Բնակիչների կարծիքով` Ամուլսարի ծրագրի իրականացումը էկոլոգիական հանցագործություն է

Բնակիչների կարծիքով` Ամուլսարի ծրագրի իրականացումը էկոլոգիական հանցագործություն է

ԷկոԼուր

Ամուլսարի ծրագրի գործընթացում խախտվել է ջերմուկցիների սահմանադրական իրավունքը` արտահայտել դիրքորոշում Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման ծրագրի վերաբերյալ, որն անմիջական ազդեցություն ունի Ջերմուկ առողջարանի վրա:

«Մենք հասկանում ենք, թե դա ինչ աղետ է հանրապետության համար, մեր քաղաքի համար: Դիմել ենք կառավարությանը` խնդրելով ուղարկել հանձնաժողով, որը կուսումնասիրի մեր օդը, ջուրը, որքանով է համատեղելի հանքարդյունաբերությունն առողջարանային քաղաքի հետ, ինչ բացթողումներ կան: Վարչապետն արձագանքել է, տեսչական խումբն աշխատում է Ամուլսարում, կտան եզրակացություն և, կարծում եմ, վերջում կկայացնեն որոշում ի շահ ժողովրդի», - ԷկոԼուրի հետ զրույցում հայտնեց Ջերմուկի ավագանու անդամ Հասմիկ Սարգսյանը:

Ջերմուկի ավագանու անդամը պնդեց, որ այն անձիք, ովքեր տվել են Ամուլսարի ծրագրի համար թույլտվություններ, պետք է պատասխանատվության կանչվեն:

Հասմիկ Սարգսյան

Այս կարծիքին է նաև Ջերմուկի բնակիչ Էդմոնդ Աղաբեկյանը, ով այլ բնակիչների հետ արդեն մեկ ամիս փակ է պահում Ամուլսարի հանք տանող ճանապարհները: «Իմ կարծիքով այդ պաշտոնյաները պատասխանատվության կկանչվեն, որովհետև մենք արդեն այն երկրում ենք ապրում, որտեղ վերականգնվել է արդարությունը, - ասաց Էդմոնդ Աղաբեկյանը և նշեց, - ջերմուկցիների իրավունքները խախտվել են, մինչև 2016 թ-ը Ջերմուկը չի համարվել ազդակիր համայնք, բայց հանքը 10 կմ հեռավորության վրա է գտնվում: 2016 թ-ից հետո համարվել է ազդակիր համայնք, բայց լսումներ չեն եղել: Նախկինում էլ ենք փորձել բողոքել, ճանապարհներ փակել, բայց չի ստացվել, մեզ վրա ուշադրություն չեն դարձրել, լուրջ չեն վերաբերվել: Եկավ այն պահը, որ մենք ենք տերը մեր երկրի և ասում ենք, որ մենք չենք ուզում թունավորվել: Դեռ հանքը չշահագործած, Ջերմուկն արդեն փոշու մեջ կորում է իրենց շինարարական աշխատանքներից, անձրևից հետո մեքենայի վրա ցեխ է, որ նախկինում նման բան չի եղել»:

Էդմոնդ Աղաբեկյան

«Ջերմուկը համարվում է միջազգային բոլոր չափանիշներին համապատասխան առողջարանային քաղաք, հանքը փոխում է Ջերմուկի նշանակությունը` վերածելով նրան հանքարդյունաբերական բանավանի:  Դեռ 2012 թ-ին մենք արտահայտել ենք մեր բացասական վերաբերմունքը,  որ մարդիկ այլևս չեն գա Ջերմուկ բուժվելու,  չէ որ որտեղ հանք այդքան մոտ տարածքում, այնտեղ ծանր մետաղներ, փոշի, օդի աղտոտում, ջրերի աղտոտում: Իրենց ՇՄԱԳ-ում ներկայացված չեն այն ռիսկերը, որոնք վեր են հանվում, դա խախտում է: Գիտնականներն արտահայտել են իրենց կարծիքը, թե ինչ վտանգներ կլինեն. թթվային դրենաժ, ծանր մետաղներով աղտոտում…ոչ ոք չի կարող ասել` ինչ կլինի պայթեցումների ժամանակ: Սա ոչ միան ջերմուկցիների, սա մեր ազգի խնդիրն է», - ասաց Հասմիկ Սարգսյանը:

