ԷկոԼուր
Վայոց ձորի մարզի Գլաձորի համայնքապետ Արմեն Մովսիսյանին այլևս չի պարտադրվելու կատարել «Վայկ Մետալ» ՍՊԸ-ի պահանջը՝ չխոչընդոտել ընկերության կողմից երկրաբանահետախուզական աշխատանքների իրականացմանը Գլաձոր համայնքի տարածքում: ՀՀ վարչական դատարանը բավարարեց համայնքապետի ներկայացրած հայցը և անվավեր ճանաչեց Դատական ակտերի հարկադիր կատարողի որոշումը: Այս մասին ԷկոԼուրը տեղեկացավ Արմեն Մովսիսյանի փաստաբան Նազելի Վարդանյանից:
Հիշեցնենք, որ 2017 թ-ին Գլաձորի բազմամետաղային հանքավայրը շահագործել ցանկացող «Վայկ Մետալ» ՍՊԸ-ն դիմել էր Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի դատարան՝ պահանջով պարտավորեցնել Գլաձորի համայնքապետ Արմեն Մովսիսյանին չխոչընդոտել ընկերության կողմից երկրաբանահետախուզական աշխատանքների իրականացմանը Գլաձոր համայնքի տարածքում ընկերության և ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների ու բնական պաշարների նախարարության միջև կնքված պայմանագրի հիման վրա: Դատարանը որոշել էր բավարարել ընկերության հայցը: Արմեն Մովսիսյանը բողոքարկել էր դատարանի որոշումը ՀՀ Վերաքննիչ քաղաքացիական դատարան՝ նշելով, որ Արարատի և Վայոց Ձորի մարզերի առաջին ատյանի դատարանի որոշումն անհիմն է և անօրինական: Սակայն համայնքապետի բողոքը մերժվել էր:
«Դատարանը պարտավորեցրել էր համայնքապետին կատարելու ոչ իրավաչափ գործողություններ, որովհետև համայնքապետը իրավունք չունի ինքնուրույն հողհատկացումներ անելու, իրավունք չունի առանց ավագանու որոշման պայմանագիր կնքելու, իսկ ավագանին մեկ անգամ մերժել էր: Երբ դատարանի վճիռն ուժի մեջ մտավ, համայնքապետը, որպեսզի կատարի այդ վճռի պահանջը, նորից դիմեց ավագանուն, և ավագանին նորից մերժեց ու արգելեց, որպեսզի համայնքապետը որևէ պայմանագիր կնքի «Վայկ Մետալ»-ի հետ: Դրանից հետո «Վայկ Մետալ»-ը դիմեց Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայություն, որպեսզի այդ վճիռը կատարվի: Եվ քանի որ այնպիսի իրավիճակ էր, որ հնարավոր չէր կատարել վճռի պահանջը, որովհետև ըստ օրենքի, ըստ Սահմանադրության համայնքապետը իրավունք չունի առանց ավագանու համաձայնության հողհատկացման պայմանագիր կնքի, ստացվեց այնպես, որ այդ վճիռը չի կատարվում: ԴԱՀԿ-ի կատարողը՝ ավագ տեսուչը, որոշում էր կայացրել, որպեսզի դատարանի վճիռը հարկադրաբար կատարվի, և ես վերադասության կարգով այդ որոշումը բողոքարկեցի, դիմեցի ԴԱՀԿ-ի պետին, որպեսզի այդ որոշումը չեղյալ համարվի և դադարեցվի վճռի կատարումը: ԴԱՀԿ մասին օրենքով կետ կա, որ եթե անհնարին է դարձել վճռի կատարումը, ապա այդ գործը դադարեցվում է և չի կատարվում: Գլխավոր հարկադիր կատարողը ինձ մերժեց, և այդ մերժման հիման վրա մենք դիմեցինք Վարչական դատարան: Վարչական դատարանը որոշեց, որ, իրոք, սպառվել են բոլոր հնարավոր միջոցները, որպեսզի այդ վճիռը կատարվի: Գլաձոր համայնքի ղեկավարը օրենքով իրենից կախված ամեն ինչ արել է, բայց հնարավոր չէ այդ վճիռը կատարել: Վարչական դատարանը բավարարեց մեր հայցը և վճռեց, որ հարկադիր կատարողի որոշումը վերանում է, հարկադիր կատարումը դադարեցվում է», - գործի մանրամասները ներկայացրեց Նազելի Վարդանյանը:
Նշենք, որ «Վայկ Մետալ» ՍՊԸ-ն երկու անգամ՝ 2016 և 2017 թթ-ին, փորձեց ստանալ Գլաձոր և Վերնաշեն համայնքների համաձայնությունը Գլաձորի հանքավայրի շահագործման համար, սակայն ազդակիր համայնքները մերժեցին ընկերությանը:
Մարտ 29, 2019 at 18:24