«Լիդիան Արմենիա»-ն մտադիր է դատի տալ ջերմուկցի ակտիվիստին

«Լիդիան Արմենիա»-ն մտադիր է դատի տալ ջերմուկցի ակտիվիստին

ԷկոԼուր

Ամուլսարի ոսկու հանքավայրի ծրագիրն իրականացնող «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ն մտադիր է դատի տալ «Ջերմուկի զարգացման կենտրոն» ՀԿ-ի նախագահ Վազգեն Գալստյանին` հանցագործություն կատարելու և վնաս պատճառելու մեղադրանքով: Այս մասին ջերմուկցի ակտիվիստին նամակով իրազեկել է «Լիդիան Արմենիա»-ի իրավախորհրդատու կազմակերպության ղեկավար Ա. Մելքումյանը:

«Տեղեկացնում ենք, որ ս.թ. մայիսի 18-ից մինչև մայիսի 23-ը, հունիսի 4-ից մինչև 5-ը, և հունիսի 22-ից մինչև օրս շարունակվող Ձեր կողմից օրենքով սահմանված կարգի խախտմամբ դիտավորությամբ կազմակերպված և ուղորդված հավաքը, ճանապարհների փակումը որակվում էորպես հանցագործություն: Ավելին, Ձեր նկատմամբ վերը նշված արարքների համար քրեական գործ հարուցելու նպատակով «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ն միջնորդություն է ներկայացնելու նախաքննության մարմիններին` տրամադրելով նաև Ձեր հանցագործության վերաբերյալբոլոր առկա նյութերը և փաստերը:

Ձեր գործողությունների, ներառյալ Ամուլսարի ծրագիր տանող ճանապարհների փակման հետևանքով, ընկերությունը չի կարողանում իրականացնել հանքային իրավունքի շրջանակներում Հայաստանի Հանրապետության, իր գործընկեր և կապալառու հանդիսացող կազմակերպությունների նկատմամբ ստանձնած իր պարտավորությունները, որի արդյունքում ընկերությանն օրական հասցվում է խոշոր չափերով վնաս:

Տեղեկացնում ենք, որ ընկերությունն իր խախտված իրավունքները վերականգնելու, Ձեր նկատմամբ քրեական գործ հարուցելու ու հասցված վնասն ամբողջությամբ փոխհատուցելու (գումարի բռնագանձման) պահանջով դիմելու է ՀՀ իրավասու մարմիններին, այդ թվում նաև ՀՀ դատարաններ», - ասված է իրավախորհրդատու կազմակերպության իրազեկման տեքստում:

«ԷկոԼուր»-ի հետ զրույցում Վազգեն Գալստյանն ասաց, որ իր քայլերը պարզ կլինեն այն ժամանակ, երբ ընկերությունը կդիմի դատարան: Նա հայտնեց, որ այս պահին էլ Ամուլսար տանող ճանապարհը փակ է ջերմուկցիների և գնդեվազցիների կողմից:

Հունիսի 27-ին Ջերմուկ էր գնացել ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի նորանշանակ ղեկավար Արթուր Գրիգորյանը: Նա բնակիչներին ներկայացրել է ՀՀ վարչապետի հանձնարարականով ստեղծվող մասնագիտական աշխատանքային խմբի մոտեցումները, որը պետք է զբաղվի Ամուլսարում ստուգումների անցկացմամբ: Արթուր Գրիգորյանը, ներկայացնելով ՀՀ կառավարության մոտեցումը, կոչ է արել բնակիչներին բացել ճանապարհը, սակայն, ինչպես նշեց Վազգեն Գալստյանը, արձագանքը եղել է բացասական: «Մեր օրակարգում նման հարց դրված չէ, մեր օրակարգում մեկ հարց է դրված` Ամուլսարի հանքը չպետք է շահագործվի», - ասաց նա: Գալստյանը նշեց, որ մտադիր են ճանապարհը փակ պահել նաև հանքավայրում նախատեսված տեսչական ստուգումների ժամանակ: «Մեզ համար սկզբունքային է, որ Ամուլսարում որևէ հողային աշխատանք չիրականացվի, որովհետև դա մեր բնությունն է: Տարիներ շարունակ ջերմուկցիների կարծիքը հաշվի չեն առել, և այսօր նրանք («Լիդիան»-ը) ստանում են այդ արհամարհական վերաբերմունքի պատասխանը», - ասաց ջերմուկցի ակտիվիստը:

20:03 Հունիս 28, 2018


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news