«Էներգո ինվեստ հոլդինգ»-ը մտադիր է թանկարժեք մետաղներ որոնել Արծվաբերդի անտառտնտեսության տարածքում

«Էներգո ինվեստ հոլդինգ»-ը մտադիր է թանկարժեք մետաղներ որոնել Արծվաբերդի անտառտնտեսության տարածքում

ԷկոԼուր

Էներգետիկայի բնագավառում գործունեություն ծավալող «Էներգո ինվեստ հոլդինգ» ՓԲԸ-ն մտադիր է 2017-2019 թթ-ին Տավուշի մարզի Մուրխուզի բազմամետաղների հանքերևակման տեղամասում որոնել ոսկի, արծաթ, պղինձ, մոլիբդեն:

Ընկերության ներկայացրած Մուրխուզի բազմամետաղների հանքերևակման վերաբերյալ հանրային քննարկումները նախատեսված են ս.թ. փետրվարի 15-ին՝ ժամը 13.00-ին, ՀՀ Տավուշի մարզի Արծվաբերդի համայնքապետարանում:

Հայտի համաձայն՝ որոնողահետախուզական աշխատանքների իրականացման համար ընտրված տեղամասը զբաղեցնում է 96.24 կմ2 տարածք (9624 հեկտար), ներառում է 5 համայնքներ՝ Իծաքար (7.31 կմ2), Աղավնավանք (6.51 կմ2), Նավուր (25.46 կմ2), Արծվաբերդ (32.36 կմ2) և Այգեձոր (24.6 կմ2):

Ուսումնասիրության համար ընտրված տարածքի մոտ 60 տոկոսը մտնում է Արծվաբերդի անտառտնտեսության տարածքի մեջ, իսկ հարակից տարածքում գտնվում է Իջևանի արգելավայրը:

«Երիտասարդ անտառաբույծների միավորում» ՀԿ-ն, որը մշակել է Իջևանի արգելավայրի կառավարման պլանը, ԷկոԼուրին տրամադրեց քարտեզ, որտեղ հստակ երևում է, որ հանքերևակումը գտնվում է անմիջապես Արծվաբերդի անտառտնտեսության տարածքում:
«Անտառտնտեսության տարածքից մոտ 5200 հեկտար տարածք մտնում է հանքերևակման ուսումնասիրության տարածքի մեջ: Արգելավայրի տարածքից վերջ է, անտառի վերին գոտուց վերև: Արգելավայրի անտառները հասնում են մինչև 1950 մ ծովի մակարդակից բարձրության, իսկ հանքի ուսումնասիրության տարածքը 1970 մ-ից է սկսվում», - փոխանցեցին «Երիտասարդ անտառաբույծների միավորում» ՀԿ-ից:

Ընտրված տարածքը գտնվում է սեյսմիկ անկայուն գոտում, որտեղ երկրաշարժերի առավելագույն հզորությունը հասնում է 9 բալի:

«Էներգո Ինվեստ Հոլդինգ»-ի մասին

Էներգետիկ «Էներգո Ինվեստ Հոլդինգ» ՓԲԸ-ի միակ բաժնետերը «Հրազդանի էներգետիկ կազմակերպություն» ԲԲԸ-ն է: «Էներգո Ինվեստ Հոլդինգ» ՓԲԸ-ի պաշտոնական կայքի համաձայն՝ ընկերությունն ակտիվներ ունի ՁորաՀԷԿ, «Վահան», «Էրիկ» ՓՀԷԿ-երում:

15:12 Փետրվար 03, 2017


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news