«ԷՅ ՅՈՒ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ի կողմից Վազաշենում բազմամետաղներ որոնելու հարցը կրկին օրակարգում է

«ԷՅ ՅՈՒ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ի կողմից  Վազաշենում բազմամետաղներ որոնելու հարցը կրկին օրակարգում է

ԷկոԼուր

«ԷՅ ՅՈՒ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ի կողմից Տավուշի մարզի Վազաշեն համայքնի տարածքում բազմամետաղներ որոնելու հարցը կրկին օրակարգում է: ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնական կայքի համաձայն` ապրիլի 26-ին` ժամը 11-ին, Վազաշենի համայնքապետարանում տեղի կունենան Վազաշենի ոսկի-բազմամետաղային հանքերևակման Կարմիր քարի, Ժանգոտ ձորի և Ադուլյարային մետասոմատիտների տեղամասերի օգտակար հանածոների արդյունահանման նպատակով ընդերքի երկրաբանական ուսումնասիրության շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հայտի 2-րդ հանրային լսումները:


Հիշեցնենք, որ այս հայտի 2-րդ հանրային լսումներ նշանակված են եղել սույն թվականի փետրվարի 27-ին, սակայն լսումները չկայացան Տավուշի բնակիչների բողոքի ակցիայի և ընկերության և ՀՀ բնապահպանության նախարարության ներկայացուցիչների չժամանելու արդյունքում: Այդ օրը Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը հանդիպել է «ԷՅ ՅՈՒ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ի և բնապահպանության նախարարության ներկայացուցիչների հետ: Մարզպետը նշել է, որ այս փուլում լսումները սխալ են, քանի որ շահագրգիռ կողմերը լիարժեք իրազեկված չեն: Դրանից հետո «Լրատվական» ռադիոյի եթերում մարզպետ Հայկ Չոբանյանը, ներկայացնելով Տավուշի զարգացման հեռանկարները, մանավորապես նշել էր. «Մենք հարուստ մարզ և հարուստ տավուշցի ունենալու համար հանքի կարիք չունենք»:

«ԷՅ ՅՈՒ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ն նախատեսում է Տավուշի մարզի Վազաշենի ոսկի-բազմամետաղային հանքերևակման տեղամասերում ոսկի, արծաթ, պղինձ, ցինկ և կապար որոնել և հաշվարկել դրանց պաշարները: Նախատեսվում է նաև ռադիոակտիվ տարրերի զանգվածային որոնում:

ՀՀ Տավուշի մարզի Վազաշենի ոսկի-բազմամետաղային հանքերևակման Կարմիր քարի, Ժանգոտ ձորի, և ադուլյարային մետասոմատիտների տեղամասերում 2018-2021թթ. երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների կատարման վերաբերյալ ծրագրից հատվածներ:

 

15:09 Ապրիլ 12, 2019


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news