«Վայկ Մետալ» ՍՊԸ-ն դուրս է բերել ծանր տեխնիկան Գլաձորի հանքավայրի տարածքից

«Վայկ Մետալ» ՍՊԸ-ն դուրս է բերել ծանր տեխնիկան Գլաձորի հանքավայրի տարածքից

ԷկոԼուր

«Վայկ Մետալ» ՍՊԸ-ն դուրս է բերել ծանր տեխնիկան Գլաձորի հանքավայրի տարածքից: Այս մասին «ԷկոԼուր»-ին հայտնեց Վայոց ձորի Վերնաշենի համայնքապետ Միքայել Բաղդասարյանը:
Հիշեցնենք, որ ս.թ. նոյեմբերի 17-ին «Վայկ Մետալ» ՍՊԸ-ն փորձել էր ծանր տեխնիկա մտցնել Գլաձորի հանքավայրի տարածք: Ազդակիր Վերնաշեն և Գլաձոր համայնքների 700-ից ավելի բնակիչներ իրենց համայնքապետերի գլխավորությամբ դուրս էին եկել բողոքի՝ կանխելու ծանր տեխնիկայի մուտքը հանքավայրի տարածք:

«Մենք իրենց ասել ենք` բերեք, ցույց տվեք փաստաթղթերը, որ դուք իրավունք ունեք մտնել այս տարածք: Իրենք մեզ ասացին, որ 100 տոկոսով այդ թղթերը կան, բայց, փաստորեն, 100 տոկոսով իրենք սխալ էին: Իրենց մոտ ոչ մի թուղթ չկար: Ես իրենց մեկ օր ժամանակ էի տվել, որպեսզի ծանր տեխնիկան դուրս բերեն հանքավայրի տարածքից, որն ընկնում է Վերնաշեն համայնքի տարածքի մեջ: Տեխնիկայի մի մասը դուրս է բերվել երեկ, իսկ մյուսը՝ այսօր՝ առավոտյան», - հայտնեց Վերնաշենի համայնքապետը:

Վերնաշենի բնակիչները պնդում են, որ հանքի շահագործմամբ կաղտոտվեն իրենց խմելու և ոռոգման ջրային աղբյուրները, կվտանգվեն հանքավայրի հարակից տարածքում գտնվող իրենց խնձորի, ծիրանի պտղատու այգիները, ինչպես նաև «Վերնաշեն» գինու հումք հանդիսացող խաղողի 12 հա այգին:

Ներկայումս Գլաձորի հանքավայրի շահագործման գնահատման հաշվետվությունը ներկայացված է բնապահպանական փորձաքննության հիմնական փուլ, սակայն հանրային լսումների օրը դեռ նշանակված չէ:

ՀՀ բնապահպանության նախարարության «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ից «ԷկոԼուր»-ին տեղեկացրել են, որ «Վայկ Մետալ» ՍՊԸ-ն ոչ մի եզրակացություն չի ստացել, և առանց փորձաքննական եզրակացության ոչինչ չի կարելի անել:
Գլաձորի հանքավայրում հաշվարկվել է կապարի 628.37 հազ.տ, ցինկի 711.44 հազ.տ, պղնձի 63.4հազ.տ, կադմիումի 2605.3տ, արծաթի 201.18տ, ոսկու 9789.0կգ պաշար: «Վայկ Մետալ» ընկերությունը մտադիր է հանքը շահագործել 3 բացհանքերի և ստորգետնյա եղանակով:

17:47 Նոյեմբեր 18, 2016


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news