Քննարկվել են «Չաարատ Գոլդ Հոլդինգ»-ի կողմից Կապանի լեռնահարստացման կոմբինատում իրականացվելիք ներդրումային ծրագրերը

Քննարկվել են «Չաարատ Գոլդ Հոլդինգ»-ի կողմից Կապանի լեռնահարստացման կոմբինատում իրականացվելիք  ներդրումային ծրագրերը

ԷկոԼուր

Մարտի 13-ին ՀՀ Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունում քննարկվել են «Չաարատ Գոլդ Հոլդինգ»-ի կողմից Կապանի լեռնահարստացման կոմբինատում իրականացվելիք ներդրումային ծրագրերը:

Հանդիպմանը ներկա են եղել ՀՀ Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պաշտոնակատար,նախարարի առաջին տեղակալ Գարեգին Բաղրամյանը, «Կապանի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲԸ-ի նոր բաժնետեր «Չաարատ Գոլդ Հոլդինգ»-ի (Chaarat Gold Holdings) գլխավոր տնօրեն Արտեմ Վոլինեցը, «Կապանի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Դավիթ Թովմասյանը:

Էներգետիկայի նախարարության համաձայն` Գարեգին Բաղրամյանը ներկայացրել է հանքարդյունաբերության ոլորտի օրենսդրությունը, ինչպես նաև «Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնություն» (EITI) գործընթացի շրջանակում իրականացվող գործողությունները:

«Չաարատ Գոլդ Հոլդինգ»-ի գլխավոր տնօրենը նշել է, որ Հայաստանում գործունեություն ծավալելու որոշումը պայմանավորված է վերջերս տեղի ունեցած քաղաքական փոփոխություններով և ստեղծված բարենպաստ ներդրումային միջավայրով:

Արտեմ Վոլինեցը վստահեցրել է, որ ընկերության առաջնահերթ ծրագրերից է ընդերքօգտագործման հետ կապված աշխատանքները համապատասխանեցնել միջազգային լավագույն չափորոշիչներին և ապահովել գործունեության թափանցիկություն: Նախատեսվում է նոր տեխնոլոգիաների կիրառմամբ ձեռքի աշխատանքը փոխարինել մեքենայականով, որի արդյունքում կբարձրանա աշխատանքի արտադրողականությունն ու անվտանգության աստիճանը, կներդրվի օգտակար հանածոյի վերամշակման համար անհրաժեշտ ջրի օգտագործման փակ ցիկլով համակարգ՝ շրջակա միջավայրի պահպանության նպատակով:

Արտեմ Վոլինեցը նշել է, որ ընկերությունն առաջիկայում նախարարություն կներկայացնի օգտակար հանածոյի արդյունահանման նախագծում կատարվելիք փոփոխությունը և ընդերքօգտագործման թափոնների կառավարման պլանը:

Գարեգին Բաղրամյանը վերահաստատել է իր ղեկավարած գերատեսչության պատրաստակամությունը՝ աջակցելու նախանշված ծրագրերի իրականացմանը:

18:29 Մարտ 14, 2019


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news