Ալավերդու պղնձաձուլարանի աշխատակիցները կրկին փակել են միջպետական երկաթուղին

Ալավերդու պղնձաձուլարանի աշխատակիցները կրկին փակել են միջպետական երկաթուղին

Կարինե Սիմոնյան, www.azatutyun.am

ՎՏԲ բանկը նոր օպերատոր է փնտրում, որը կհամաձայնի շահագործել Ալավերդու գործարանն ու Թեղուտի հանքավայրը միաժամանակ։

Այս մասին այսօր Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը հայտարարեց գործարանի անգործ մնալու վտանգի տակ կանգնած աշխատակիցների հետ հանդիպման ժամանակ․ - «Էյ-Սի-Փի» ընկերությունը քանի որ նույնպես գրավադրված է և գրավի սպասարկում տեղի չի ունեցել, կամ լիարժեք չի եղել, «Էյ-Սի-Փի»-ն նույնպես ՎՏԲ բանկի սեփականությունն է կամ կդառնա․ չգիտեմ երբ կլինի դա, կլինի թե չի լինի: Քանի որ նույն բանկի և նույն սեփականատիրոջ հետ գործ ունենք, հետևաբար նրանք դիտարկում են դա մեկ հարթության մեջ և ուզում են հանձնել մեկ օպերատորի, որը որ կզբաղվի երկուսով էլ, այսինքն և՛ նա կվերագործարկվի, և՛ նա»:

Օրերս Ազգային ժողովում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Թեղուտի հանքավայրը շահագործելու պատրաստակամություն հայտնած ընկերությունը մտափոխվել է և դատական գործընթացների պատճառով հրաժարվել շահագործել հանքավայրը․ - «Հիմա, ըստ էության, էդ բանակցությունները վերադառնում են մի ինչ-որ զրոյական կետի, որովհետև էդ օպերատորը, որը մինչև էդ ներգրավված էր և պետք ա սկսեր աշխատացնել, ինքը էս պատմություններից բան եղավ․․․ կներեք կոպիտ բառի համար՝ խրտնեց, ասեց՝ չեմ մտնի»:

Մարզպետ Անդրեյ Ղուկասյանն այսօր ասաց, որ հեռախոսազրույց է ունեցել և՛ կառավարության անդամների, և՛ ՎՏԲ բանկի ղեկավար ներկայացուցչի հետ։ Վերջինս հավաստիացրել է, թե կան երկու այլ ընկերություններ, որոնց հետ բանակցում են։ Հաջորդ շաբաթ արդեն կարող է հայտնի լինել այն ընկերությունը, որը պատրաստ է վերագործարկել մոտ 1300 մարդու գործազուրկ թողած երկու ձեռնարկությունները:

«Իմացեք, որ էդ պրոցեսը գնում ա ամենօրյա ռեժիմով», - հայտարարեց մարզպետը:

Գործարանի աշխատակիցների հետ հանդիպմանը ներկա էր նաև «Վալլեքս» ընկերության ներկայացուցիչը՝ գործարանի ներկայիս տնօրեն Լուսինե Մեջլումյանը։ Ազատության հարցին, թե արդյոք մարզպետի հայտարարությունը նշանակում էր, որ «Վալլեքսն» իրավասությունները կորցրել է նաև Ալավերդու գործարանը շահագործող «Էյ-Սի-Փի» ընկերության նկատմամբ, Լուսինե Մեջլումյանը պատասխանեց, թե մինչև օրս իրենց համար անորոշ է բանկի դիրքորոշումը՝ հավելելով, որ մարզպետի ասածը իր համար անակնկալ էր․ - «Որևէ գործողություն չկա, որևէ հստակություն չկա, որևէ պաշտոնական հայտարարություն չկա: Ընդամենը ամեն ինչ ենթադրությունների մակարդակում է, ուրիշ ոչինչ»:

Ի վերջո, գործարանի աշխատակիցները, որոնք որպես բողոքի նշան երկու օր առաջ փակել էին երկաթուղին, մարզպետի հայտարարությունից դժգոհ մնացին։

Մարզի ղեկավարը հայտարարեց․ - «Ինձ մոտ տպավորություն ա, որ ձեզ չի հետաքրքրում, թե ինչ ա լինելու: Դուք նախապես որոշել եք, թե ինչ եք անելու: Ու էդ ձև էլ արեք, դա ձեր խնդիրն ա»:
Գործարանի աշխատակիցները կրկին փակեցին միջպետական երկաթուղին։ Նշում են, որ գիշերելու են երկաթգծի վրա։ Երկու օր առաջ նրանք բողոքի ակցիան դադարեցրել էին ոստիկանության մարզային վարչության պետի հորդորով։

Մարզպետն «Ազատության» հարցին ի պատասխան պնդեց, որ գործարանի տնօրինությունը որևէ քայլ չի ձեռնարկում բողոքի այս ակցիաները կանխելու համար և, ըստ նրա, դրանք կարող են ուղղորդված լինել «Վալլեքս» ընկերության կողմից։

Երեկոյան փոխվարչապետ Տիգրան Ավինյանը երկաթուղին փակած ալավերդցիներին անձամբ հրավիրեց կառավարություն՝ հանդիպման։ Մինչ 5 հոգանոց պատվիրակության և կառավարության անդամների միջև ավելի ուշ տեղի կունենա հանդիպումը, բողոքի ակցիայի մյուս մասնակիցները փակ կպահեն երկաթուղին։

17:53 Փետրվար 15, 2019


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news