Պետք է Ալավերդիի պղնձաձուլական գործարանին այլընտրանք ստեղծել. Օլեգ Դուլգարյան

Պետք է Ալավերդիի պղնձաձուլական գործարանին այլընտրանք ստեղծել. Օլեգ Դուլգարյան

ԷկոԼուր

Ալավերդիի պղնձաձուլական գործարանի աշխատելը Ալավերդիի սոցիալական վիճակը մեղմացնում է միայն 10 տոկոսով, բայց խնդիրը միևնույն է չի լուծվում: Պետք է Ալավերդիի պղնձաձուլական գործարանին այլընտրանք ստեղծել: Այս կարծիքին է Լոռու մարզի «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ի տնօրեն Օլեգ Դուլգարյանը:

«Ալավերդին ունի 20 հազար բնակիչ: 600 մարդու աշխատանքը չի կարող սոցիալական վիճակ լուծել, որովհետև մինչև գործարանի փակվելն էլ Ալավերդիում գործազրկությունը շատ բարձր էր: Պետք են հապճեպ, կոնկրետ լուծումներ: Իմ համոզմամբ, լավագույն լուծումն այն կլինի, որ ՀՀ կառավարությունն Ալավերդին հայտարարի համապատասխան տարածք, որտեղ մեծ նշանակության ներդրումներ, նախագծեր պետք է կատարվեն: Կառավարությունը պետք է շատ արագ մեծ նախագծեր բերի այստեղ, որպեսզի մարդիկ այլընտրանք ունենան», - նշեց նա: Նրա կարծիքով, եթե պետք է գործարանը ժամանակավորապես վերաբացվի, ապա ՀՀ կառավարությունը պետք քաղաքական կամք ցուցաբերի, որպեսզի հետագայում կաուցվի նոր գործարան և նվազեցվեն արտանետումները:

Ըստ Օլեգ Դուլգարյանի` հասարակության և փորձագետների շրջանում վարկած կա, որ Ալավերդու պղնձաձուլարանի փակումը հնարավոր է նույնիսկ ռուսաստանյան ինչ-որ ազդակ լինել մեր կառավարությանը ինչ-որ բան հասկացնելու տեսանկյունից:

«Չի կարող խնդիրը այդքան երկար չլուծվել: ՎՏԲ բանկն իրավաբանորեն չի տարածում իր իրավունքներն այդ գործարանի վրա, մյուս կողմն էլ կոմպրոպիսի չի գնում: Այստեղ հստակություն չի բերում նաև ՀՀ կառավարությունը: Ինչ-որ մի բան այստեղ նաև մեծ քաղաքականությունից է գալիս», - ասաց նա:
Հիշեցնենք, որ «Վալլեքս» խմբի «Արմենիան Քափըր Փրոգրամ» ՓԲԸ-ի կողմից շահագործվող Ալավերդու պղնձաձուլարանը Թեղուտի լեռնահանքային համալիրի կառուցման նպատակով գրավադրված է ՎՏԲ բանկում: Պղնձաձուլարանի աշխատանքը դադարեցվել է 2018թ. հոկտեմբերի 19-ին:

Սույն հոդվածը պատրաստվել է Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով: Այստեղ արտահայտված տեսակետները /կամ նյութի բովանդակությունը/ միմիայն հեղինակներինն են և պարտադիր չէ, որ արտահայտեն ԱՄՆ ՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները:

18:09 Փետրվար 28, 2019


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news