Հանրային կարծիքը հաղթեց. «Պոլիմետալ»-ը դադարեցրեց Լոռիում և Տավուշում երկրաբանահետախուզական աշխատանքների ծրագիրը

Հանրային կարծիքը հաղթեց. «Պոլիմետալ»-ը դադարեցրեց Լոռիում և Տավուշում երկրաբանահետախուզական աշխատանքների ծրագիրը

ԷկոԼուր

Ռուսական «Պոլիմետալ» խմբի մեջ մտնող «Պոլիմետալ Արմենիա» ընկերությունը հայտարարություն է տարածել, որի համաձայն դադարեցնում է Լոռիում և Տավուշում երկրաբանահետախուզական աշխատանքների ծրագիրը:

««Պոլիմետալ Արմենիա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը տեղեկացնում է, որ առաջնահերթ կարևորելով իր գործունեության դրական հանրային ընկալումը, դադարեցնում է ՀՀ Լոռու մարզի Ալավերդի և Շնող, ՀՀ Տավուշի մարզի Նոյեմբերյան և Կողբ համայնքների վարչական տարածքներում երկրաբանահետախուզական աշխատանքների ծրագրի՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության իրականացման և այդ գործընթացի շրջանակներում հանրային քննարկման կազմակերպման ուղղությամբ աշխատանքները: Որոշմանը նախորդել է ՀՀ Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի ղեկավարի, ավագանու անդամների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ Ընկերության ներկայացուցիչների հանդիպումը, որի շրջանակներում համայնքի ներկայացուցիչների հնչեցրած դիրքորոշումներն ուղղված են եղել Նոյեմբերյանի տարածքում երկրաբանահետախուզական աշխատանքների կատարումը բացառելուն», - ասված է ընկերության հայտարարության մեջ:

Նշենք, որ այդ ծրագրով «Պոլիմետալ»-ը հավակնում էր 2018-2021 թթ-ի ընթացքում երկրաբանահետախուզական աշխատանքներ իրականացնել ՀՀ Տավուշի մարզի Կողբ, Նոյեմբերյան և ՀՀ Լոռու մարզի Ալավերդի, Շնող համայնքների վարչական սահմաններում: Ընկերությունն ակնկալում էր հայտնաբերել և գնահատել ոսկու, արծաթի, պղնձի, մոլիբդենի, կապարի և ցինկի հեռանկարային պաշարները: Աշխատանքների իրականացման տարածքն անվանվել էր Հյուսիսային հարթակ, իսկ մակերեսը կազմում էր 180 ք/կմ: Առաջին հանրային քննարկման օրն էլ նշանակված էր ս.թ. մարտի 20-ին` Նոյեմբերյան համայնքում:

Ընկերության նախաձեռնությունն առաջացրեց հանրության և տեղի բնակչության վրդովմունքը: «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում սկսվեց ստորագրահավաք ընդդեմ «Պոլիմետալ»-ի ծրագրի: Ստորգրահավաքին այսօրվա դրությամբ միացել է 1800-ից ավելի քաղաքացի:

Հանքարդյունաբերական ծրագրին դեմ են նաև համայնքապետերը: Նոյեմբերյանի համայնքապետ Կարեն Աբազյանը «ԷկոԼուր»-ի հետ զրույցում պատմեց, որ երեկ` մարտի 14-ին, «Պոլիմետալ Արմենիա»-ի տնօրեն Տիգրան Նահապետյանը հանդիպում է անցկացրել իր և բնակիչների հետ: Հանդիպման ժամանակ համայնքը հայտնել է, որ որպես զարգացման ուղղություն տեսնում է ոչ թե հանքարդյունաբերությունը, այլ տուրիզմը:

«Մեր համայնքը տուրիզմի զարգացման մեծ պոտենցիալ ունի: Մենք գտնվում ենք սահմանամերձ գոտում, մեր հողերի մեծ մասը չի օգտագործվում սահմանում գտնվելու պատճառով, իսկ այն հողերը, որոնք օգտագործում ենք, հիմնականում ընկնում էին երկրաբանական աշխատանքների համար նախատեսված տարածքի մեջ: Մենք մեր դիրքորոշումը հայտնեցինք, որ դեմ ենք այդ ծրագրին: Քննարկմանը ես հրավիրել էի նաև համայնքի բնակիչներին, որպեսզի տեսնեն, որ դա միանձնյա որոշում չէ», - ասաց Կարեն Աբազյանը:

«ԷկոԼուր»-ի հետ զրույցում իր բացասական տեսակետը հայտնեց նաև Կողբի համայնքապետ Արսեն Աղաբաբյանը: Վերջինս նշեց, որ ոչ մի դեպքում թույլ չեն տա համայնքի տարածքում հանքարդյունաբերական ծրագիր իրականացվի:

«Դեմ ենք, բոլորս դեմ ենք: Այդ տարածքներում մեր արոտներն են, տնկարկները, անտառը, ջրերը: Բայց եթե անգամ դա էլ չլիներ, միևնույն է, թույլ չէինք տալու: Մեզ պետք չէ 100 աշխատատեղ, երբ հազարավոր մարդկանց առողջությունն է վտանգվելու: Բոլորս էլ գիտենք հանքարդյունաբերության ռիսկերը. կանանց մոտ դա կրծքագեղձի, իսկ տղամարդկանց մոտ շագանակագեղձի քաղցկեղ է առաջացնում: Սա մենք չենք հնարում, սա ապացուցված է ուսումնասիրություններով: Եթե ուզում են երկրաբանական աշխատանքներ անել, հետո էլ, բնականաբար, կցանկանան  շահագործել: Այդ ժամանակ մենք ստիպված ենք լինելու պետության դեմ կռիվ անել: Հենց այս փուլից էլ պետք է թույլ չտալ», - ասաց Կողբի համայնքապետ Արսեն Աղաբաբյանը:

Հիշեցնենք, որ «Պոլիմետալ»-ը թանկարժեք մետաղների արդյունահանման առաջատարներից մեկն է, Ռուսաստանում ոսկու երկրորդ խոշոր արտադրողը, ունի ակտիվներ նաև Ղազախստանում և Հայաստանում: «Պոլիմետալ»-ը Հայաստան մտավ 2015 թ-ին, երբ ձեռք բերեց Լիճքվազ-Թեյի ոսկու հանքավայրի նկատմամբ ընդերքօգտագործման իրավունք ունեցող «Լիճքվազ» ՓԲԸ-ն: Իսկ 2016 թ-ին ընկերությունը 25 միլիոն ԱՄՆ դոլարով ձեռք բերեց «Կապանի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲԸ-ն:

Իսկ 2018-ի տարեսկզբին ՀՀ բնապահպանության նախարարությունը թույլատրեց «Պոլիմետալ»-ին մետաղներ որոնել Սյունիքի մարզի 20 բնակավայրում` դրական եզրակացություն տրամադրելով ընկերության Կապանի հարթակում օգտակար հանածոների արդյունահանման նպատակով ընդերքի երկրաբանական ուսումնասիրության հայտին:

14:07 Մարտ 15, 2018


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news