Ջերմուկ առողջարան

«Չենք ցանկանում, որ հանքափորներն ապրեն մեր առողջարաններում. դրանք  տուրիստների և հանգստացողների համար են: Ջերմուկն ունի մեծ պոտենցիալ ոչ միայն առողջարանային քաղաք լինելու, այլ նաև տուրիզմի տարբեր ճյուղեր զարգացնելու: Մենք ունենք մի շարք ենթակառուցվածքներ, որոնք կարող են նպաստել մեզ մոտ ագրոտուրիզմի, էկոտուրիզմի զարգացմանը,- ասաց «Ջերմուկի երիտասարդական կենտրոնի» տնօրեն Սյուզաննա Ավետիսյանը,- եթե բնապահպանների բարձրացրած խնդիրներն ու ռիսկերը նոր կառավարությունը հաստատի, այն կառույցները, կազմակերպությունները, անհատները, ովքեր ստորագրել են Ամուլսարի ծրագրի թույլտվությունները, պետք է խիստ պատժվեն»:

Սյուզաննա Ավետիսյան

Նշենք, որ ՀՀ քննչական կոմիտեում հարուցվել է քրեական գործ այն մասին, որ Ամուլսարի ծրագրի փաստաթղթերում պաշտոնատար անձիք թաքցրել են շրջակա միջավայրի աղտոտման մասին տեղեկությունները:

Արդեն մեկ ամսից ավելի է, որ տեղի բնակիչները փակ են պահում Ամուլսարի հանքավայր տանող ճանապարհները: Ամուլսարի հանքի պահապաններին զորակցելու նպատակով  Ջերմուկ են այցելել մշակույթի գործիչներ, օրերս ի աջակցություն Վայոց ձորի ակտիվիստների համերգային ծրագրով Ջերմուկ էր այցելել «Նաիրյան» վոկալ անսամբլը:

«Նաիրյան» վոկալ անսամբլ 

«Մենք ճանապարհը բացում ենք միայն տեխնիկան դուրս բերելու համար: Մեր ակցիան կդադարի այն ժամանակ, երբ Լիդիանը հեռանա: Երբ առաջին անգամ 5 օրով փակեցինք, բացելուց հետո իրենք սկսեցին եռակի թափով աշխատել, դրա համար մենք ժամանակ չունեինք դիմել, սպասել` ով ինչ կպատասխանի: Իմ կարծիքով` ամենաճշիտ տարբերակն այն է, որը մենք արեցինք: Մեր ուզածը մեր առողջությունը, մեր Ջերմուկը, մեր ջրերը պահպանելն է: Միայն մեկ միտք կա, որ այստեղ հանք չլինի, պաշտոնական մակարդակով դա պետք է հայտարարվի», - ասացին տեղացիները:

Ամուլսարի ծրագրի իրականացումից տուժել է Գնդեվազ բնակավայրը: «Արդեն 3 անգամ վնասվել է գյուղի խմելու ջրի ջրատարը, հողային աշխատանքների ժամանակ փոշին տարածվում է ամբողջ տարածքով:

Էկոլոգիական վտանգները շատ մեծ են: Գինականներն ահազանգում են այդ վտանգների մասին: Բնականորեն դա էկոլոգիական մեծ աղետ է և կարելի է համարել էկոլոգիական հանցագործություն մեր տարածաշրջանի համար: Ողջ հայությունը կզգա այդ վնասները, դրա հետևանքով կաղտոտվեն մեր քաղցրահամ ջրի պաշարները, մեր երկու գետերը` Որոտան, Արփա, Սպանդարյանի և Կեչուտի ջրամբարները, աղտոտված թթվային ջրերը կհոսեն Սևան: Եթե Սևանի ջրի բաղադրությունը ինչ-որ չափով փոխվի, դա մեծ աղետ կլինի ողջ հայության համար: Մեզ համար ցանկալի արդյունքը նա է, որ Ամուլսարի ծրագիրը փակվի և չգործի», - ասաց Գնդեվազի բնակիչ Միհրդատ Ներսիսյանը:

Միհրդատ Ներսիսյան

Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման ծրագրի իրականացման ընթացքում խախտվել են  մարդկանց առողջության և առողջ շրջակա միջավայրում ապրելու, սեփական գործունեության ընտրության, տեղեկատվության մատչելիության իրավունքները:  Ամուլսարի ծրագրի ռիսկերը, իրավունքների ոտնահարումները, դրանց համար պատասխանատուները և պայքարի գործողությունները ներկայացված են ԷկոԼուրի կողմից մշակված «Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման ծրագրի «կանաչ» իրավունքների խախտումների ռեեստր գործիքում»:



21:26 Հուլիս 25, 2018


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news