Նահատակի պոչամբարի խողովակը վթարվել է, պոչերը լցվել են ճանապարհին

Նահատակի պոչամբարի խողովակը վթարվել է, պոչերը լցվել են ճանապարհին

ԷկոԼուր

«Ախթալայի ԼՀԿ» ՓԲԸ-ի Նահատակի պոչամբարի խողովակը վթարվել է, պոչերը լցվել են ճանապարհին: Ահազանգը մարտի 15-ին ֆեյսբուք սոցիալական ցանցում հնչեցրել է «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Լալվարի անտառտնտեսության աշխատակից Կամո Ղարագոզյանը և տարածել լուսանկարներ (տես ներքևում):

«Առավոտյան աշխատանքի գնալու ճանապարհին՝ Արամյանցի դղյակից դեպի Ախթալա իջնող հատվածում հանդիպեցի այս տեսարանին։ ԼՀԿ-ի պոչանքի խողովակները, որոնցով պոչանքը տեղափոխվում է Նահատակի պոչամբար, պայթել էր և շրջակա տարածքը ճանապարհի երկայնքով` մոտ 300-400 մետր, լցվել է պոչանքով։ Վերջին շրջանում հաճախակի էր վթար տեղի ունենում,սակայն այս մեկի նման դեռ չեր եղել։ Երևում է երկաթե խողովակներն էլ են հոգնել արդեն», - նշված է Կամո Ղարագոզյանի ահազանգում:

«Ախթալայի ԼՀԿ» ՓԲԸ-ի արտաքին կապերի գծով տնօրեն Գագիկ Շահնազարյանը ԷկոԼուրի հետ զրույցում ասաց. «Տեխնիկական խնդիր է, մեզ հետ կապ չունեցող, Աստծո ձեռքի գործ է եղել, վերևից քար է ընկել, ջարդել խողովակը, պլաստմասից խողովակ է: Փոքր Այրում գյուղ չհասած հատվածում է, այնտեղ տեղ կա, քարեր են թափվում, այդպես լինում է: Առանձնապես մեծ բան չի գնացել, հիմա մաքրման աշխատանքներն ավարտվում են»:

ԷկոԼուրն ահազանգն ուղղում է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնին` հանգամանքները պարզելու նպատակով:

13:43 Մարտ 15, 2019


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news