Տանձուտի լքված հանքավայրի տարածքից և հարակից տարածքից վերցված ջրի փորձանմուշներում ծանր մետաղները բազմակի անգամ գերազանցել են էկոլոգիական նորմերը

Տանձուտի լքված հանքավայրի տարածքից և հարակից տարածքից վերցված ջրի փորձանմուշներում ծանր մետաղները բազմակի անգամ գերազանցել են էկոլոգիական նորմերը

ԷկոԼուր

Հայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ) նախաձեռնությունը ջրի նմուշառում է իրականացրել Լոռու մարզում գտնվող Տանձուտի լքված հանքավայրի տարածքի և հարակից տարածքի ջրերից և ներկայացրել ուսումնասիրության: Պարզվել է, որ ջրերում բազմակի անգամ գերազանցել են ծանր մետաղների էկոլոգիական նորմերը:

« Մեր պատվերով լաբորատորիայում տարրալուծված 7 մետաղներից 6-ի կոնցենտրացիաները տասնյակ, հարյուրավոր և նույնիսկ հազարավոր անգամ գերազանցել են «Կախված տեղանքի առանձնահատկություններից՝ յուրաքանչյուր ջրավազանային կառավարման տարածքի ջրի որակի ապահովման նորմերը սահմանելու մասին» ՀՀ կառավարության 2011 թվականի հունվարի 27-ի N 75-Ն որոշմամբ Դեբեդ գետի գետավազանի գետերի ջրերի համար սահմանված 2-րդ կարգի որակի «լավ» դասի էկոլոգիական նորմերը։

1-ին նմուշում, որը վերցվել էր բուն լքված հանքի տարածքից, արսենի (մկնդեղ) պարունակությունը 183 անգամ, սելենինը՝ 25, անագինը՝ 3,6, երկաթինը՝ 12455, պղնձինը՝ 1488, իսկ ցինկինը՝ 5,5 անգամ գերազանցել են վերոնշյալ էկոլոգիական նորմերը։ Միայն կապարի պարունակությունն է եղել նորմայի սահմաններում։

Իսկ սուլֆատ-SO4 իոնի պարունակությունը 34,1 անգամ և քլորիդ-Cl իոնինը՝ 192 անգամ գերազանցել են մեր կողմից որպես սահմանային կոնցենտրանցիա ընտրած 2-րդ որակի «լավ» դասի էկոլոգիական նորմերը։

2-րդ նմուշի դեպքում, որը վերցվել էր հանքի տարածքից մոտ 2,5 կմ ներքև՝ նախքան հոսքաջրերի Տանձուտ գետին խառնվելը, արսենի (մկնդեղ) պարունակությունը 11,4 անգամ, կապարինը՝ 36, սելենինը՝ 3,3, անագինը՝ 3,6, երկաթինը՝ 1876, պղնձինը՝ 122 անգամ, իսկ ցինկինը՝ 2,6 անգամ գերազանցել են վերոնշյալ էկոլոգիական նորմերը։ Այսինքն սա նշանակում է, որ աղտոտումը մեծ ծավալներով առկա է աղտոտման աղբյուրից առնվազն 2,5 կմ հեռավորության վրա։

Այս նմուշի դեպքում էլ սուլֆատ իոնի պարունակությունը 15,7 անգամ և քլորիդ իոնինը՝ 95,2 անգամ գերազանցել են մեր կողմից որպես սահմանային կոնցենտրանցիա ընտրած 2-րդ որակի «լավ» դասի էկոլոգիական նորմերը
Որոշվել է նաև փորձանմուշների էլեկտրահաղորդականությունը և դրանցում լուծված աղերի պարունակությունը, որոնք նույպես զգալի գերազանցել են թույլատրելի սահմանները․ 1-ին նմուշի դեպքում համապատասխանաբար 39,3 և 36,3 անգամ, իսկ 2-րդ նմուշի դեպքում՝ 4,9 և 3,9 անգամ։ Հատկանշական է, որ ստացված գրեթե բոլոր ցուցանիշները մի քանի տասնյակից մինչև հարյուրավոր և հազարավոր անգամ գերազանցում են նաև ՀՀ կառավարության վերոնշյալ որոշումով սահմանված 5-րդ որակի «վատ» դասի էկոլոգիական նորմերը։ Իսկ 5-րդ՝ «վատ» դասը, ջրերի աղտոտվածության ամենաբարձր դասն է, և նման որակի ջուրն արգելվում է օգտագործել ոռոգման նպատակներով»,- մասնավորապես նշված է ՀԲՃ-ի հաղորդագրության մեջ:

«Հանքի թթվային ապարների դրենաժը հսկայական ծավալներով շարունակվում է առ այսօր, ինչի հետևանքով խիստ թթվային և, հավանաբար, ծանր ու վտանգավոր մետաղներով հարուստ ջրերը սկզբում լցվում են Տանձուտ գետը, իսկ այնուհետև, հոսելով Շահումյան և Վանաձոր բնակավայրերի միջով, հայտնվում Փամբակ գետում»,- հայտնում է ՀԲՃ-ն:

Նախաձեռնությունը նշում է, որ թթվային դրենաժի չափազանց լուրջ վտանգ է իր մեջ պարունակում նաև շահագործման նախապատրաստվող Ամուլսարի բարձր սուլֆիդային ոսկու հանքավայրը, որի ապարներում կա թթվագոյացման մեծ ներուժ և հսկայական քանակության ծանր, վտանգավոր և ռադիոակտիվ մետաղներ (կապար, մկնդեղ (արսեն), քրոմ, ծծումբ, ծարիր, սելեն, թելուր, կադմիում, մանգան, մոլիբդեն, պղինձ, երկաթ, ուրան, թորիում, նիկել, ցինկ, վանադիում, ցիրկոն, ստրոնցիում, բարիում, բիսմութ, բոր, սնդիկ): ՀԲՃ-ն ահազանգում է, որ Ամուլսարի հանքավայրի շահագործմամբ աղետալի աղտոտում է սպասվում Ջերմուկի տարածաշրջանի հանքային և քաղցրահամ ջրերին ու Սևանա լճին:

ՀԲՃ-ն առաջարկում է ՀՀ բնապահպանության նախարարությանը, որպեսզի նախարարությունը շրջակա միջավայրի պահպանության դրամագլխի միջոցների հաշվին փորձի իրականացնել Կավարտի և Տանձուտի լքված հանքավայրերի թթվային ապարների դրենաժի մանրակրկիտ ուսումնասիրություն, հոսքաջրերի մաքրման կայանների նախագծում, տեղադրում և հետագա սպասարկում, թթվային դրենաժի հետևանքով աղտոտվող ջրերի և հողերի լիարժեք մաքրում և վնասազերծում։ «Այս աշխատանքներն անելուց և դրական արդյունքը հանրությանը ներկայացնելուց հետո միայն ՀՀ կառավարությունը կարող է բարոյական իրավունք ունենալ խոսելու նորանոր հանքավայրերի ուսումնասիրման կամ շահագործման մասին»,- նշված է ՀԲՃ-ի հաղորդագրության մեջ։

17:25 Հոկտեմբեր 13, 2017


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news