«Նահատակ» պոչամբարի պատնեշները կրկին բարձրացվում են, պատկան մարմինները՝ լռում

«Նահատակ» պոչամբարի պատնեշները կրկին բարձրացվում են, պատկան մարմինները՝ լռում

ԷկոԼուր

«Ախթալայի լեռնահարստացուցիչ ֆաբրիկա» ՓԲԸ-ի գործունեության բացասական ազդեցությունն Ախթալա խոշորացված համայնքի բնակավայրերի վրա բազմիցս է բարձրաձայնվել: ԷկոԼուրի թիմը այս օրերին կրկին այդ համայնքում էր: «Նահատակ» պոչամբարի պատնեշները կրկին բարձացվում են՝ պոչամբարի ծավալը մեծացնելու նպատակով:

Մեծ Այրում բնակավայրի բնակիչը նշեց, որ պոչամբարի ներկայիս զբաղեցրած տարածքի փոխարեն այգիներ էին. «Լրիվ մնացել է պոչամբարի տակ: Ժամանակին այստեղ մենք էլ այգի ունեինք, մշակում էինք, բայց դե հիմա թողել ենք», - ասաց նա:

Այժմ պոչամբարն ավելի բարձր է գտնվում, քան Մեծ Այրում-Ճոճկան միջհամայնքային ճանապարհը: Պատնեշների բարձրացման հետևանքով Մեծ Այրում բնակավայրի խմելու ջրի հիմնական աղբյուրը մնացել է պոչամբարի ներքևի հատվածում: Այն այլևս հնարավոր չէ օգտագործել: Որպես փոխհատուցում կոմբինատի կողմից պոչամբարից մի քանի տասնյակ մետր հեռավորության վրա ջրի նոր աղբյուր է կառուցվել, սակայն բնակիչները դրա որակի վերաբերյալ որևէ երաշխիք չունեն:

«Նահատակ» պոչամբարն ունի պարզեցված ջրերի ելքի կետ, սակայն ինչպես բնակիչները մեզ պատմեցին, այդ ջուրը հատուկ խողովակով կոմբինատ վերադառնալու փոխարեն, ամենայն հավանականությամբ լցվում է Դեբեդ գետը:

Միևնույն ժամանակ, պոչամբարը չունի ամբողջական ցանկապատ, ընտանի կենդանիներն առանց որևէ խոչընդոտի կարող են մոտենալ պոչամբարին:

Գտնվելով պոչամբարի հարևանությամբ Մեծ Այրումի բնակիչներն իրենց անվտանգ չեն զգում:

«Ինչ ցանում ենք, թույնը երևի արդեն դրա մեջն էլ կլինի: Ալավերդի ձու ենք տարել, չեն վերցնում, ասում են՝ ձվի մեջ թույն կա: Մեծահասակներն առավոտյան արթնանում են գլխացավով, երեխաները՝ սրտխառնոցով: Իմ տղային մի քանի տարի առաջ աղիքային ինֆեկցիայով հիվանդանոց տարանք: Բժիշկները երբ իմացան, որ պոչամբարի հարևանությամբ ենք ապրում, ասացին, որ պատճառը կարող է մեր խմելու ջուրը լինել:  Մենք ուզում էինք մեր տունը վաճառել, գնալ: Բայց ոչ ոք չի գնում: Կոմբինատի ղեկավարությանն ասացինք՝ վերցրեք մեր հողը, փոխհատուցում տվեք, մենք մեզ համար այլ տեղ տուն կգնենք: Բայց չպատասխանեցին»,- ԷկոԼուրին հայտնեց Մեծ Այրումի բնակչուհին:

«Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատ» ՓԲԸ-ի «Նազիկ» պոչամբարը, որը գտնվում է անմիջապես Ախթալայի վանական համալիրի հարևանությամբ, փակված է: Սակայն անձրևների ժամանակ պոչերը  միախառնվելով անձրևաջրերին հոսում ու լցվում են Դեբեդ գետը:

18:44 Մայիս 30, 2019


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news