«Առողջ Հրազդան» խումբը Հրազդանի երկաթահանքի շահագործման հարցով կդիմի ՀՀ կառավարությանը

«Առողջ Հրազդան» խումբը Հրազդանի երկաթահանքի շահագործման հարցով կդիմի ՀՀ կառավարությանը

ԷկոԼուր

«Առողջ Հրազդան խումբ» քաղաքացիական նախաձեռնությունը Հրազդանի երկաթահանքի շահագործման հարցով կդիմի ՀՀ կառավարությանը: Սա այն դեպքում, եթե ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունը hետ չկանչի «Ֆորչն Ռիզորսիս» ՍՊԸ-ին տրված օգտակար հանածոների արդյունահանման թույլտվությունը՝ հատուկ լիցենզիայի փաստացի անվավեր վիճակում գտնվելու հիմքով:

Հիշեցնենք, որ Հրազդանի երկաթահանքը պատրաստվում էր շահագործել «Նագին» ՍՊԸ-ն: Հետագայում ընկերությունը շահագործման իր իրավունքը վաճառել է չինական «Fortune Oil» ընկերությանը, որի հայաստանյան ներկայացուցիչը  «Ֆորչն Ռիզորսիս» ՍՊԸ-ն է:

Խումբը նոյեմբերի 19-ին հերթական նամակն է ուղղել ՀՀ էներգետիակյի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանին, որտեղ ասված է.

