Ահազանգ՝ Արմանիսի չգործող հանքի տարածքից ծանր մետաղներով աղտոտված ջրերն ու թթվային դրենաժն աղտոտում են Ձորագետը

Ահազանգ՝ Արմանիսի չգործող հանքի տարածքից ծանր մետաղներով աղտոտված ջրերն ու թթվային դրենաժն աղտոտում են Ձորագետը

ԷկոԼուր

ՀՀ Լոռու մարզում գտնվող Արմանիսի  ոսկի-բազմամետաղային հանքավայրի տարածքից դուրս եկող ծանր մետաղներով աղտոտված ջրերն ու թթվային դրենաժը լցվել են Ձորագետ՝ դարչնագույն երանգ հաղորդելով գետին։ Գետի աղտոտման մասին հուլիսի 8-ին ահազանգ տարածեց Ստեփանավանի համայնքապետարանը՝ նշելով, թե գետի երեք հատվածներից վերցված ջրի նմուշները կուղարկվեն փորձաքննության։

«Բնակիչներն ահազանգում են, որ Արմանիսի հանքավայրից Ձորագետ են լցվում անհասկանալի նյութեր' մեծ քանակությամբ: Այսօր Ստեփանավանի քաղաքապետը' համապատասխան հանձնաժողովի և ոստիկանության ներկայացուցչի հետ այցելել է Ձորագետի այն հատվածը, որտեղ լցվում են թափոնները: Նշված տարածքում պարզ է դառնում, որ ծանր մետաղների պարունակությամբ ջուրն անարգել լցվում է գետը՝փոխելով ջրի գույնը, բացի դա, նույն վայրում տեսանելի են չորացած ծառեր, որը, հավանաբար, այդ թափոնների հետևանք է: Նշենք, որ նման ահազանգ հնչում է ոչ առաջին անգամ: Քաղաքապետարանում կազմված հանձնաժողովի ներկայացուցիչները, գետի երեք հատվածներից ջուր են վերցրել, որը կուղարկվի փորձաքննության, իսկ կազմված արձանագրությունը կուղարկվի Լոռու մարզպետարան: Ստեփանավանի համայնքապետարանը հորդորում է հանքի պատասխանատուներին օր առաջ միջոցներ ձեռնարկել այս աղետը կանխելու ուղղությամբ»,- իր կայքում հայտարարություն է հրապարակել Ստեփանավանի համայնքապետարանը:

Արմանիսի ոսկի-բազմամետաղային հանքավայրը 2011 թ․ սկսեց շահագործել «Գլոբալ Մեթալզ (ԱՐՄ) Լիմիթեդ» ընկերությունը՝ ի դեմս «Սագամար» ՓԲԸ-ի։ Ընկերությունը ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության հետ կնքած N ՊՎ-093 պայմանագրով պարտավորվել էր ապահովել ընդերքի, մթնոլորտի, հողի, անտառների, ջրերի ու բնության և շրջակա միջավայրի մյուu oբյեկտների, ինչպեu նաև շինությունների, պատմամշակութային հուշարձանների պահպանությունն ընդերքoգտագործման հետ կապված աշխատանքների վնաuակար ազդեցությունից: Սակայն ինչպես հանքի շահագործման ընթացքում, այնպես էլ հանքի շահագործման դադարեցումից հետո ԷկոԼուրը բազմաթիվ ահազանգեր է ստացել հանքարդյունաբերական կեղտաջրերով Ձորագետի աղտոտման, ձկների անկման մասին:

2015թ․ «Սագամար» ընկերությունը բնապահպանական փորձաքննության ներկայացրեց Արմանիսի հանքի ընդլայնման ծրագիրը, ստացավ դրական եզրակացություն, սակայն առանց որևէ հիմնավորման դադարեցրեց հանքի շահագործումը, թեպետ ընդերքօգտագործման պայմանագրի համաձայն, մինչև 2049թ-ը ընկերությունը պետք է շահագործեր հանքը:

Ահազանգի առնչությամբ ԷկոԼուրը դիմել է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին: 

Լուսանկարը՝ Ստեփանավանի համայնքապետարանի

22:44 Հուլիս 08, 2020


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news