ՀՀ շրջակա միջավայրի նախարարության դիրքորոշումը՝ Ամուլսարի ծրագրի վերաբերյալ Բեռնի կոնվենցիայի քարտուղարությանն ուղարկված ՀԿ-ների բողոքի առնչությամբ

ՀՀ շրջակա միջավայրի նախարարության դիրքորոշումը՝ Ամուլսարի ծրագրի վերաբերյալ Բեռնի կոնվենցիայի քարտուղարությանն ուղարկված ՀԿ-ների բողոքի առնչությամբ

ԷկոԼուր

ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը Բեռնի կոնվենցիայի քարտուղարությանն է ներկայացրել իր դիրքորոշումը Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի շահագործման ծրագրի վերաբերյալ հասարակական կազմակերպությունների բողոքի վերաբերյալ:

Հիշեցնենք, որ «ԷկոԼուր» տեղեկատվական, «Հայաստանի անտառներ», «Կանաչ Հայաստան» ՀԿ-ները և CEE Bankwatch Network միջազգային ցանցը՝ ի դեմս կենսաբազմազանության անկախ փորձագետ Անդրեյ Ռալեֆի, 2020թ. մարտին բողոք էին ուղարկել Բեռնի կոնվենցիայի քարտուղարություն: Բողոքում մասնավորապես նշված է, որ ՀՀ կառավարությունը խախտել է Բեռնի կոնվենցիայի 4-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերը, 5-րդ և 6-րդ կետերը՝ տալով թույլտվություններ Ամուլսարի ոսկու նախագծին և թույլ տալով նշանակալից ազդեցություն Մշտական հանձնաժողովի 4-րդ բանաձևով (1996թ.) և 6-րդ բանաձևով (1998թ.) պաշտպանվող բնակմիջավայրերի և տեսակների վրա: Նախագիծն արդեն իսկ տեղակայված է և ունի ազդակիր տարածքներ Էմերալդի «Ջերմուկ տարածք»-ում (AM0000009), իսկ հետագայում կարող է նշանակալից ազդեցություն թողնել այլ Էմերալդ տարածքների վրա՝ «Սևան» ազգային պարկ (AM0000002) և «Գորհայք տարածք» (AM0000002). բոլոր երեք տարածքները Բեռնի կոնվենցիայի մշտական հանձնաժողովի կողմից ստացել են ԲՀՀՏ-ի թեկնածուի կարգավիճակ: ՀՀ կառավարությունն անտեսել է Էմերալդ տարածքների վրա ազդեցություն թողնող ծրագրերի գնահատման ընթացակարգերը՝ չիրականացնելով պաշտպանության ենթակա տեսակների և բնակմիջավայրերի պատշաճ գնահատում, իսկ ՇՄԱԳ հաշվետվություններում կիրառված են մեթոդաբանություններ, որոնք խախտում են Բեռնի կոնվենցիան և անհամատեղելի են Էմերալդ ցանցի հետ:

Այս կապակցությամբ ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Իրինա Ղափլանյանի 21.07.2020թ. թիվ 4/08.8/8058 նամակում նշված է.

«Հարգելի գործընկերներ,

ՀՀ Շրջակա միջավայրի նախարարությունն իր հարգանքներն է հղում Եվրոպայի վայրի բնության և բնական միջավայրի պահպանության մասին կոնվենցիայի քարտուղարությանը և հայտնում իր երախտագիտությունը համաշխարհային բնության պահպանման գործում երկրներին համախմբելու շուրջ ամուր համագործակցության և ունեցած ներդրման համար:

Ինչ վերաբերվում է Անդրեյ Ռալեվի բողոքին՝ ներկայացված «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի, «Հայաստանի անտառներ» ՀԿ-ի, «Կանաչ Հայաստան» ՀԿ-ի, «CEE Bankwatch» ցանցի անունից, կցանկանայի ձեր ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ այդ հարցը մեր օրակարգում է:

