«Քաջարանում ստուգումներից ունեցել եմ մեկ մեսիջ». տեսչության պաշտոնաթող պետը` ԶՊՄԿ-ում տեսչական ստուգումների մասին

«Քաջարանում ստուգումներից ունեցել եմ մեկ մեսիջ». տեսչության պաշտոնաթող պետը` ԶՊՄԿ-ում տեսչական ստուգումների մասին

ԷկոԼուր

«Քաջարանում ստուգումներից ունեցել եմ մեկ մեսիջ՝ այն պետք է համապատասխանի առնվազն Գերմանիայում իրականացվող հանքարդյունաբերության ստանդարտներին: Մեր օրենսդրության շրջանակներում իրականացվել է դետալային ստուգում, որով, կարծում եմ, կարող է տրվել հարցի պատասխան, թե որքանով է այդ ընկերությունն իրականացնում հանքարդյունաբերություն Գերմանիայում իրականացվող հանքարդյունաբերության ստանդարտներին համապատասխան»,- հայտարարեց  Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի պաշտոնաթող ղեկավար Արթուր Գրիգորյանը «Հյուման Ռայթս Հաուս Երևան»-ում ներկայացրած հանրային հաշվետվության ժամանակ:

Արթուր Գրիգորյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ պաշտոնաթող եղավ այն ժամանակ, երբ ավարտվեցին ստուգումները Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում և արդեն պետք էր ամփոփել արդյունքները: Սա է պատճառը, որ Արթուր Գրիգորյանի անակնկալ պաշտոնանկությունը հանրության շրջանում կապում են հենց ԶՊՄԿ-ի հետ: Ընդ որում, որոշման ստորագրման օրը Հայաստանի վարչապետը գտնվել է Շվեյցարիայի Դավոս քաղաքում:

«Ես սպասում էի` վարչապետը վերադառնար Դավոսից, որպեսզի նրան ներկայացնեմ Քաջարանի ստուգումները», - ասաց Արթուր Գրիգորյանը՝ նշելով, որ մանրակրկիտ ստուգումներ են իրականացվել, երկու անգամ ջրի փորձանմուշներ են վերցվել, ուսումնասիրվել են պոչամբարի և հարակից տարածքի հողերը, տեսչական մարմինը աշխատանքներին ներգրավել է լավագույն մասնագետներին` սխալներ թույլ չտալու համար:

Նա նշեց. «Այս պայմաններում, երբ տեսչական մարմնի ղեկավարն ազատված է աշխատանքից, տեսչական մարմնի վրա չպետք է թողնել այսպիսի տնտեսական, սոցիալական, քաղաքական կարևորություն ունեցող հարց: Պաշտոնակատարը չէ, որ պետք է իր վրա պատասխանատվություն վերցնի որոշում կայացնելու ԶՊՄԿ-ում անցկացված տեսչական ստուգումների արդյունքում: Սա է հարցի մեխը»:

Սույն հոդվածը պատրաստվել է Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով: Այստեղ արտահայտված տեսակետները /կամ նյութի բովանդակությունը/ միմիայն հեղինակներինն են և պարտադիր չէ, որ արտահայտեն ԱՄՆ ՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները:

 



Փետրվար 13, 2019 at 19:49


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր