Չեխ մասնագետները հայտնաբերել են քաղցկեղածին քիմիական միացություն՝ դիօքսին, Ալավերդու տնական հավկիթների մեջ

Չեխ մասնագետները հայտնաբերել են քաղցկեղածին քիմիական միացություն՝ դիօքսին, Ալավերդու տնական հավկիթների մեջ

ԷկոԼուր

Դեկտեմբերի 10-ին չեխ գիտնականները Երևանում ներկայացրեցին ՀՀ Լոռու մարզի Ախթալա, Ալավերդի Շնող համայնքներում իրականացված հետազոտության արդյունքները՝ «Արդյունաբերական աղտոտվածությունը Լոռու մարզում» համաժողովի շրջանակներում:

Նշված համայնքներից դեռ ամռանը չեխ մասնագետները վերցրել էին հողի, ջրի, հավկիթի, մարդու մազի նմուշներ՝ ծանր մետաղներով աղտոտվածությունը և դրա ազդեցությունը մարդկանց առողջության վրա պարզելու նպատակով: Նմուշներն ուսումնասիրվել են Պրահայի քիմիական–տեխնոլոգիական համալսարանի լաբորատորիաներում:

Հետազոտությունն իրականացվել է «Քաղաքացիական հասարակության ներգրավումը Հայաստանում հանքարդյունաբերության վերաբերյալ որոշումների ընդունման գործընթացում» ծրագրի շրջանակում, որն իրականացնում են չեխական «Արնիկա», «Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի» և «ԷկոԼուր» տեղեկատվական հասարակական կազմակերպությունները: Ծրագիրը ֆինանսավորել է Չեխիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը:

Երևանում հետազոտության արդյունքները ներկայացրեցին Պրահայի քիմիական-տեխնոլոգիական համալսարանի մասնագետ Մարեկ Շիրը և չեխական «Արնիկա» կազմակերպության մասնագետ Ժիտկա Ստրակովան (տեսանյութը՝ այստեղ):

Արդյունքների համաձայն՝ ծանր մետաղներով աղտոտվածությունը բավականին մեծ է, ազդում է շրջակա միջավայրի և մարդկանց առողջության վրա: Չեխ գիտնականների կողմից հայտնաբերվել է նոր ռիսկ՝ քաղցկեղածին քիմիական միացություն՝ դիօքսին, բնակիչների կողմից պահվող հավերի հավկիթներում:

Հայաստանում Չեխիայի դեսպանության Հյուպատոսական բաժնի ղեկավար, առաջին քարտուղար Անի Շագինյանովան ասաց, որ «Արնիկա» կազմակերպության նպատակն է մշտադիտարկել իրավիճակը Հայաստանում, աջակցել բնակիչներին, ովքեր ապրում են հանքերի, պոչամբարների մոտակայքում: Իսկ Հայաստանի կառավարություն փորձագետները կարող են ներկայացնել իրենց առաջարկությունները՝ կապված խնդիրների լուծման հետ (տեսանյութը՝ այստեղ):

«Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի» ՀԿ-ի նախագահ Ելենա Մանվելյանն ընդգծեց՝ Լոռու մարզը Հայաստանի հանքարդյունաբերական խոցելի կետերից է:
«Ալավերդու գործարանը, Ախթալայի կոմբինատը, Թեղուտի հանքավայրը, պոչամբարը, լցակույտերը. սրանք են հիմնական աղտոտիչները: Ցավոք, մեր երկրում չի իրականացվում հողի, կենդանիների մթերքների, մարդկանց մազերի՝ ծանր մետաղներով աղտոտվածության մոնիտորինգ: Այս ծրագրի արդյունքում ստացված տեղեկատվությունը տալիս է նոր իմպուլս: Այն, որ հավկիթներում առկա է դիօքսինի մեծ պարունակություն, պետք է գրավի համապատասխան մարմինների ուշադրությունը», - ասաց Ելենա Մանվելյանը (տեսանյութը՝ այստեղ ):

«ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի նախագահ Ինգա Զարաֆյանը շեշտեց՝ խնդիրների լուծումը պահանջում է քաղաքական կամք:

«Այսօրվանից մենք ունենք նոր խորհրդարան և շուտով կունենանք նոր կառավարություն: Այս խնդիրների լուծումները պահանջում են քաղաքական կամք:

Ալավերդու գործարանը շահագործվել է 17-րդ դարի սարքավորումներով, երկար տարիների ընթացքում ոչինչ չի փոխվել, միայն ծխնելույզի տեղն է փոխվել: Այստեղ մենք գործ ունենք էժան և վտանգավոր տեխնոլոգիաների հետ: Այս հարցում պետք է պատասխանատվության կանչել և բիզնեսին, և կառավարությանը, քանի որ ահազանգերը միշտ եղել են, բայց համապատասխան արձագանք՝ ոչ: Աղտոտել են և չեն վճարել, ավելին, կառավարության կողմից արտոնություններ են ստացել: Երբ այս տարի տեսչական մարմինը 380 միլիոն դրամի տուգանք կազմեց, «Վալլեքս.-ը միանգամից հայտարարեց, որ կանգնեցնում է գործարանի աշխատանքը: Սա, իմ կարծիոքով, շանտաժ է: Մարդիկ չունեն այլընտրանք վաղվա համար, ամբողջ քաղաքի ենթակառուցվածքն աշխատում է գործարանի համար, խանութներում պարտքերի մեծ ցուցակներ կան, մետալուրգիական քաղաքի համար սա անհասականալի իրավիճակ է: Մենք ունենք նոր մարտահրավեր՝ դիօքսինի առկայությունը: Այս թունավորումը հասնում է անընդունելի վիճակի:

Թեղուտի հանքով մենք ստացանք նոր աղտոտված տարածք, նոր աղտոտված գետեր: Պաշտոնական տվյալներով՝ Շնող գետը հանքի շահագործումից հետո 2-րդ կատեգորիայից հասավ 5-րդ կատեգորիայի: Հիմա հանքը նոր սեփականատեր ունի, նոր օպերատոր են նշանակել, ռուսական մի ընկերություն է, որի պաշտոնական կայքում Թեղուտի մասին խոսք չկա: Ինչ հարաբերություններ և պարտավորություններ ունեն նրանք համայնքի նկատմամբ՝ պարզ չէ: Մենք պետք է այս հարցում պարզաբանում ստանանք կառավարությունից: Պետք է հասկանանք, որ ունենք նոր կառավարություն, որը կստիպի բիզնեսին կատարել պահանջը՝ աղտոտողը պետք է վճարի և վերջ», - ասաց Ինգա Զարաֆյանը (տեսանյութը՝ այստեղ):

Համաժողովին ներկա էին պետական, հասարակական սեկտորի ներկայացուցիչներ, գիտնականներ, բնապահպաններ: Հետազոտության մանրամասն արդյունքները, համաժողովի մասնակիցների ելույթներն ու առաջարկությունները ԷկոԼուրը կներկայացնի իր հաջորդ հրապարակումներում:

19:26 Դեկտեմբեր 10, 2018


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news