Գնդեվազի բնակիչը ենթադրում է, որ իր տան պատը փլուզվել է «Լիդիան Արմենիա»-ի պայթեցումների պատճառով

Գնդեվազի բնակիչը ենթադրում է, որ իր տան պատը փլուզվել է «Լիդիան Արմենիա»-ի պայթեցումների պատճառով

ԷկոԼուր

Ապրիլի 10-ին` երեկոյան, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Գնդեվազ համայնքի 5-րդ փողոցի երկհարկանի տան 1-ին հարկում գտնվող հացատան պատը փլուզվել է: ԱԻՆ-ի կայքում նշված է, որ փլուզումը տեղի է ունեցել «մոտակայքում գտնվող ոսկու հանքում պարբերաբար պայթեցման աշխատանքներ իրականացնելու պատճառով»:

ԷկոԼուրը կապ հաստատեց նշված տան բնակիչ Կարեն Սահակյանի հետ: «Կողային պատ է, վթարային վիճակում է այս պահին: Ինձ թվում է՝ խոնավություն է եղել, Ամուլսարի հանքի կույտային տարրալվացման հարթակի տեղամասում այդ պայթեցումները որ եղել է, դրա հետևանքով թուլացել է պատը: Փլուզումը հենց պայթեցման օրն է եղել՝ ժամը 19:15-20-ի կողմերը: Դղրդոց ենք լսել, գնացել, տեսել ենք՝ ամբողջ պատը փլվել է: 911 ենք զանգել, եկել, նկարել են, արձանագրությունը կազմել են: Ընկերությանն (ԷկոԼուր՝ «Լիդիան Արմենիա») էլ ենք դիմել, իրենք այսօր կեսօրվա կողմը պետք է գան, նայեն», - հայտնեց Կարեն Սահակյանը:

Հարցին՝ ինչ վնաս է կրել ընտանիքը փլուզման հետևանքով և պահանջելու են «Լիդիան Արմենիա»-ից փոխհատուցում, Գնդեվազի բնակիչը պատասխանեց. «Պահանջելու ենք, այո, բա ոնց չենք պահանջելու: Հաշվել ենք, որ 2 տոննայի չափով ցեմենտ կգնա, որ վերակառուցենք պատը: Ֆինանսապես ես իմ ուժերով չեմ կարող վերակառուցել»: Կարեն Սահակյանը մտահոգություն հայտնեց, որ այս իրավիճակում ընտանիքի անդամների համար տանը մնալը վտանգավոր է:

14:20 Ապրիլ 11, 2017


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news