2008թ.՝ Բեռնի կոնվենցիայի ստորագրումից և վավերացումից ի վեր, Հայաստանն աշխատել է Էմերալդ ցանցի հիմնադրման ուղղությամբ՝ Բեռնի կոնվենցիայի 4-րդ բանաձևի (1994թ.) և 6-րդ բանաձևի (1998թ.) համաձայն: Համապատասխանաբար, 2017թ. Կոնվենցիայի քարտուղարություն ներկայացվել է Էմերալդ ցանցի թեկնածու տարածքների նոր ցանկը Հայաստանի Հանրապետության համար (վերբեռնված է այստեղ):

Ներկայացված թեկնածու տարածքների ցանկը մշակվել է մասնագետների և փորձագետների համատեղ ջանքերով, ընդ որում, առաջարկվել է և´ ընդլայնել նախկինում ներկայացված տարածքների սահմանները, և´ ներառել նոր տարածքներ: Արդյունքում, թեկնածու տարածքների նոր ցանկը կազմել է ավելի քան 1 միլիոն հա տարածք ունեցող 23 պոտենցիալ տարածք, որը կազմում է Հայաստանի Հանրապետության ողջ տարածքի 34,7%-ը` ներառյալ «Ջերմուկ տարածքը», «Սևան» ազգային պարկը, «Գորհայք» տարածքը և այլ տարածքներ, որտեղ ընթանում են խոշոր արդյունաբերական և տնտեսական աշխատանքներ:

Թեկնածու տարածքների վերոնշյալ ցանկը պաշտոնապես համաձայնեցված չէր ո՛չ Շրջակա միջավայրի նախարարության (նախկին Բնապահպանության նախարարություն) հետ, ոչ էլ շրջանառվել էր համապատասխան այլ պետական գերատեսչական մարմինների հետ նախքան Բեռնի կոնվենցիայի քարտուղարություն ներկայացնելը: Մենք ներկայումս հետաքննում ենք այս ընթացակարգային խախտումը և հաջորդաբար միջոցներ կձեռնարկենք դրա լուծման ուղղությամբ:

Կցանկանայի նշել նաև, որ մի շարք փորձագետներ և մասնագետներ, ովքեր մասնակցում էին թեկնածու տարածքների մշակման նախագծին, պայմանագրային կերպով ներգրավված էին որպես «Լիդիան Արմենիա» ընկերության Ամուլսարի ոսկու հանքավայրի ՇՄԱԳ-ի մշակման փորձագետներ: Այս հանգամանքը ենթակա է հետագա հետաքննության նախարարության կողմից և, հնարավոր է, որ նաև այլ համապատասխան մարմինների կողմից:

Հաշվի առնելով այս ամենը, ինչպես նաև այն փաստը, որ Կոնվենցիայի շրջանակներում կազմակերպված տարբեր միջոցառումների ընթացքում քննարկվել է Էմերալդ ցանցի թեկնածու տարածքների վերանայման հարցը՝ Շրջակա միջավայրի նախարարությունը նախաձեռնել է նախկինում ներկայացված ցուցակի վերանայում և օպտիմալացում:

Թեկնածու տարածքներին առնչվող ապացուցողական, ստույգ և համապատասխան տվյալներ ապահովելու համար պահանջվում են լրացուցիչ ծավալուն դաշտային աշխատանքներ: Նշված գործողություններն իրականացնելուց հետո Շրջակա միջավայրի նախարարությունը կներկայացնի և պաշտոնապես Կոնվենցիայի քարտուղարությանը կփոխանցի Էմերալդ ցանցի թեկնածու տարածքների օպտիմալացված ցուցակը:

Թույլ տվեք ևս մեկ անգամ կրկնել, որ մենք հավատարիմ ենք Բեռնի կոնվենցիայով ստանձնած մեր պարտավորություններին և պատրաստ ենք տրամադրել ցանկացած լրացուցիչ տեղեկատվություն այս խնդրի վերաբերյալ:

Իրինա Ղափլանյան՝ Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ»:

Նշենք, որ ՀՀ շրջակա միջավայրի նախարարության դիրքորոշումը պետք է քննարկվի սույն թվականի սեպտեմբերի 15-16-ին տեղի ունենալիք Բեռնի կոնվենցիայի բյուրոյի 2-րդ նիստի ընթացքում:

20:05 Հուլիս 29, 2020


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news