«Թեղուտ» ՓԲԸ-ն դուրս է եկել «Վալլեքս» խմբի կազմից

«Թեղուտ» ՓԲԸ-ն դուրս է եկել «Վալլեքս» խմբի կազմից

ԷկոԼուր

«Թեղուտ» ՓԲԸ-ն դուրս է եկել «Վալլեքս» խմբի կազմից: Այս մասին ԷկոԼուրին հայտնեցին «Վալլեքս»-ի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից: Լուրը ԷկոԼուրի հետ հեռախոսազրույցում հաստատեց «Թեղուտ» ՓԲԸ-ի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի մասնագետ Լիլիթ Հակոբյանը: Վերջինս հրաժարվեց հայտնել՝ ով է ընկերության նոր սեփականատերը: ԷկոԼուրը նաև կապ հաստատեց ռուսական «ՎՏԲ» բանկի հետ, որտեղ գրավադրված է «Թեղուտ» ՓԲԸ-ի գույքը, պարզելու համար՝  արդյոք ընկերությունն անցել է բանկին: «ՎՏԲ»-ից ևս պատասխան չստացանք, սակայն խոստացան հարցի վերաբերյալ հետո մեզ հետ կապ հաստատել:

«Թեղուտ» ՓԲԸ-ն Հայաստանում իրականացնում էր Թեղուտի պղնձամոլիբդենային բացահանքի և լեռնահարստացուցիչ ֆաբրիկայի շահագործումը: Ընկերությունը բուն շահագործումը սկսեց 2014 թ-ի դեկտեմբերի 20-ից, իսկ 2018 թ-ի հունվարի 12-ից դադարեցրեց այն: Ընկերության 1000-ից ավելի աշխատակիցներ ազատվեցին աշխատանքից:

Կանգառը կապված էր ֆինանսական և Թեղուտի պոչամբարի տեխնիկական խնդիրների հետ: «Թեղուտ» ՓԲԸ-ն խոստովանեց, որ պոչամբարի կայունության ցուցանիշները չեն համապատասխանում ՀՀ օրենսդրական և միջազգային ամենաբարձր չափորոշիչներին: Ի պատասխան ԷկոԼուրի հարցմանն ընկերությունը վստահեցրեց, որ ամրապնդելու է եղած պոչամբարի պատվարը, նաև, հնարավոր է, պոչամբարի համար նախատեսված տարածքում նոր տեղամասի պատվարի կառուցում: Այնուհետև հայտնի դարձավ, որ «Թեղուտ» ՓԲԸ-ի գույքը գրավադրված է ՎՏԲ բանկում: Այժմ էլ «Թեղուտ» ՓԲԸ-ն դուրս է եկել «Վալլեքս»-ի կազմից, և հարց է՝ ով պետք է ստանձնի ընկերության բնապահպանական, սոցիալական և առողջապահական պարտավորությունների կատարումը: Այս և այլ հարցերի պարզաբանման նպատակով մեկ ամիս առաջ ԷկոԼուրը հարցում էր ուղարկել «Վալլեքս»-ին և չէր ստացել պատասխան:  Քանի որ ընկերությունն այլևս չի պատկանում «Վալլեքս»-ին, ԷկոԼուրը հարցումն ուղղում է «Թեղուտ» ՓԲԸ-ին:

Թեղուտի բացահանքի լուսանկարը վերցված է «Վալլեքս»-ի կայքից

17:54 Նոյեմբեր 15, 2018


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news