Ախթալայի ԼՀԿ-ի ներկայացուցիչներն և Մեծ Այրումի բնակիչները հրավիրվել են ոստիկանություն՝ «Նահատակ» պոչամբարի վերաբերյալ բանակցելու

Ախթալայի ԼՀԿ-ի ներկայացուցիչներն և Մեծ Այրումի բնակիչները հրավիրվել են ոստիկանություն՝ «Նահատակ» պոչամբարի վերաբերյալ բանակցելու

ԷկոԼուր

«Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատ» ՓԲԸ-ի տեխնիկան կրկին «Նահատակ» պոչամբարի մոտ է, ցանկանում են պոչամբարի պատվարի բարձրացման աշխատանքներ իրականացնել։ Այրումեցիները կրկին հավաքվել են և չեն թույլատրում տեխնիկային աշխատել։ Այս մասին ս․թ․ մայիսի 15-ին իր ֆեյսբուքյան էջում ահազանգել է «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ի նախագահ Օլեգ Դուլգարյանը։ 

«SOS Մեծ Այրում

Այս ամենն արդեն նման է պրովոկացիայի: Այս պահին Մեծ Այրումի բնակիչների մի խումբ կրկին ստիպված փակել է տեխնիկայի շարժը դեպի պոչամբար այն դեպքում, երբ իրենք արդեն երկու օր է՝ արտահայտում են իրենց դիրքորոշումը, երբ իրենց դիրքորոշումը երեկ ներկայացրել են ընդհուպ իրենց հետ հանդիպած ոստիկանապետին:

Այսինքն, ընկերությունը հստակ իմանալով, որ գյուղացիները դեմ են պոչամբարի պատվարի բարձրացմանը, կրկին նույնն են անում։ Կասկածներ ունեմ, որ դա արվում է նրա համար, որպեսզի ակտիվիստների վրա ճնշում սկսեն իրականացնել վարչական վարույթներով:

Կոչ եմ անում երկխոսել բնակիչների հետ, լսել և ընդառաջ գնալ նրանց պահանջներին, այլ կերպ այս ամենը սովորական պրովոկացիա է ընկալվում»,- գրել է նա։

Մեծ Այրումի բնակիչ Արայիկ Ղազարյան ԷկոԼուրի հետ զրույցում նշեց․ «Մենք թույլ չենք տալու պատվարը բարձրացնել։ Միայն էդ կռանն է իրա վարորդով։ Ընկերությունից ուրիշ մարդ չկա դեռ։ Գյուղացիները բոլորն էլ դեմ են պոչամբարի բարձրացմանը»։ Մեկ այլ բնակիչ էլ նշեց, որ կռունկով մետաղական կոնստրուկցիաներ են բերել՝ պոչամբարի դիտարկման աշտարակը բարձրացնելու համար։ 

Քիչ անց ԷկոԼուրի հետ կապվեց Օլեգ Դուլգարյանը և հայտնեց, որ Մեծ Այրում է ժամանել Ոստիկանության Լոռու մարզի Թումանյանի բաժնի պետի տեղակալը՝ կոչ անելով խնդրի կարգավորման նպատակով երկուշաբթի օրը երկու կողմին հանդիպել Ոստիկանության բաժանմունքում։ 

«Երկու կողմին էլ հրավիրել է վաղը Ոստիկանությունում բանակցելու, թե ինչ է կատարվում, ինչի համար։ Բայց ինչո՞ւ պետք է Ոստիկանությունում բանակցեն, եթե քաղաքացիական խնդիր է։ Ես խորհուրդ եմ տալու Ոստիկանություն չգնալ։ Կարծում եմ, որ քաղաքացիական արտահայտման ձև է։ Ոչ թե ոստիկանական տիրույթում լուծվելու խնդիր է, այլ՝ ընկերություն-համայնքի բնակիչներ, համայնքի բնակիչներ-տեղական ինքնակառավարման մարմնիններ մակարդակում պետք է խնդիրը լուծել։ Ոստիկանության միջնորդի դերը տեղին չէ։ Ըստ բնակիչների՝ կասկածներ է  հարուցում, որ փորձ է արվում հոգեբանական ճնշում գործադրել»,- ասաց նա։ 

Նշենք, որ երեկ էլ Մեծ Այրում գյուղ էր ժամանել Ոստիկանության Լոռու մարզի Թումանյանի բաժնի պետը և հորդորել տեղի բնակիչներին Նահատակի պոչամբարի վերաբերյալ բողոք ունենալու դեպքում դիմել իրենց: 

«Նահատակ» պոչամբարը, համաձայն «Ախթալայի հարստացուցիչ ֆաբրիկայի բացհանքի արդյունահանված տարածքում պոչերի պահեստավորման աշխատանքային նախագծի շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության»-ը ՀՀ բնապահպանության նախարարության կողմից տրված 14.11.2017թ. ԲՓ 100 փորձաքննական եզրակացության՝ 2018թ-ի հոկտեմբերից պետք է ռեկուլտիվացվեր։  Սակայն Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատը, չկատարելով բնապահպանական փորձաքննական եզրակացության պահանջը, շարունակում է մինչ օրս թափոնները կուտակել պոչամբարում, քանի որ բաց հանքի տարածքում պոչերի չոր եղանակով պահեստավորման իր ծրագիրը մեծ հաշվով ձախողվել է:

Մայիս 15, 2020 at 12:37


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր