«Տեղի բնակչությունը և կառավարությունը ենթարկվում են մանիպուլյացիաների». Ինգա Զարաֆյանը՝ Ալավերդու պղնձաձուլարանի փակման մասին

«Տեղի բնակչությունը և կառավարությունը ենթարկվում են մանիպուլյացիաների». Ինգա Զարաֆյանը՝ Ալավերդու պղնձաձուլարանի փակման մասին

ԷկոԼուր

«Ալավերդու պղնձաձուլական գործարանը Հայաստանի կառավարությունը չի փակել, «Էյ-Սի-Փի» ընկերությունն է կանգնեցրել գործարանի աշխատանքը: Կառավարությունը՝ ի դեմս տեսչական մարմնի, ներկայացրել է իր պահանջները՝ կամ պետք է վճարես, կամ՝ չարտանետես: Այս իրավիճակում և տեղի բնակչությունը, և կառավարությունը ենթարկվում են մանիպուլյացիաների: Սա շանտաժի նման մի բան է, որը մենք պետք է չընդունենք: Պետք է հասկանանք՝ այս տարիների ընթացքում այդ ընկերությունը որքան շահույթ է ստացել և ինչ գումարներ պետք է վճարի պետությանը մեր օրենքների համաձայն», - ասաց «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի նախագահ Ինգա Զարաֆյանը հոկտեմբերի 22-ին՝ «Հենարան» մամուլի ակումբում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ:

«Վալլեքս’ խմբի մեջ մտնող «Էյ Սի Փի» ընկերությունը դադարեցրեց Ալավերդու պղնձաձուլական գործարանի աշխատանքը 2018 թ-ի հոկտեմբերի 19-ին: Ընկերությունը պահանջում է կառավարությունից արտոնություններ՝ արտանետումների ավելացում, տուգանքների չեղարկում և այլն:

Ինգա Զարաֆյանը հիշեցրեց, որ Ալավերդու պղնձաձուլական գործարանը, ինչպես «Վալլեքս»-ին պատկանող «Թեղուտ» ՓԲԸ-ի գույքը, գրավադրված է ռուսական ՎՏԲ բանկում, և հնարավոր է, որ բանկը վաճառի այն նոր սեփականատիրոջ:

«Վիճակը ճգնաժամային է, կարելի է ասել՝ աղետալի: Ակնհայտ է, որ պատրաստի լուծում ոչ ոք չունի՝ ոչ ընկերությունը, ոչ կառավարությունը, ոչ ՎՏԲ բանկը: Հարց է առաջանում՝ արդյո՞ք այս «գույք պարտքի դիմաց» գործընթացում բանկն իր վրա կվերցնի այդ երկու ընկերությունների սոցիալական և բնապահպանական պարտավորությունները, - ասաց Ինգա Զարաֆյանը և շարունակեց, - 2013 թ-ից բնապահպանության նախարարությունը հաստատել է մոտ 28 հազար տոննա տարեկան ծծմբի անհիդրիդի արտանետում: Երբ այդ արտանետումները դուրս են գալիս և խառնվում են ջրի հետ, առաջանում է մոտ 42 հազար տոննա ծծմբային թթու: Մարդիկ ամեն տարի շնչում են այդ քանակի թունավոր արտանետումներ: Ընկերությունը պահանջում է առանց ավել գումար վճարելու նորից արտանետել այդքան քանակ, բայց 2013 թ-ից մինչև 2017 թ-ը պարտավորություն ունեին իջեցնել արտանետումների քանակը մինչև նորմատիվը: Ոչ մի միջոցառում արված չէ, բացի ծխնելույզն ավելի բարձր կետ տեղափոխելուց: Եվ եթե առաջ միայն Ալավերդին էր գտնվում արտանետումների ազդեցության տակ, հիմա թունավորվում է ավելի մեծ շառավիղով տարածք: Անգամ Հաղպատ բնակավայր, որտեղ տուրիստների մեծ հոսք կա, այդ արտանետումները հասնում են»:

Զարաֆյանը նշեց, որ «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ն Ալավերդու պղնձաձուլարանի և Թեղուտի ծրագրի վերաբերյալ նամակ է ուղղել ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանին, որպեսզի կառավարությունը պահանջի «Վալլեքս» գրուպից ֆինանսական աուդիտի հետ ներկայացնել նաև բնապահպանական և սոցիալական աուդիտ:

«Մենք վերջապես պետք է հասկանանք իրական վնասների չափը: Պետք է ստեղծվի աշխատանքային խումբ՝ բոլոր շահագրգիռ կողմերի, այդ թվում տեղի բնակչության ներգրավմամբ: Այս հարցում պահանջվում է կառավարության միջամտությունը: Առանց դրա ընկերությունն իր վրա ոչ մի պարտավորություն չի վերցնի, ոչ մի ներդրում չի անի», - ասաց Ինգա Զարաֆյանը:

«Հանուն կայուն մարդկային զարգացման» ասոցիացիայի նախագահ Կարինե Դանիելյանի կարծիքով՝ խնդիրը լուծելի է, միայն թե դրա համար կամք է հարկավոր. «Այսօր կան նոր տեխնոլոգիաներ, պարզապես դրանք թանկ են: Այդ դեպքում այն շահույթը, որը ստանում է ընկերությունը, խիստ կրճատվում է, բայց խնդիրը լուծելի է»:

Կարինե Դանիելյանը նշեց, որ հարկավոր է Ալավերդիում այլընտրանքային տնտեսական զարգացման ուղիներ գտնել. «Եվ փակելն է ճիշտ, և բողոքելը: Երբ բնապահպանական, սոցիալական և տնտեսական խնդիրները կոնֆլիկտի մեջ են մտնում, շատ վատ է և բնակչության, և երկրի համար: Բոլոր դեպքերում, մարդկանց սոցիալական խնդիրները պետք է լուծել, զուգահեռ պետք է ստեղծել հնարավորություն մարդկանց աշխատանքի համար, այլընտրանքային տարբերակ տալ, հետո նոր փակել: Ակնհայտ է, որ Լոռին այլընտրանքային տնտեսական զարգացման կարիք ունի»:

13:59 Հոկտեմբեր 23, 2018


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news