«Առողջ Հրազդան»-ը ՀՀ Էներգետիկայի և բնական պաշարների նախարարից պահանջում է հետ կանչել «Ֆորչն Ռիզորսիս»-ին տրված լեռնահատկացման ակտը

«Առողջ Հրազդան»-ը ՀՀ Էներգետիկայի և բնական պաշարների նախարարից պահանջում է  հետ կանչել «Ֆորչն Ռիզորսիս»-ին տրված լեռնահատկացման ակտը

ԷկոԼուր

«Առողջ Հրազդան խումբ» քաղաքացիական նախաձեռնությունը ՀՀ Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանից պահանջում է հետ կանչել 2012թ-ին հոկտեմբերի 20-ին «Ֆորչն Ռիզորսիս» ՍՊԸ-ին տրված լեռնահատկացման ակտը, լուծարել նույն թվականին կնքված ընդերքօգտագործման պայմանագիրը և անվավեր ճանաչել «Նագին» ՍՊԸ-ի կողմից «Ֆորչն Ռիզորսիս» ՍՊԸ-ին տրված հանքարդյունահանման հատուկ լիցենզիան:

Հիշեցնենք, որ Հրազդանի երկաթահանքը պատրաստվում էր շահագործել «Նագին» ՍՊԸ-ն: Հետագայում ընկերությունը շահագործման իր իրավունքը վաճառել է չինական «Fortune Oil» ընկերությանը, որի հայաստանյան ներկայացուցիչը  «Ֆորչն Ռիզորսիս» ՍՊԸ-ն է:

Խումբը նախարարին էր դիմել նաեւ սույն թվականի օգոստոսի 20-ին եւ սեպտեմբերի 11-ին, սակայն ինչպես նշված է նախաձեռնության նամակում, հիմնական հարցադրումները մնացել են անպատասխան:

« … կրկին հնչեցնում ենք հարցը. ի՞նչ հիմնավորմամբ «Նագին» ՍՊԸ-ին տրամադրված հանքարդյունահանման հատուկ լիցենզիայի կիրառությունը «Ընդերքն օգտակար հանածոների շահագործման նպատակով արդյունահանման տրամադրելու (կոնցեսիայի) մասին» օրենքի 32 հոդվածի պահանջների հիմքով 2010 թ-ից չի դադարեցվել:

Ձեր տրամադրած փաստաթղթերի ուսումնասիրությունից լրացուցիչ պարզվեց, որ սույն լիցենզիան անվավեր է նաև այն պատճառով, որ «Նագին» ՍՊԸ-ն չի ստացել լեռնահատկացման ակտ:

Փաստը հիմնավորվում է վերը նշված օրենքի 21 հոդվածի`  օգտակար հանածոյի արդյունահանման համար լեռնահատկացումը տրվում է ընդերքօգտագործման իրավունքի տրամադրման հետ միաժամանակ և ընդերքօգտագործման իրավունքի բաղկացուցիչ մասն է, և լիազոր մարմնի ու «Նագին» ՍՊԸ-ի միջև կնքված լիցենզիոն պայմանագրի (N 427 10 մարտ 2009թ. 6.1 կետ). պայմանագիրն ուժի մեջ է մտնում կնքման պահից, հանքային իրավունքը ձևավորող փաթեթի առկայությամբ (լիցենզիա, նախագիծ, լիցենզային պայմանագիր, լեռնահատկացման ակտ) կետերի իրողությամբ:

«Նագին» ՍՊԸ-ին տրամադրված հանքարդյունահանման հատուկ լիցենզիան անվավեր ճանաչելու հիմք է նաև Հրազդանի երկաթահանքի շահագործման նախագծում բերված բացահայտ սուտ տեղեկությունը, ըստ որի «Հրազդանի երկաթահանքը գտնվում է Հրազդան քաղաքից 1.5 կմ հյուսիս-արևելք»: Հանքը իրականում գտնվում է Հրազդան քաղաքի կենտրոնում, բնակելի տների հեռավորությունը հանքից չի անցնում 700-800 մետրը: Ավելին, երկրաբանական վերջին ուսումնասիրության համար կնքած N008 պայմանագրի չափորոշիչներով հանքի սահմանների հեռավորությունը բնակելի տներից ու 250 հազ. բնակչի սպասարկող խմելու ջրի աղբյուրներից չի գերազանցում 200-500 մետրը:

Բերված փաստերը հավաստում են, որ «Նագին» ՍՊԸ-ի` Հրազդանի երկաթահանքի շահագործման իրավունքը վկայող փաստաթղթերը անվավեր են և չեն կարող իրավահաջորդության (ինչի հիմքերը ևս բացակայում են) իրավական հիմքով փոխանցվել «Ֆորչն Ռիզորսիս» ՍՊԸ-ին: 

Վերը նշված անառարկելի հիմնավորումներով պահանջում ենք հետ կանչել «Ֆորչն Ռիզորսիս» ՍՊԸ-ին 20.10.2012թ-ին տրված լեռնահատկացման N ԼՎ-169 ակտը, լուծարել նույն թվականին կնքված ընդերքօգտագործման N ՊՎ-169 պայմանագիրը և հավաստել  իրավահաջորդության իրավական հիմքով «Ֆորչն Ռիզորսիս» ՍՊԸ-ին անցած`  «Նագին» ՍՊԸ-ին 26.01.2007թ-ին տրված ՀԱ-14/453 հանքարդյունահանման հատուկ լիցենզիայի անվավերականությունը»,- նշված է նամակում:

Հոկտեմբեր 14, 2013 at 10:38


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր