«Թաթսթոուն» ՍՊԸ-ն մտադիր է վերագործարկել Լիճքի պղնձի հանքավայրը

«Թաթսթոուն» ՍՊԸ-ն մտադիր է վերագործարկել Լիճքի պղնձի հանքավայրը

ԷկոԼուր

«Թաթսթոուն» ՍՊԸ-ն մտադիր է վերագործարկել Սյունիքի մարզում Լիճքի պղնձի հանքավայրը: Հանքավայրի շահագործման համար ընկերությունը ցանկանում է ՀՀ բնապահպանության նախարարության Ջրային ռեսուրսների կառավարման գործակալությունից ստանալ Մեղրի գետի Այրիջուր վտակից ջրառի ջրօգտագործման թույլտվություն: Սույն թվականի հունվարի 30-ին բնապահպանության նախարարության շենքում անցկացված հանրային քննարկման ժամանակ Ջրային ռեսուրսների կառավարման գործակալության պետ Էդգար Փիրումյանը նշեց, որ ընկերությունը դիմել է 1.74 լ/վրկ ջրառի հայտով: «Ընկերությունն ուզում է ջուր վերցնել հանքի համար, Լիճքի հանքի, որը ներկայում չի աշխատում», - նշեց Էդգար Փիրումյանը:

Քննարկմանը ներկա էին նաև Ջրօգտագործման թույլտվությունների բաժին պետ Սևակ Մաթիլյանը, Հայկական բնապահպանական ճակատի անդամ Լևոն Գալստյանը, ծնունդով Լիճք գյուղից Հարութ Ստեփանյանը, ԷկոԼուր կազմակերպության լրագրող Մոնիկա Երիցյանը: «Թաթսթոուն» ՍՊԸ-ից ներկայացուցիչ չկար: Էդգար Փիրումյանի խոսքով՝ ընկերության մասնակցությունը հանրային քննարկմանը պարտադիր պայման չէ:

«Թաթսթոուն» ՍՊԸ-ն Լիճքի հանքավայրի շահագործման համար դրական եզրակացություն ստացավ 2015 թ-ի դեկտեմբերին: Շահագործեց հանքավայրն ընկերությունը մինչև 2018 թ-ի մայիսը: Հանրային քննարկման ժամանակ Ջրօգտագործման թույլտվությունների բաժին պետ Սևակ Մաթիլյանը հայտնեց, որ ընկերությունը Մեղրի գետի Այրիջուր վտակից ջրառի համար նախկինում ջրօգտագործման թույլտվություն չի ունեցել: ՀԲՃ-ի անդամ Լևոն Գալստյանը նշեց, որ այդպիսով «Թաթսթոուն»-ը խախտել է 2015 թ-ին տրված բնապահպանական եզրակացության պահանջներից մեկը:

«2015 թ-ին ստացված փորձաքննական եզրակացության մեջ հստակ գրված է, որ մինչև գործունեության իրականացումն անհրաժեշտ է ստանալ ջրօգտագործման թույլտվություն: Ըստ էության, ընկերությունը մինչև 2018 թ-ի մայիսը գործունեություն է իրականացրել առանց ջրօգտագործման թույլտվության, խախտել է փորձաքննական պահանջը: Կարծում ենք, որ տվյալ եզրակացությունը պետք է չեղյալ ճանաչվի», - ասաց Լևոն Գալստյանը:

«Եթե անգամ տրամադրում ենք ջրօգտագործման թույլտվություն, դրվում է պայման՝ 1 տարվա ընթացքում նախագիծ ներկայացնել բնապահպանական փորձաքննության: Եկեք չխառնենք ջրօգտագործումը հանքարդյունաբերության հետ: Մենք էլ ենք շահագրգռված, որ եթե խախտումներ կան, չտանք ջրօգտագործման թույլտվություն, բայց խախտումների վերաբերյալ պետք է ներկայացվեն հիմնավոր պատճառներ», - ասաց Սևակ Մաթիլյանը:

«Ամռանը՝ հունիսի կեսից հետո, գետում ջուր չկա:  Լիճքի հանքից մոտ 4-5 կմ վերև շատ մեծ քանակի ջուր է վերցնում Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատը, հանքի կողքից՝ 200 մ հեռավորության վրա, վերցնում են Մեղրի քաղաքի խմելու ջուրը, իսկ անմիջապես 100 մ ներքև ջուր է վերցնում ՀԷԿ-ը: ՀԷԿ-ից հետո ջուր չի մնում գետում», - ասաց քննարկման մասնակից, ծնունդով Լիճք գյուղից Հարութ Ստեփանյանը:

«Գնահատվելու է՝ գետի ջուրը բավարար է, թե՝ ոչ, համապատասխան հաշվարկ է արվելու: Կա առաջնահերթություն. խմելու ջրի գերակայությունը միանշանակ բարձր է արդյունաբերական նպատակով ջրի նկատմամբ», - նշեց Էդգար Փիրումյանը:

«Ոչ Հայհիդրոմետը, ոչ Թաթսթոունը, ոչ էլ դուք չգիտեք ինչքան ջուր է հոսում Այրի գետում, որովհետև այնտեղ չկա ջրաբանական կետ:  Մինչև այդ տվյալները չունենանք, մենք չենք կարող ասել՝ Այրի գետում ինչքան ջուր մնաց մինչև Թաթսթոունի ջրառի կետը», - արձագանքեց Լևոն Գալստյանը:

Էդգար Փիրումյանը նշեց, որ ընկերության հայտի վերաբերյալ քաղաքացիներն իրենց առարկությունները կարող են 3-օրյա ժամկետում գրավոր ներկայացնել նախարարությանը: «Հանրային կարծիքը հիմք է` կրկին անգամ վերանայելու կամ հայտը մերժելու համար», - շեշտեց Էդգար Փիրումյանը:

Հիշեցնենք, որ Լիճքի պղնձի և նոր հանքավայրերի շահագործումն արգելելու պահանջով 2018 թ-ի մայիսին Մեղրի համայնքի բնակիչները ստորագրահավաք անցկացրեցին, դիմեցին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Տեղացիներն ահազանգեցին՝ Լիճքի հանքավայրը գտնվում է Մեղրի քաղաքի և այլ բնակավայրերի խմելու ջրամատակարարման ջրաբաշխիչ համակարգի սանիտարական գոտում, հանքավայրի շահագործումը կարող է որակական և քանակական բնույթի շատ լուրջ ազդեցություն թողնել Մեղրի գետի ջրի և խմելու ջրամատակարարման համակարգի վրա: Հանքավայրի տարածքով է հոսում նաև տարածաշրջանը ոռոգման ջրով ապահովող Մեղրի գետը և Զվարագետը, որոնց աղտոտումը ծանր և վտանգավոր մետաղներով անխուսափելի է:

Նշենք, որ Լիճքի հանքավայրի շահագործման հարցը նաև քննվում է ՀՀ վարչական դատարանում: Հայցվոր «Էկոլոգիական իրավունք» ՀԿ-ն պահանջում է առ ոչինչ ճանաչել Լիճքի պղնձի հանքավայրի շահագործումը թույլատրող փաստաթղթերը, քանի որ հանքավայրի մի մասը գտնվում է «Արևիք» ազգային պարկի տարածքում: Իսկ ՀՀ հողային օրենսգրքի 19-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն՝ հատուկ պահպանվող տարածքների հողերի վրա դրանց գործառնական նշանակությանը և սահմանված իրավական ռեժիմին հակասող ցանկացած գործունեություն արգելվում է:

Հունվար 31, 2019 at 15:27


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր