ՀՀ բնապահպանության նախարարի պաշտոնակատար Էրիկ Գրիգորյանը` Թեղուտի մասին

ՀՀ բնապահպանության նախարարի պաշտոնակատար Էրիկ Գրիգորյանը` Թեղուտի մասին

ԷկոԼուր

ՀՀ բնապահպանության նախարարությունն այլևս չունի վերահսկողական ֆունկցիա Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի շուրջ ստեղծված իրավիճակի նկատմամբ: Այս մասին նոյեմբերի 23-ի մամուլի ասուլիսի ժամանակ լրագրողներին ասաց Բնապահպանության նախարարի պաշտոնակատար Էրիկ Գրիգորյանը: Ըստ նրա` գնահատականները պետք է տան Արտակարգ իրավիճակների նախարարությունը և Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը:

«Թեղուտի հանքավայրի վերաբերյալ կազմակերպության կողմից վերջին պաշտոնական պարզաբանումների համաձայն՝ պատվարի հետ կապված կան որոշակի տեխնիկական խնդիրներ, և այդ պարագայում նրանք չեն կարող շահագործում իրականացնել: Կարծում եմ՝ պատվարի տեխնիկական մասով Արտակարգ իրավիճակների նախարարությունը նաև պետք է որոշակի պարզաբանում տա:
Վերահսկողական ֆունկցիա Բնապահպանության նախարարությունը չունի, առնչվում է լիցենզիաների, թույլտվությունների և տրված համաձայնությունների շրջանակներում: Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ստուգումների տարեկան պլանում պետք է լինի «Թեղուտ»-ը, որի արդյունքում արդեն կտրվի տեղեկատվություն՝ ինչ վիճակ է», - ասաց Էրիկ Գրիգորյանը:

Նշենք, որ «Տեսչական մարմինների մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կառավարման խորհուրդը ռոտացիոն կարգով նախագահում են այդ ոլորտների քաղաքականությունը մշակող մարմինների ղեկավարները կամ նրանց տեղակալները` հաջորդաբար տարին մեկ պարբերականությամբ: Այս տարի խորհուրդը նախագահում է ՀՀ բնապահպանության նախարարը: Բնապահպանության նախկին նախարար Արծվիկ Մինասյանից հետո խորհրդի նախագահն է Էրիկ Գրիգորյանը:

Հիշեցնենք, որ Թեղուտի հանքավայրի կառավարումն ամբողջությամբ անցել է ռուսաստանյան ՎՏԲ բանկին հանքը շահագործող «Թեղուտ» ընկերության վարկային պարտավորությունների դիմաց:

17:11 Նոյեմբեր 26, 2018


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news