Առողջարանային տուրիզմը Ջերմուկում կարող է փակվել Ամուլսարում հանքարդյունաբերության պատճառով

Առողջարանային տուրիզմը Ջերմուկում կարող է փակվել Ամուլսարում հանքարդյունաբերության պատճառով

ԷկոԼուր

Առողջարանային տուրիզմը Ջերմուկում կարող է փակվել Ամուլսարում հանքարդյունաբերության պատճառով: Տուրիզմի նկատմամբ վտանգների մասին հայտարարեցին «Օլիմպիա» առողջարանի տնօրեն Տիգրան Մարգարյանը և «Վերոնա» առողջարանի տնօրեն Արտակ Մարկոսյանը «Նոյան տապան» լրատվական գործակալությունում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ: Նրանց կարծիքով առողջարանը և հանքարդյունաբերությունը անհամատեղելի են նույն տարածքում: Խոսքը Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման ծրագրի մասին է: Հանքավայրը Ջերմուկից 8-10 կմ հեռավորության վրա է գտնվում: Առողջարանների տնօրենները վստահեցնում են, որ հանքարդյունաբերության նախապատրաստական փուլում արդեն տուրիստների քանակը նվազել է:

Այս կապակցությամբ «Նոյյան Տապանի հաղորդգրության մեջ նշված է. «Ջերմուկը, ջերմուկցիներն ահազանգում են. Ջերմուկը՝ որպես առողջարանային և հանգստի քաղաք, կարող է վերանալ: «Նոյյան Տապան» լրատվական կենտրոնում այսօր «Ջերմուկում տուրի՞զմ, թե հանքարդյունաբերություն» թեմայով հրավիրված մամուլի ասուլիսում այս մասին ահազանգեցին Ջերմուկի «Վերոնա» առողջարանի տնօրեն Արտակ Մարկոսյանը և «Օլիմպիա» առողջարանի տնօրեն Տիգրան Մարգարյանը: Վերջինս նշելով, որ Հայաստանում մարդկանց մի մեծ զանգված տեղյակ է Ամուլսարի խնդրին, բայց այն հիմնականում արծարծվում է բնապահպանական վտանգների առումով, ասաց, որ այսօր ցանկանում է խոսել ոչ միայն բնապահպանության, այլև Ջերմուկին՝ որպես առողջարանային քաղաքի, սպառնացող վտանգի, այսինքն՝ ինչ կլինի նրա հետ, եթե քաղաքին շատ մոտ աշխատի հանքարդյունաբերության այդպիսի մի խոշոր կենտրոն: «Խնդիրը նրանումն է, որ մենք, որպես առողջարանների սեփականատերեր, այս ընթացքում (սա մեկ տարվա խնդիր չէ, երկար խնդիր է) փորձել ենք մեր կողմից կատարել մոնիտորինգ, շփվել մեր այցելուների հետ, փորձել ճշտել նրանց վերաբերմունքն այս հարցին, և այն պատկերն ենք ստացել, որ գերակշռող մասը դեմ է, որպեսզի Ջերմուկում լինի նման կառույց՝ հանքարդյունաբերության տեսքով,- ասաց Տիգրան Մարգարյանը:- Նրանց վերաբերմունքն այն է, որ կնախընտրեն գնալ ուրիշ տեղ՝ իրենց առողջությունը կազդուրելու, ոչ թե կգան Ջերմուկ»: «Օլիմպիա»-ի տնօրենն այսպիսով բարձրացրեց ոչ միայն ջերմուկցիների, այլև այնտեղ կազդուրման, առողջանալու նպատակով եկող անձանց խնդիրը: Տիգրան Մարգարյանի տեղեկացմամբ, այժմ Ջերմուկում 6 խոշոր առողջարան կա, 2019 թվականին ավելանալու է ևս մեկը, կան նաև կառուցվող այլ առողջարաններ: Ջերմուկն առողջարանային քաղաք է, բայց Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործումից հետո դադարելու է այդպիսին լինելուց: Ըստ նրա, երկու առողջարան «Լիդիան Արմենիա» ընկերության հետ համագործակցության պատճառով արդեն մոտ 2 տարի չեն աշխատում, ինչի հետևանքով Ջերմուկ այցելուների թիվն այդ ընթացքում ահագին նվազել է: Անդրադառնալով հանքի շահագործման դեպքում առողջարաններ եկող այցելուների հոսքի սպասվող նվազեցմանը, Տիգրան Մարգարյանն ասաց. «Մարդը եթե պետք է ծախսի գումար, եթե պետք է գա ինչ-որ նպատակով, և իր համար ինչ-որ անհասկանալի հարց է լինում, նա կգնա ուրիշ տեղ, որտեղ իրեն ավելի ապահով է կզգա, ոչ թե այնպիսի տեղ, որտեղ կարող է ինչ-որ հարցերով անհանգիստ լինել, նամանավանդ, երբ որ նրանք գալիս են ընտանիքներով, երեխաներով: Մարդն իր երեխաների մասին մտածում է և չի փորձի ռիսկի ենթարկել առանց վստահ լինելու…»: Ըստ «Օլիմպիա»-ի տնօրենի, եթե Ջերմուկում առողջարանները փակվեցին զբոսաշրջիկների բացակայության պատճառով, ապա մոտ 2000 իրար փոխկապակցված աշխատատեղ կփակվի, այսինքն՝ անհամեմատ ավելին, քան «Լիդիան Արմենիա» ընկերության խոստացած 700 աշխատատեղը: Պատասխանելով «Տուրի՞զմ, թե հանքարդյունաբերություն» հարցադրմանը, «Վերոնա» առողջարանի տնօրեն Արտակ Մարկոսյանն ասաց՝ միանշանակ տուրիզմ, ու բացատրեց, թե ինչու. «Սկսենք բնապահպանականից: Շատ է արծարծվել այս հարցը, բնապահպանական նկատառումները բոլորը գիտեն, բոլոր եզրակացությունները գիտենք և՛ մի կողմից, և՛ մյուս կողմից, բայց շատ մեծ բան չի պահանջվում պատկերացնելու, որ ինչքան էլ հանքարդյունաբերողը խոստումներ տա, երաշխիքներ տա, ամեն դեպքում բնության օրենքների դեմ ինքը չի կարող գնալ»»:



16:48 Հոկտեմբեր 27, 2018


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news