« « Առողջ Հրազդան» խմբի անդամները Ձեր կողմից` իբրև պետական լիազորված մարմին, հստակ ջանադրություն են նկատում հիմնավորելու «Նագին ՍՊԸ»-ին տրված Հրազդանի երկաթահանքի արդյունահանման լեռնահատկացման հատուկ լիցենզիայի վավերականությունը, սակայն Ձեր փաստարկները մնում են անհամոզիչ:
Ցավում ենք նույն միտքը պարբերաբար արծարծելու համար, սակայն նախարարությունը համառորեն չի ընդունում այն բացահայտ իրողությունը, որ «Նագին ՍՊԸ»-ին տրված հանքարդյունահանման հատուկ լիցենզիայի կիրառությունը ընդերքն օգտակար հանածոների շահագործման նպատակով արդյունահանման տրամադրելու (կոնցեսիայի) մասին օրենքի 32 հոդվածի պահանջների հիմքով 2010թ-ից պետք է դադարեցվեր, որովհետև ըստ Ձեր N07/10/3743-13 գրության` «Նագին ՍՊԸ»-ն լեռնահատկացման ակտ ստանալու համար լիազոր մարմնին չի դիմել, իսկ օգտակար հանածոյի արդյունահանման համար լեռնահատկացումը տրվում է ընդերքօգտագործման իրավունքի տրամադրման հետ միաժամանակ և ընդերքօգտագործման իրավունքի բաղկացուցիչ մասն է, ինչն արտացոլված է նաև լիազոր մարմնի ու «Նագին ՍՊԸ»-ի միջև կնքված լիցենզիոն պայմանագրում (N 427 10 մարտ 2009թ. 6.1 կետ), որն ըստ նույն պայմանագրի` ուժի մեջ է մտնում կնքման պահից, հանքային իրավունքը ձևավորող փաթեթի առկայությամբ (լիցենզիա, նախագիծ, լիցենզային պայմանագիր, լեռնահատկացման ակտ):
Այսինքն, 2007թ-ի հունվարին տրված ՀԱ-Լ-14/453 լիցենզիան երբեք օրինական կիրառման դաշտ չի մտել: Այն պետք է կասեցվեր դեռևս 2010թ-ին:
Ըստ այդմ հանքարդյունահանման թիվ ՀԱ-Լ-14/453 հատուկ լիցենզիան 2012թ-ի հոկտեմբերի 20-ից չէր կարող վերաձևակերպվել օգտակար հանածոների արդյունահանման թիվ ՇԱԹՎ-29/169 թույլտվության, հետևաբար նաև լիցենզային թիվ 429 պայմանագիրը ընդերքօգտագործման ՊՎ-169 պայմանագրի, իսկ լեռնահատկացման թիվ 372 ակտը, (որտեղից ծլեց, նախորդ նամակում գրել էիք, որ գոյություն չունի), ԼՎ-169 լեռնահատկացման ակտի:
Վիճահարույց է նաև Ձեր բերած պնդումը, թե նախագիծը սահմանված կարգով ենթարկվել է շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության և արժանացել դրական փորձաքննական եզրակացության: Մեր ձեռքի տակ է Հրազդանի քաղաքապետի 07.11.2011թ-ի պաշտոնական գրությունը առ այն, որ Հրազդան քաղաքում առհասարակ այդ թեմայով հասարակական լսումներ չեն կայացել: Բացի այդ շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության եզրակացությունը խիստ թերի է, քանի որ միտումնավոր ազդակիր համայնք չի ճանաչվել հանքից ընդամենը 4-5 կմ հեռավորության վրա գտնվող զբոսաշրջային կենտրոն Ծաղկաձոր քաղաքը:
Այս ամենը ավելի զավեշտախաղի է նման, քան նախարարության գործելաոճի, ում, ըստ օրենքի` վստահված է Հայաստանում ընդերքի ողջամիտ օգտագործման գործառույթը:
Հազարավոր մարդկանց առողջությանն առնչվող հանքարդյունահանման խնդիրների հանդեպ նման անլուրջ դրսևորումներով լի է «Նագին» և ապա «Ֆորչն Ռիզորսիս» ՍՊԸ-ների փաստաթղթաշրջանառությունը: Ասվածը հաստատելու համար բերենք ևս մեկ օրինակ. նախարարության և «Ֆորչն Ռիզորսիս» ՍՊԸ-ի միջև 20.10.12թ-ին կնքված ընդերքօգտագործման NՊՎ-169 պայմանագրի նույն թվագրությամբ հաստատված «հատուկ պայմաններ» հավելված N2-ում սևով սպիտակի վրա գրված է. 
«մինչև 2009 թվականի վերջը հանքաքարի հարստացման նախագիծը ներկայացնել ՀՀ կառավարության լիազորված մարմիններին` սահմանված կարգով փորձաքննություններ կատարելու համար» :
Վերը քննարկվող խնդիրների շուրջ 2011թ-ի դեկտեմբերի 14-ին բնապահպանության նախարարի մոտ հրավիրված խորհրդակցության ընթացքում, որին մասնակցում էին համապատասխան պետական գերատեսչությունների ղեկավարներ, պատգամավորներ, բնապահպաններ, «Ֆորչն Ռիզորսիս»ՍՊԸ-ի տնօրենը ի լուր ամենքի ընդունեց, որ իրենք պատվիրել են հանքի շահագործման նոր նախագիծ և պարտավորվում է անցնել ՀՀ օրենքներից բխող բոլոր ընթացակարգերը. «հանածոների արդյունահանման նոր թույլտվություն բնության վրա ազդեցության փորձաքննություն, հասարակական լսումներ և այլն»:
Նույն բովանդակությամբ մի նամակում 12.04.2011թ.-ին ՀՀ Կոտայքի մարզպետ Կ. Շահգալդյանը հայտնում է, որ «ընթացիկ տարում ընկերության կողմից կկատարվեն հանքավայրի շահագործման հետ կապված փաստաթղթային ձևակերպումները, այդ թվում` նախագիծ, փորձաքննություն, հասարակական լսումներ…»
Այս ամենը հիմք ընդունելով կրկին դիմում ենք Ձեզ` հորդորելով հետ կանչել «Ֆորչն Ռիզորսիս» ՍՊԸ-ին տրված օգտակար հանածոների արդյունահանման ՇԱԹՎ-29/169 թույլտվությունը վերաձևակերպման պահին ՀԱ-Լ -14/453 հատուկ լիցենզիայի փաստացի անվավեր վիճակում գտնվելու հիմքով: Հակառակ պարագայում քաղաքացիական նախաձեռնության մեր խումբը ստիպված կլինի դիմելու ՀՀ կառավարությանը «Նագին» և ապա «Ֆորչն Ռիզորսիս» ՍՊԸ-ների և ՀՀ բնապահպանության և էներգետիկայի ու բնական պաշարների նախարարների միջև իրականացված ողջ փաստաթղթաշրջանառությունը համալիր ուսումնասիրելու և ազգային անվտանգության նկատառումներով (օրենքի 31 հոդվածի 3 կետի դրույթներով) գործընթացը դադարեցնելու համար»:

Նոյեմբեր 21, 2013 at 17:42


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր