«Թեղուտ» ՓԲԸ-ն հերքում է նոր պոչամբարի կառուցման մասին լուրերը

«Թեղուտ» ՓԲԸ-ն հերքում է նոր պոչամբարի կառուցման մասին լուրերը

ԷկոԼուր

Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրը շահագործող «Թեղուտ» ՓԲԸ-ն հերքում է նոր պոչամբարի կառուցման մասին լուրերը: Ընկերությունը վստահեցնում է, որ ամրապնդելու է եղած պոչամբարի պատվարը, նաև, հնարավոր է, պոչամբարի համար նախատեսված տարածքում նոր տեղամասի պատվարի կառուցում:

Ներկայացնում ենք ԷկոԼուրի և «Թեղուտ» ՓԲԸ-ի հարցուպատասխանները:

1. Թեղուտի պոչամբարի պատվարի կայունության բարելավման աշխատանքների համար արդյո՞ք իրականացվում են երկրաբանատեխնիկական աշխատանքներ, լաբորատոր փորձարկումներ և դրանց հիման վրա ի՞նչ նախագծեր են կազմվում:

Պոչամբարի պատվարի կայունության բարելավումը կամ ընդհանրապես պոչամբար կառուցելը ենթադրում է մի շարք տեխնիկական խնդիրների լուծում՝ այդ թվում համապարփակ ճարտարագիտական նախագծի կազմում: Սովորաբար, որպես միջազգային ընդունված լավագույն փորձ, հանքարդյունահանող կազմակերպություններն իրենց գործունեության ընթացքում պարբերաբար իրականացնում են շահագործման ենթակա և շահագործվող պոչամբարների այսպես կոչված «աշխատունակության» վերաբերյալ գեոտեխնիկական հետազոտություններ: «Թեղուտ» ՓԲ ընկերությունը ևս, որպես ոլորտի արտադրական և հատկապես բնապահպանական խնդիրների միջազգային չափորոշիչների պահպանմանը համահունչ տնտեսվարող, պարբերաբար իրականացնում է համանման հետազոտություններ, դրանց կատարմանը ներգրավելով նաև միջազգային հեղինակավոր ընկերությունների: Իրականացված ամենավերջին գեոտեխնիկական հետազոտության արդյունքում Ընկերությունը տվյալներ է ստացել պոչամբարի «աշխատունակության» հետ կապված որոշ ռիսկերի մասին: Ստացված տվյալները քննարկվել են ոլորտի տարբեր մասնագետների հետ՝ ախտորոշված ռիսկերի առկայությունը ևս մեկ անգամ հավաստելու նպատակով: Ընկերության պատվերով կատարված հետազոտությունների արդյունքում կազմված հաշվետվությունները Ընկերության կողմից տրամադրվել են նաև ՀՀ պետական լիազոր մարմիններին՝ հաշվառելու և հետագա վերահսկողություն իրականացնելու համար։ Ներկայում Ընկերությունը պատրաստվում է ներգրավել միջազգային ճանաչում ունեցող կազմակերպության, այդ նպատակով համապատասխան բանակցություններ է վարում հավանական կատարողների հետ։ Այդ թվում, քննարկվում են իրականացվելիք հետազոտությունների տեխնիկական առաջադրանքը, ժամկետները և ծառայությունների արժեքները և այլ տեխնիկական հարցեր։ Ակնկալվում է, որ ընտրված մասնագիտացված կազմակերպությունը կիրականացնի համապարփակ հետազոտական աշխատանքներ, ներառյալ խորքային երկրաբանատեխնիկական ու լաբորատոր փորձարկումներ, որոնց հիման վրա կներկայացնի միջազգային ստանդարտներին համահունչ դետալացված տեխնիկական լուծման լավագույն տարբերակը:

Նշված արդյունքների (ներառյալ՝ բոլոր անհրաժեշտ ելակետային տվյալների) ստացումից հետո, որպես հաջորդ քայլ Ընկերությունը կկազմակերպի առաջարկված տեխնիկական լուծման հիման վրա համապատասխան նախագծային(այդ թվում՝ շինարարական) փաթեթի կազմումը՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:

2. Արդյո՞ք «Թեղուտ» ՓԲԸ-ն նախատեսում է նոր պոչամբար կառուցել, եթե այո, ապա խնդրում ենք տեղեկացնել, թե նոր պոչամբարը որտեղ եք նախատեսում կառուցել, այն քանի հեկտար տարածք է զբաղեցնելու, ինչ տարողունակություն է ունենալու, քանի տարվա համար է նախատեսված լինելու և արդյոք նախատեսվում են ծառահատումներ նոր պոչամբարի համար:

