Հանքարդյունաբերության ազդակիր համայնքները կդառնան ԱՃԹՆ գործընթացի լիարժեք մասնակիցներ

Հանքարդյունաբերության ազդակիր համայնքները կդառնան ԱՃԹՆ գործընթացի լիարժեք մասնակիցներ

ԷկոԼուր

Մեկնարկել է «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի «Հանքարդյունաբերության ազդակիր համայնքները` ԱՃԹՆ գործընթացի լիարժեք մասնակիցներ» ծրագիրը: Նպատակն է Սյունիքի, Լոռու, Գեղարքունիքի մարզերի հանքարդյունաբերական ազդակիր համայնքների ակտիվ հասարակությանը, տեղական ՀԿ-ներին աջակցել` լիարժեք մասնակից դառնալու հանքարդյունաբերության ոլորտը թափանցիկ և հաշվետու դարձնելու Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության (ԱՃԹՆ) հայաստանյան գործընթացներին, աջակցել, որ նրանք պաշտպանեն իրենց շահերն այս գործընթացում:

Ծրագրի շրջանակներում Սյունիքի մարզի խոշորացված Կապան (+Քաջարան, Արծվանիկ, Սյունիք, Գեղանուշ բնակավայրեր), Մեղրի (+Ագարակ), Լոռու մարզի Ախթալա (+Ճոճկան, Մեծ Այրում ), Շնող (+Թեղուտ), Գեղարքունիքի մարզի Սոտք (+Վարդենիս) ազդակիր համայնքների բնակիչները և տեղական ՀԿ-ները կծանոթանան Հայաստանում իրականացվող ԱՃԹՆ գործընթացին, կհավաքագրվեն նրանց կարծիքներն ու առաջարկությունները «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի, «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի («ԳեոՊրոՄայնինգ»), «Թեղուտ» ՓԲԸ-ի /«ՎՏԲ-Հայաստան» բանկի, «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ» ՍՊԸ-ի, «Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատ» ՓԲԸ-ի, «Կապանի Լեռնահարստացուցիչ կոմբինատ» ՓԲԸ-ի հաշվետվողականության, տվյալների բացահայտման վերաբերյալ: Դրանք կքննարկվեն ԱՃԹՆ Բազմաշահառու խորհրդի անդամների (ԲՇԽ), տեղական ՀԿ-ների, ակտիվ հասարակության ներկայացուցիչների և անկախ փորձագետների մասնակցությամբ կազմակերպվելիք հասարակական դեբատներում:

Փետրվարի 20-ին Ծրագրի աշխատանքային խումբը քննարկեց համայնքերում ներկայացվելիք ԱՃԹՆ գործընթացի վերաբերյալ տեղեկատվական փաթեթը, համայնքներում հանքարդյունաբերության սոցիալական և բնապահպանական ազդեցության ուսումնասիրության համար նախատեսված սոցիոլոգիական հարցման հարցաթերթիկը, համայնքներում տարածվելիք իրազեկման թերթիկը, նախանշվեցին առաջիկա համայնքային այցելություննները:



Առաջին այցելությունը նախատեսվում է սույն թվականի մարտի սկզբին` Լոռու մարզի Շնող խոշորացված համայնք:

Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնությունը (ԱՃԹՆ) բնական պաշարների բաց և հաշվետու կառավարումը խթանող միջազգային կազմակերպություն է, որին անդամակցում է 51 երկիր (01.01.2019թ. դրությամբ): Անդամակցող երկրները ներդնում են միասնական ստանդարտ ոլորտի ֆինանսական հոսքերը և այլ տվյալներ հրապարակելու համար: Գործընթացի բոլոր որոշումները միասնական ընդունում է ԱՃԹՆ-ի բազմաշահառու խումբը (ԲՇԽ), որի կազմում են երեք շահագրգիռ կողմերը` կառավարությունը, հանքարդյունաբերական բիզնեսը և քաղաքացիական հասարակությունը:
ԱՃԹՆ-ի նպատակը ավելի թափանցիկ և հաշվետվողական պետական և գործարար համակարգերի ստեղծումը, ինչպես նաև հանրային երկխոսության կայացումը խթանելն է՝ դրանով իսկ երաշխավորելով կողմերի միջև փոխընբռնումը: 2017թ-ի մարտին Հայաստանը դարձել է ԱՃԹՆ թեկնածու երկիր` նպատակ ունենալով ապահովել հանքարդյունաբերական ոլորտի թափանցիկություն, մասնակցային կառավարում, բարելավված ներդրումային միջավայր, կողմերի միջև փոխվստահություն:

«Հանքարդյունաբերության ազդակիր համայնքները` ԱՃԹՆ գործընթացի լիարժեք մասնակիցներ» ծրագիրն իրականացվում է ԱՄՆ ՄԶԳ-ի (USAID) աջակցությամբ Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն (ԹԻՀԿ) հասարակական կազմակերպության կողմից իրականացվող «Պահանջատեր հասարակություն՝ հանուն պատասխանատու կառավարման» ծրագրի շրջանակներում։

Սույն հոդվածը պատրաստվել է Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով: Այստեղ արտահայտված տեսակետները /կամ նյութի բովանդակությունը/ միմիայն հեղինակներինն են և պարտադիր չէ, որ արտահայտեն ԱՄՆ ՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները:

17:00 Փետրվար 22, 2019


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news