
ԷկոԼուր
ՀՀ Լոռու մարզի Ալավերդի համայնքի ավագանին ուղերձ է հղել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին Ալավերդու պղնձաձուլական գործարանը վերագործարկելու պահանջով: Պատճենը ուղարկվել է ՀՀ Ազգային ժողովին և ՀՀ կառավարությանը:
«Վալլեքս» ընկերությունների խմբին պատկանող «Արմենիան Քափըր Փրոգրամ» ՓԲԸ-ն (Էյ-Սի-Փի) կանգնեցրեց Ալավերդու պղնձաձուլական գործարանի աշխատանքը 2018 թ-ի հոկտեմբերի 19-ին: «Էյ-Սի-Փի» ընկերության ակտիվներն ու բաժնետոմսերը գրավադրված են ռուսական «ՎՏԲ» բանկում Թեղուտի լեռնահանքային համալիրի կառուցման շրջանակներում:
Ալավերդու ավագանու ուղերձում մասնավորապես նշված է.
«Շուրջ երեք ամիս է, ինչ պղնձաձուլական գործարանի աշխատողները և Ալավերդի քաղաքը սպասողական, անորոշ վիճակում են: Ալավերդին և ալավերդցիները սպասում են, թե ինչպես են իրենց հետագան տնօրինելու և իրենց փոխարեն որոշելու ՎՏԲ բանկը, ձեռնարկության սեփականատերը և Հայաստանի կառավարությունը:
…Ընդերքի հարստությունների առկայության պայմաններում չհիմնավորված շռայլություն է հանքարդյունահանող արդյունաբերության զարգացման պետական խելամիտ ծրագիր չմշակելը: Հայաստանը պետք է դադարի հումքային կցորդ լինելուց ոչ թե հանքարդյունահանող ձեռնարկությունները փակելու, այլ բնապահպանական լուծումներով հանքավերամշակող ձեռնարկություններ կառուցելու և մետաղական վերջնական արտադրանքով համաշխարհային շուկա մտնելու ճանապարհով: ՀՀ խտանյութը պետք է վերամշակվի ՀՀ-ում և դրանով իսկ նպաստի նոր աշխատատեղերի ստեղծմանը:
…Ազատ, անկախ, հպարտ և աշխատասեր ալավերդցիներն իրենց քաղաքը լքելու ոչ մի ցանկություն չունեն: Նրանք ընդամենը աշխատանք են ուզում և ոչ մի կապ չունեն դատ ու դատաստանների հետ: Ալավերդցիներն ունեն հարցի հանգուցալուծման իրենց տարբերակը, և նրանց ամենևին հետաքրքիր չէ, թե իրավական ինչ հանգուցալուծումներ են անհրաժեշտ դրա համար: Գրավավարկային պարտավորությունների հարթության վրա պղնձաձուլական գործարանի համար 2019 թ-ի մարտի 1-ը պետք է սահմանագծվի որպես զրոյական վիճակ, և գործարանը պետք է վերագործարկվի: Կաշենի, Քաջարանի և Ախթալայի պղնձի խտանյութերի հաշվին պետք է ապահովել Ալավերդու պղնձաձուլական գործարանը հումքի անհրաժեշտ քանակով: Համայնքին կարևոր է այս ամենին զուգահեռ պետական մակարդակով նպաստել և իրագործել Չինական պղինձ ծրագիրը»:
Ավագանին պահանջում է ձեռնարկել կոնկրետ քայլեր Ալավերդուց արդեն իսկ պատրաստվող արտագաղթի ալիքը կանխելու ուղղությամբ, ոչ թե ապագայում աշխատատեղեր խոստանալ, որը կարող է և չլինել: «Ցանկությունը դեռ իրականություն չէ, կամենալը դեռ ապահովել չէ», - նշված է ուղերձում:
18:02 Փետրվար 07, 2019