Նախ, հետագա թյուրիմացություններից և տարընկալումներից խուսափելու համար պետք է նշենք, որ խոսքը ոչ թե նոր պոչամբարի կառուցման, այլ եղած պոչամբարի համար նախատեսված տարածքում նոր տեղամասի պատվարի մասին է: Այսինքն, որևէ պարագայում խոսք չի կարող գնալ պոչամբարի համար նախատեսված տարածքների ավելացման մասին, իսկ հնարավոր ծառահատումները լինելու են բացառապես գործող անտառահատման ծրագրի շրջանակներում։ Ընդ որում, պոչամբարի նոր տեղամասի պատվարի կառուցումը դիտարկվում է որպես ի հայտ եկած խնդիրների լուծման հնարավոր տարբերակ (տարբերակներից մեկը) և այդ տարբերակի կենսունակության հավաստումը կարող է առկա լինել սույն պատասխանի 1-ին կետում նկարագրված հետազոտությունների ամբողջական ավարտից և առկա խնդիրների լուծման լավագույն տարբերակն ընտրելուց հետո: Այսինքն, լուծումների ողջ տիրույթը դեռ գտնվում է քննարկման փուլում և վերջնական որոշում հօգուտ որևէ տարբերակի դեռ չի կայացվել: Այնուամենայնիվ, այս պահի դրությամբ կարելի է ասել, որ եթե նույնիսկ պոչամբարի նոր տեղամասի պատվարի կառուցման տարբերակը հիմնավորվի համապատասխան խորքային վերլուծությամբ, նախատեսվում է վերջինս կառուցել առկա պոչամբարի համար նախատեսված տարածքի մի հատվածում՝ նույն կիրճում, փոքր ինչ հոսանքն ի վեր:

3. Նոր պոչամբարի կառուցման դեպքում ի՞նչ ճակատագիր է սպասվում ներկայիս պոչամբարին:

Լուծման ցանկացած տարբերակ անվերապահորեն ենթադրում է առկա պոչամբարի պատվարի կայունության բարելավում՝ ՀՀ օրենսդրությամբ հիդրոտեխնիկական կառուցվածքներին ներկայացվող պահանջներին (այդ թվում՝ սեյսմիկ անվտանգության) բավարարելու համար: Այս պահին կարելի է հստակ փաստել, որ իրականացվելու են առկա պոչապատվարի ամրապնդման աշխատանքներ:

4. Խնդրում ենք տրամադրել Թեղուտի լեռնահարստացուցիչ կոմբինատի շինարարության և շահագործման, ինչպես նաև Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործման բնապահպանական կառավարման պլանները:

Թեղուտի պղինձ-մոլիբդենային հանքավայրում օգտակար հանածոյի հանքաքարի արդյունահանման և հարստացման գործընթացի կազմակերպման շրջանակներում Ընկերությունը մշտապես միջոցներ է ձեռնարկել արտադրական գործընթացների շարունակական կատարելագործման, միջազգայնորեն ճանաչված փորձի ու ստանդարտների, ներառյալ՝ արտադրական անվտանգության և աշխատանքի պաշտպանության, և հատկապես բնապահպանական կառավարման համակարգերի ներդրման ուղղությամբ: Այս գործընթացներում Ընկերությունը համագործակցել է մի շարք միջազգայնորեն ճանաչված կազմակերպությունների հետ։ Շուրջ 6 տարի ընթացած շարունակական աշխատանքների արդյունքում Ընկերության գործունեությունը ճանաչվել է ISO 14001:2004 (Բնապահպանական կառավարման համակարգեր) և BS OHSAS 18001:2007 (Արտադրական անվտանգության և աշխատանքի պաշտպանության կառավարման համակարգեր) ստանդարտներին համապատասխանող, որի վերաբերյալ Ընկերությանը տրվել են համապատասխան հավաստագրեր։ Կից ներկայացնում ենք միասնական կառավարման համակարգի ներդրման պլան-ժամանակացույցը, ինչպես նաև միջազգային ստանդարտներին համահունչ բնապահպանական կառավարման համակարգերի առկայության ISO 14001:2004–ի հավաստագրի պատճենը:

5. Արդյո՞ք Թեղուտի պոչամբարն ունի անվտանգության անձնագիր: Եթե այո, խնդրում ենք տրամադրել պատճենը և Թեղուտի պոչամբարի շահագործման տեխնիկական հրահանգները:

Ընկերությունը 2015թ. մշակել և ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարություն է ներկայացրել Թեղուտի պոչամբարային տնտեսության՝ որպես արտադրական վտանգավոր օբյեկտի տեխնիկական անվտանգության վկայագիրը, որի հիման վրա պոչամբարային տնտեսությունը գրանցվել է արտադրական վտանգավոր օբյեկտների ռեեստրում:
Թեղուտի պոչամբարի շահագործման տեխնիկական հրահանգների մասով տեղեկացնում ենք, որ պոչամբարի շահագործումը տեղի է ունեցել պոչամբարի շահագործման տեխնոլոգիական նախագծին համապատասխան:

Օգոստոս 30, 2018 at 11:38


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր