Ախթալայում տեղի կունենան «Նահատակ» պոչամբարի ռեկուլտիվացման հայտի հանրային լսումները

Ախթալայում տեղի կունենան «Նահատակ» պոչամբարի ռեկուլտիվացման հայտի  հանրային լսումները

ԷկոԼուր

«Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատ» ՓԲԸ-ն որոշել է ռեկուլտիվացնել Լոռու մարզի Մեծ Այրում և Ճոճկան բնակավայրերի միջև գտնվող «Նահատակ» պոչամբարը: Հուլիսի 28-ին՝ ժամը 13:00-ին, Լոռու մարզի Ախթալայի համայնքապետարանում տեղի կունենան «Նահատակ» պոչամբարի ռեկուլտիվացման` շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման (ՇՄԱԳ) հայտի վերաբերյալ հանրային լսումները (1-ին փուլ):

Այս պոչամբարն պետք է ռեկուլտիվացված լիներ 2020թ-ի մարտի 1-ի դրությամբ՝ համաձայն ՀՀ շրջակա միջավայրի նախարարության կողմից տրված «Ախթալայի հարստացուցիչ ֆաբրիկայի բացհանքի արդյունահանված տարածքում պոչերի պահեստավորման աշխատանքային նախագծի շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվություն» 14.11.2017թ. h. ԲՓ-100 փորձաքննական եզրակացության, ինչը չարվեց: Խնդրի առնչությամբ Բնապահպանական հանրային դատարանը հանրային դատ անցկացրեց 2020թ-ի փետրվարի 26-ին՝ քննելով «Նահատակի» պոչամբարի շարունակական ազդեցությունը շրջակա միջավայրի և մարդկանց առողջության վրա» գործը: Դատարանը «Նահատակ» պոչամբարի շահագործման թույլտվությունների տրամադրման, այն չկոնսերվացնելու և չռեկուլտիվացնելու, դրա նկատմամբ վերահսկողության, մոնիթորինգի հետ կապված օրինախախտումները, որոնք Հայաստանում և տարածաշրջանում հանգեցրել են բնապահպանական աղետի և սոցիալ-տնտեսական ճգնաժամի, վնասել են մարդկանց առողջությունը, ճանաչեց որպես բնության, մարդու և պետության դեմ ուղղված հանցագործություն: Վճիռն ուղարկվեց ՀՀ կառավարություն և ՀՀ դատախազություն: Բնապահպանական հասարակական կազմակերպությունները «Նահատակ» պոչամբարի պատվարի շարունակաբար բարձրացման առնչությամբ ահազանգեցին ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին: Տեսչական մարմնից արձագանք չստացվեց: ՀՀ դատախազությունից հայտնեցին, որ 2020թ-ին ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը տեսչական ստուգում կիրականացնի «Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատ» ՓԲԸ-ում, իսկ ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը տեղեկացրեց, թե որ դեպքում է փորձաքննական եզրակացությունն ուժը կորցրած ճանաչում, որ առաջարկվել է «Ախթալայի ԼՀԿ» ՓԲ ընկերությանը վերանայել մոնիթորինգային ծրագիրը և այլն:

Այժմ հայտարարվում է, որ պոչամբարը պետք է ռեկուլտիվացվի:

«Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատ» ՓԲԸ-ի հայտի համաձայն՝ աշխատանքները նախատեսվում է սկսել նախագծին դրական եզրակացության ստանալուց հետո և ավարտին հասցնել 2.4 տարվա ընթացքում: Միևնույն ժամանակ առաջարկվում է կազմակերպել չոր պոչերի պահեստավորում բացահանքի արդյունահանված տարածքում, ինչը մինչ այս էլ նախատեսված էր: Պոչամբարի ռեկուլտիվացիայի ենթակա մակերեսը կազմում է 17.83 հա: Նախատեսվում է պոչամբարի տարածքը բաժանել երեք մասի, իսկ ռեկուլտիվացման աշխատանքները կատարել երկու փուլով: Առաջին փուլում ռեկուլտիվացվելու է պոչամբարի փաստացի չոր մակերևույթով շեպը (3,54 հա) և չորացած հորիզոնական հարթակը (7,41 հա), իսկ երկրորդ փուլում` ներկայումս դեռևս չչորացած հարթակը և ամբարտակից ներքև պարզեցման լճակը (6.88 հա):

Նախատեսվում է իրականացնել պոչամբարի հարթակների հարթեցում: Հարթեցման գործընթացում մթնոլորտային տեղումների հեռացման համար հարթակներին պետք է տրվի դեպի ջրահեռացման առուն 0.3% թեքություն: Հարթակների հարթեցված մակերևույթների վրա փռվելու է մեկուսացնող պոլիէթիլենային թաղանթ` գեոմեմբրան՝ 0.3-0.4 մմ հաստությամբ: Ըստ հայտի՝ այն կբացառի ինչպես մթնոլորտային տեղումների ներթափանցումը դեպի պոչանքներ, այնպես էլ` պոչամբարի զանգվածում առկա ջրերի ներթափանցումը մեմբրանից վերև` ռեկուլտիվացված շերտ: Այնուհետ կիրականացվի ապարների փռում գեոմեմբրանի վրա` 50 սմ հաստությամբ շերտով: Որպես փռվող հումք կարող են օգտագործվել «Ախթալայի ԼՀԿ» ՓԲԸ-ի Շամլուղի բացահանքի լցակույտի մակաբացման ապարները: Պատնեշի շեպի մակերեսի վրա ապարների շերտ չի փռվի. ռեկուլտիվացիան կիրականացվի հիդրոցանքի եղանակով:

Նախագծով նաև նախատեսվում է ռեկուլտիվացված պոչամբարի տարածքը ցանկապատել 2մ բարձրությամբ և 2630մ ընդհանուր երկարությամբ փշալարե ցանկապատով: Ռեկուլտիվացման աշխատանքներին զուգահեռ պետք է կատարվի պոչա¬տարի երկու գծերի ապամոնտաժում, իսկ թունելների ելքը և մուտքը փակվի ճաղավանդակներով:
Ըստ հայտի` ռեկուլտիվացիայի ժամանակահատվածում որպես բնապահպանական միջոցառումներ նախատեսվում է իրականացնել գրունտը և հողի բերրի շերտը տեղափոխող մեքենաների թափքի ծածկում, շոգ և չոր եղանակին հերթափոխի ընթացքում առնվազն մեկ անգամ ջրցանել տարածքը:
Պոչամբարի ռեկուլտիվացիայից հետո 5 տարվա ընթացքում պետք է իրականացվի Նահատակ գետի ջրերի եռամսյա և պոչամբարի տարածքում հողերի աղտոտվածության վեցամսյա մշտադիտարկումներ: Հողի ու ջրի մշտադիտարկման արժեքը տարեկան կկազմի 2 միլիոն 416 հազար 800 դրամ, իսկ հինգ տարվա համար` 12 միլիոն 84 հազար դրամ:
Լեռնատեխնիկական և կենսաբանական ռեկուլտիվացման աշխատանքների նախահաշվային արժեքն ավելացված արժեքի հարկի (ԱԱՀ) հետ միասին կազմելու է 597 միլիոն 851 հազար 800 դրամ:
Հիշեցնենք, որ տարիներ առաջ ռեկուլտիվացվեց «Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատ» ՓԲԸ-ի շահագործած «Նազիկ» պոչամբարը, վրան տնկվեցին ծառեր: Ներկայումս այս պոչամբարը վերառեկուլտիվացման կարիք ունի:

18:19 Հուլիս 27, 2020


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news