Լուիզա Աբրահամյան` ԵՊՀ ժուռնալիսիտկայի ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանողուհի,ԷկոԼուրի համար
Երկրաբան Հովհաննես Կարապետյանի քառասուն տարվա ընթացքում հավաքած 1500 նմուշները հնարավոր է ուսումնասիրել ՀՀ ԳԱԱ երկրաբանական թանգարանում, որը գտնվում է Երկրաբանության ինստիտուտի շենքում: Թանգարանը ստեղծվել է 1938 թ. և կրում է հիմնադիր Հովհաննես Կարապետյանի անունը: Այստեղ ցուցադրական ֆոնդը բաղկացած է վեց՝ հնէաբանության, հանքաբանության, հրաբխականության, հանքային ջրերի, օգտակար հանածոների, ապարաբանության բաժիններից: Թանգարանի տնօրեն Գայանե Գրիգորյանի խոսքով՝ ցուցադրվում է պահեստավորված տասը հազարից ավելի նմուշների մի մասը միայն:
Թանգարանում պահվում են տարբեր ցուցանմուշներ՝ հանքային ապարներ, հազարամյակներ առաջ ապրած փղերի մնացորդներ, անոթով մեկ լիտր նավթ: Վերջինս ամենաթանկ նմուշն է, որը հայտնաբերվել է Գառնիում մոտ 3500 մետր խորության վրա:
Ամերիկահայ կոլեկցիոներ Արա Դիլդիլյանի միներալների հավաքածուն համալրեց թանգարանի ցուցանմուշների շարքը 2012թ.: Գայանե Գրիգորյանը հետաքրքրական համարեց Դիլդիլյանի հետ կապված այն, որ 7 տարեկանում Երկրաբանական թանգարան կատարած նրա առաջին այցելությունը մեծ դեր է ունեցել նրա՝ հետագայում միներալների հավաքածու ձևավորելու գործում: Միներալներն օգտագործվել են բազմազան նպատակներով՝ դեղամիջոցներից մինչև ընտանիքի պաշտպանություն: Սակայն նրանց մեջ թանգարանի տնօրենն առանձնացրեց օբսիդիանը. «Հայաստանում օբսիդիանի մեծ պաշարներ կան: Գրեթե ամեն քայլափոխի կարող ենք գտնել: Մինչդեռ այլ երկրներում քիչ պաշարներ կան: Այս հարստությունը կարող ենք օգտագործել տնտեսության զարգացման համար»:
Սրահում ցուցադրվում է նաև թանգարանի ամենաուշագրավ նմուշներից մեկը` 36.8 կիլոգրամանոց երկաթյա երկնաքարը, որը թանգարանին են նվիրել գիտաժողովներից մեկի ժամանակ:
Մեկ սրահ այն կողմ 1927թ. Գյումրիում հայտնաբերված փղի ոսկորներից վերականգնված կմախքն է: Փղի ժանիքին առկա օղակներից հնարավոր է որոշել նրա տարիքը՝ 6-7 տարեկան:
«Ուսումնասիրություններ կատարվել են նաև այլ վայրերում: Վանա լճի տարածքում հայտնաբերված փղի մնացորդները, որոնք Անգլիայում ուսումնասիրվելուց հետո պիտի բերվեին Հայաստան, այդպես էլ մնացին այնտեղ և այժմ ցուցադրված են Բրիտանական թանգարանում»,- մեզ հետ զրույցում ասաց Գայանե Գրիգորյանը:Ներկայացված են այլ կենդանիների մարմնի մասեր ևս, ռելիեֆային քարտեզներ, հանքաքարեր, Հայաստանում հայտնաբերված ծովային խխունջներ: Սա ուշագրավ է՝ հաշվի առնելով փաստը, որ Հայաստանը ծով չունի:
Թանգարանն ունի «Բնագետ» էկոակումբ, որի տարբեր տարիքային խմբերում երեխաներըծանոթանում են Հայաստանի երկրաբանությանն ու առկա էկոլոգիականհիմնախնդիրներին: Թանգարանը կազմակերպում է բաց դասեր, ուսումնական արշավներ,էքսկուրսիաներ, սեմինարներ, մրցույթներ: Գայանե Գրիգորյանը նշեց, որ թանգարանն ունի տարածքի խնդիր. «Երկրաշարժի 30-ամյակին ընդառաջ, կցանկանայինք առանձին սրահ ունենալ՝ երկրաշարժի ուժգնությունը որոշող սարքերի ցուցադրման համար»:
Լուսանկաները` Լուիզա Աբրահամյանի
Դեկտեմբեր 04, 2018 at 18:46