միջնորդությամբ՝ պահանջելով կարճել քրեական գործը և դադարեցնել իր պաշտպանյալների նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումը։

«Գտնում եմ, որ քրեական գործ հարուցելու պահին և դրանից առաջ, որպես խափանման միջոց ընտրելուց առաջ, որպես մեղադրյալ ներգրավելուց առաջ, Հայրապետ և Լաերտ Մկրտչյաններին մեղադրանք առաջադրելուց առաջ լրացել էին քրեական պատասխանատվության ենթարկելու ժամկետները։ Քրեական գործ հարուցելու, ինչպես նաև Հայրապետ և Լաերտ Մկրտչյանների հանդեպ քրեական հետապնդում իրականացնելու մասին միջդատական վարույթ իրականացնողի վարույթներն անօրինական են և ոչ իրավաչափ, քանի որ դրանք կայացել են քրեական պատասխանատվության ենթարկելու ժամկետներն անցնելու պայմաններում։ Նկատի ունենալով, որ վաղեմության ժամկետներն անցած լինելու պայմաններում անօրինական գործ է հարուցվել և մեղադրանք առաջադրվել, ամբողջ վարույթն ի սկզբանե անօրինական է։ Հետևաբար, միջնորդում եմ որոշում կայացնել քրեական գործը կարճելու և ամբաստանյալների նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումը դադարեցնելուն»,- ասել է Երեմ Սարգսյանը։ 

Դատարանը որոշել է միջնորդությունը քննարկել հաջորդ դատական նիստին, որը կկայանա սթ մայիսի 26-ին, ժամը՝ 16։00-ին։

Տեսանյութը՝ Վայոց ձորի լրատվական



Մայիս 08, 2020 at 15:38


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր