Գլաձոր համայնքը խոշորացումից հետո էլ է ասում ոչ հանքարդյունաբերությանը

Գլաձոր համայնքը խոշորացումից հետո էլ է ասում ոչ  հանքարդյունաբերությանը

ԷկոԼուր

Գլաձոր համայնքը խոշորացումից հետո չի փոխել իր դիրքորոշումը Գլաձորի բազմամետաղային հանքի շահագործման վերաբերյալ և ոչ է ասում: Խոշորացման արդյունքում Գլաձորին են միացել Վերնաշեն և Գետափ համայնքները: Նոյեմբերի 5-ին տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններում Գլաձորի համայնքապետ է ընտրվել Գլաձորի գործող համայնքապետ Արմեն Մովսիսյանը: Ընտրված 11 հոգանոց ավագանու անդամներից 5-ը Գլաձորից են, 3-ական անդամ` Գետափ և Վերնաշեն համայնքներից: ԷկոԼուրի հետ զրույցում Գլաձորի համայնքապետ Արմեն Մովսիսյանն ասաց, որ իր դիրքորոշումը չի փոխել հանքարդյունաբերության նկատմամբ: «Իմ դիրքորոշումը մնացել է նույնը: Կոնկրետ հարցը հանքի մասով բողոքարկվել է վճռաբեկ դատարանում: … Ժողովրդի վստահության քվեն ստանալով` ես անցել եմ այս պատվավոր ծառայությանը, ժողովուրդն է որոշելու իր ճակատագիրը: Ժողովուրդը հաստատակամ է, վերջին լսումն էլ («Վայկ մետալ» ընկերության Գլաձորի բազմամետաղային հանքավայրի շահագործման նոր հայտի 1-ին լսումը, որը կայացավ 2017թ-ի հուլիսի 18-ին` Գլաձորում) դա ապացուցեց, կոնկրետ մեր համայնքի ազգաբնակչությունը, նաև Վերնաշենինը դեմ է հանքի շահագործմանը»,- ասաց Արմեն Մովսիսյանը:

Գլաձորի ավագանու անդամ Քաջիկ Գասպարյանը ԷկոԼուրին հայտնեց. «Կոնկրետ այս պահին մեզ համար առաջնահերթ խնդիրը հանքարդյունաբերությունն է: Ես կտրականապես դեմ եմ, չեմ ուզենա, որ հանքարդյունաբերությունը զարգանա մեր համայնքում: Դա էկոլոգիապես լուրջ խնդիրներ կառաջացնի մեր համայնքի համար: Համայնքում ես կցանկանայի, որ զարգանա գյուղատնտեսությունը: Մարզպետարանում կային վարկային ծրագրեր, դրանց մեջ էլ ես մասնակցել եմ, ինձ թվում է, պետք է որ գյուղատնտեսությունը զարգանա: Հանքարդյունաբերությունը գյուղատնտեսությանը կխոչընդոտի: Իմ կարծիքով` ավագանու մեծամասնությունը դեմ կլինի հանքարդյունաբերությանը»:

Քաջիկ Գասպարյան

Վերնաշենի բնակիչ, Գլաձորի ավագանու անդամ Գեղամ Մարգարյանն էլ նշեց. «Մենք գյուղում ենք ապրում, մեր առաքելությունը գյուղատնտեսությամբ զբաղվելն է: Երեք համայնքը միասին ունեն հազարավոր հեկտարներ արոտ, և մեր ջրովի հողերի ընդամենը 36 տոկոսն է օգտագործվում: Մենք ունենք մեծ պոտենցիալ, հնարավորություն, որով կարող ենք գյուղատնտեսությունը զարգացնել: Այսօրվա նորընտիր ավագանու 11 անդամից 10-ը, եթե ոչ բոլորը, դեմ են հանքարդյունաբերությանը»:

Գեղամ Մարգարյան

Գլաձորի համայնքապետ Արմեն Մովսիսյանն էլ նշում է, որ իր թիմի գլխավոր անելիքն այն է, որ գյուղացին կառչի իր հողից և օգուտ ունենա: «Փորձելու ենք թեկուզ փոքրաթիվ արտադրամասերի ձևով կամ այլ եղանակներով աշխատատեղեր ստեղծել, որպեսզի գյուղացին մնա իր ծննդավայրում: Համայնքի հետ հույս կապի: Բայց, ամենակարևորը, մենք պետք է պայմաններ ստեղծենք, որ գյուղացին հողից օգուտ ստանա: Եթե մեզ չստացվեց մեր թիմով այդ միջոցառումների համալիրը իրագործել, մնացած բաները երկրորդական են»:



Նոյեմբեր 16, 2017 at 18:57


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր