Հայտնի է Գլաձորի հանքավայրի շահագործման նախագծի վերջին հանրային լսումների օրը

Հայտնի է Գլաձորի հանքավայրի շահագործման նախագծի վերջին հանրային լսումների օրը

ԷկոԼուր

ՀՀ Վայոց ձորի մարզի Գլաձորի բազմամետաղային հանքավայրի օգտակար հանածոյի արդյունահանման նախագծի և ՇՄԱԳ հաշվետվության վերջին /չորրորդ/ հանրային լսումները կանցկացվեն սույն թվականի դեկտեմբերի 6-ին՝ 15.30-ին, Գլաձոր համայնքի դպրոցի դահլիճում: Գլաձորի հանքավայրը մտադիր է շահագործել «Վայկ Մետալ» ՍՊԸ-ն:
Հանքավայրը գտնվում է Վայոց Ձորի մարզում` Եղեգնաձոր քաղաքից 12 կմ հեռավորության վրա: Մոտակա համայնքներն են՝ Վերնաշենը, Հերմոնը և Գլաձորը, որոնք գտնվում են հանքավայրից 4-8 կմ հեռավորության վրա:

Գլաձորի բազմամետաղային հանքավայրի հաստատված պաշարներն են՝կապար (Pb)՝ 628.37 հազար տոննա, ցինկ (Zn)՝ 711.44 հազար տոննա, պղինձ (Cu)՝ 63.4 հազար տոննա, կադմիում (Cd)՝ 2605.3 տոննա, արծաթ (Ag)՝ 201.18 տոննա, ոսկի (Au)՝ 9789.0 կգ(Pb– 4.34%, Zn- 4.92%, Cu-0.44%, Cd-0.018%, Ag-13.90 գր/տ, Au-0.68գր/տ):

«Վայկ Մետալ» ընկերության ներկայացրած նախագծում նշված է, որ հանքավայրը շահագործվելու է բաց և փակ եղանակներով, արդյունահանվելու է 14474.0 հազար տոննա հանքաքար: Հանքավայրը զբաղեցնում է 8կմ2 տարածք Թեքսար լեռան գագաթային մասում: 3 բացահանքերի շահագործման ընդհանուր տևողությունը կազմելու է մոտ 2 տարի: Այդ ընթացքում արդյունահանվելու է 106 հազար տոննա հանքաքար: Բացահանքերով շահագործմանը զուգընթաց մշակվելու է հանքավայրի ստորին հորիզոնների ստորգետնյա եղանակով շահագործման ծրագիր: Ստորգետնյա հանքով նախատեսվում է մշակել շուրջ 14080 հազար տոննա հանքաքար: Հանքավայրի շահագործման տևողությունը կազմելու է շուրջ 50 տարի:

Հանքաքարի և մակաբացման ապարների արդյունահանման աշխատանքները կատարվելու են հորատապայթեցման աշխատանքներով: Հանքաքարը բացահանքից նախատեսվում է տեղափոխել հանքաքարի բաց պահեստ՝ բացահանքից 7.1 կմ հեռավորության վրա, որտեղից էլ՝ հանքահարստացման ֆաբրիկա: Ֆաբրիկայի վերաբերյալ տեղեկատվություն նախագծում նշված չէ: Ընկերության ներկայացուցիչ Արամ Օսիկյանը նախկին լսումների ժամանակ հայտնել էր, որ ֆաբրիկան նախատեսվում է կառուցել Արին համայնքի տարածքում:

Հանքավայրի շրջանում հոսում են Արփա գետի վտակները` Եղեգիսը, Մալիշկան, Հերհերը և Գլաձորը: Անմիջականորեն հանքավայրի տարածքով հոսում է Գլաձոր գետի Կորեկի-ձոր վտակը: Նախագծում նշված է, որ այս գետը կարող է ծառայել որպես տեխնիկական ջրամատակարարման լրացուցիչ աղբյուր:

Մաքրված տնտեսակենցաղային-արտադրական հոսքաջրերը լցվելու են Կորեկի-ձոր գետակը: Հոսքաջրերի տարեկան քանակը կազմելու է 515.2 մ3: Նախագծի համաձայն՝ ջրային ռեսուրսների աղտոտումից տնտեսությանը հասցված ընդհանուր վնասը կազմում է 11.42 միլիոն դրամ:
Հանքավայրի շահագործման արդյունքում տարեկան մթնոլորտ արտանետվող փոշու գումարային քանակը կազմում է 796.34 տոննա: Նախագծի համաձայն՝ արտանետումների 80%-ը նստում է հանքի տարածքում, մնացածը ցրվում է հանքից դուրս տարածքում:

Գլաձորի հանքավայրի արտանետումներից տնտեսությանը հասցված տնտեսական վնասը գնահատվում է տարեկան 11.6 միլիոն դրամ: Նախագծում նշված է, որ ներկայացված գումարը չի առաջացնում որևէ ֆինանսական պարտավորություն:

Նախագծի համաձայն՝ հետազոտվող տարածքում դաշտային ուսումնասիրությունների ժամանակ հայտնաբերվել է ՀՀ Կարմիր գրքում գրանցված գառնանգղ, հետազոտվող տարածքը հանդիսանում է տեսակի սննդատարածքի մի մասը: Կարմիր գրքում գրանցված այլ կենդանատեսակներ չեն հայտնաբերվել:

Հանքավայրից 3 կմ հեռավորության վրա գտնվում է Եղեգնաձորի արգելավայրը:
Հիշեցնենք, որ Գլաձոր համայնքում 2016թ-ի մայիսի 23-ին, հունիս 18-ին անցկացված հանրային լսումների ժամանակ ազդակիր Վերնաշեն և Գլաձոր համայնքները դեմ արտահայտվեցին հանքավայրի շահագործման նախագծին: Ռադիացիա, ջրերի աղտոտում, այգիների ոչնչացում, սրանք այն ռիսկերն են, որոնք բարձրաձայնեցին տեղի բնակիչները:

Իսկ վերջերս էլ երկու համայնքների 700-ից ավելի բնակիչներ իրենց համայնքապետերի հետ միասին դուրս եկան բողոքի և թույլ չտվեցին «Վայկ Մետալ» ընկերությանը ծանր տեխնիկա մտցնել հանքավայրի տարածք:

Հանքավայրի դեմ ուղղված բնակիչների պայքարն արտացոլված է ԷկոԼուրի «Քո իրավունքների տերը դու ես» ֆիլմում:



17:27 Նոյեմբեր 29, 2016


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news