ԷկոԼուր
Գեղանուշ գյուղը գտնվում է «Կապանի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲԸ-ի ազդեցության տակ: Այս գյուղի և Կապան քաղաքի տարածքում է գտնվում կոմբինատի Գեղանուշի պոչամբարը: 2018թ-ին համայնքային խոշորացման արդյունքում Գեղանուշն ընդգրկվեց Կապան համայնքի կազմում և նախկինում Գեղանուշին կոմբինատի կողմից հատկացվող գումարներն ուղղվում են Կապանի ընդհանուր բյուջե: «Որպես ազդակիր համայնք մինչև 2018թ-ի խոշորացումը Կապանի կոմբինատը Գեղանուշ գյուղին վճարել է 4 միլիոն 600 հազար դրամ հողի հարկ և հատկացրել է 8-10 միլիոն դրամ սոցիալական ծրագրեր իրականացնելու համար»,- ԷկոԼուրին հայտնեց Գեղանուշի նախկին ղեկավար, Կապանի ավագանու անդամ Իվան Կոստանդյանը: ԷկոԼուրի թիմը հանդիպեց Գեղանուշի բնակիչների հետ մայիսի 4-ին՝ «Հանքարդյունաբերության ազդակիր համայնքները` ԱՃԹՆ գործընթացի լիարժեք մասնակիցներ» ծրագրի շրջանակում:
«Կոմբինատը տարեկան 8-10 միլիոն դրամի ներդրում էր կատարում գյուղի համար: Դա լինի ջրատարի համար, լինի դպրոցում: Մշակույթի ակումբն իրենք են վերանորոգել, դպրոցի սպորտ դահլիճը, ավտոբուս է տրամադրել: Այդ ժամանակ գյուղացին տեսնում էր, որ դրական շարժ կա: Հիմա չի կարող Կապանի քաղաքապետն ասել, 8 միլիոն Գեղանուշի համար, որովհետև Կապանի խոշորացված համայնքում 32 բնակավայր կա: Մինչ խոշորացումը գյուղացին ինքն էր իր հարցերն ուղղում կոմբինատի տնօրենին, հիմա վարչական ղեկավարը պիտի դիմի քաղաքապետարանին, քաղաքապետը՝ կոմբինատին: Գեղանուշցու շփումը կոմբինատի տնօրենի հետ խոշորացումից հետո վատացել է»,- ասաց Իվան Կոստանդյանը:
Խոշորացումից հետո Կապանի լեռնահարստացման կոմբինատի վարձավճարներն ուղղվում են Կապան համայնքի բյուջե, իսկ սոցիալական ծրագրերի համար գումարներ 2018թ-ին կոմբինատի սեփականատիրոջ («Chaarat Gold Holdings Limited» ընկերությունը նոր սեփականատեր) փոփոխությունից հետո չի հատկացվել Կապան խոշորացված համայնքին: Ինչպես նշեց Իվան Կոստանդյանը, երբ քննարկում էին Կապան համայնքի 2019թ-ի բյուջեն, Կապանի կոմբինատի կողմիցից 130 միլիոն դրամ հատկացումները չեն եղել, ինչը եղել է նախկինում Կապան համայնքում սոցիալական ծրագրեր իրականացնելու համար:
Նշենք, որ Հայաստանի ԱՃԹՆ առաջին զեկույցի համաձայն «Կապանի լեռնահարստացուցիչ կոմբինատ» ՓԲԸ-ն կորպորատիվ սոցիալական պատասխանատվության շրջանակներում Կապան համայնքին 2016թ-ին տրամադրել է 19 193 505 ՀՀ դրամ, իսկ 2017թ-ին` 129 735 482 ՀՀ դրամ: Իսկ Գեղանուշ գյուղին 2017թ-ին հատկացրել է 8 635 482 դրամ խմելու և տենիկական ջրի խողովակաշարի վերանորոգման համար:
Գեղանուշը մինչև խոշորացումը Կապանի կոմբինատի վճարած բնապահպանական վճարները գյուղ ուղղելու համար բնապահպանական ծրագրեր չի մշակել: Գյուղի նախկին ղեկավար Իվան Կոստանդյանն ասաց, որ որպես բնապահպանական վճար հատկացվելիք գումարները շատ փոքր են եղել, դրա համար էլ ծրագիր չեն մշակել:
Գեղանուշցիները որպես համայնքի առաջնահերթ լուծում պահանջող խնդիրներ նշեցին՝ ջրի խնդիրը, ճանապարհների խնդիրը: Նրանք նաև նշեցին գյուղի տարածքում Գեղանուշի պոչամբարի ազդեցությունը առողջության վրա՝ առաջարկելով բժշկական հետազոտութուն անցկանցել գյուղում: «Կողքը կանգնում ես, գլուխդ հոտից սկսում է ուժեղ ցավալ: Լավ քամու դեպքում հոտը գալիս, հասնում է գյուղ: Ձեռքերդ է ցավում, ոտքերդ է ցավում, անասունները չեն աճում: Մենք ուզում ենք հասկանալ, թե արդյոք պոչամբարն ազդեցություն ունի մեր առողջության վրա: …Չի կատարվել հողի և ջրի ուսումնասիրություն : Ոչ մեկ կոնկրետ չի ասում, թե ինչ վնաս է տալիս պոչամբարը »,- ասացին նրանք:
Գյուղը ջրի խնդիր ունի: « Ջուրը գյուղ է հասնում 7 կմ հեռավորության վրա գտնվող Գեղանուշ գետի ակունքների մոտից: Խողովակները հնացած են, ժամանակ առ ժամանակ վնասվում են: Ջրատարն ամբողջովին փոխելը մեծ գումարների հետ է կապված, դրա համար ամեն տարի մասնակի են վերանորոգում»,- ասաց տեղի բնակիչ, փաստաբան Արշավիր Խալափյանը:
Գեղանուշցիներն առաջարկում են՝
1. Պարբերաբար տեղեկացնել բնակչությանը Շահումյանի ոսկի-բազմամետաղային հանքի ազդեցությունների մասին
2. հասցված վնասի հաշվարկ կատարել և փոխհատուցում տրամադրել Գեղանուշ բնակավայրին
3. Վերանորոգել համայնքի ճանապարհը և ջրագիծը
4. Ապահովել խմելու ու ոռոգման ջրի համապատասխան որակը
6. Կոմբինատում աշխատանքի ընդունելիս՝ նախապատվությունը տալ գեղանուշցիներին
7. Անկախ բուժհաստատության կողմից գնահատել բնակչության առողջության վրա պոչամբարի վնասակար ազդեցությունը
8. Իրականացնել հողի և ջրի ուսումնասիրություն՝ պարզելու ծանր մետաղների պարունակությունը:
Սույն հոդվածը պատրաստվել է «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի կողմից իրականացվող «Հանքարդյունաբերության ազդակիր համայնքները` գործընթացի լիարժեք մասնակիցներ» ծրագրի շրջանակներում: Ծրագիրն իրականացվում է ԱՄՆ ՄԶԳ-ի(USAID) աջակցությամբ «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն»(ԹԻՀԿ) հասարակական կազմակերպության կողմից իրականացվող «Պահանջատեր հասարակություն՝ հանուն պատասխանատու կառավարման» ծրագրի շրջանակներում։
Սույն հոդվածը ստեղծվել է Ամերիկայի ժողովրդի աջակցույամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով: Այստեղ արտահայտված տեսակետները /կամ նյութի բովանդակությունը/ միմիայն հեղինակներինն են և պարտադիր չէ, որ արտահայտեն ԱՄՆ ՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները:
Մայիս 20, 2019 at 19:53