Ախթալան պետք է մաքրել ծանր մետաղներից և տոքսիկ նյութերից, պահանջում են բնակիչները

Ախթալան պետք է մաքրել ծանր մետաղներից և տոքսիկ նյութերից, պահանջում են բնակիչները

ԷկոԼուր

Լոռու մարզի Ախթալա և Շամլու քաղաքները գտնվում են «Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատ» ՓԲԸ-ի կողմից Շամլուղի պղնձի հանքավայրի ազդեցության ներքո: «Հանքից հանում են, քարը բերում են, ամբողջ շրջակայքը արծաթագույն է: Ախթալայում չկա մի հատված, որ չփայլի, մետաղներ են լրիվ: Պետք է մաքրվի շրջակայքը: Նախկինում ջրցան մեքենան ամեն առավոտ շրջում էր, լվանում էր փողոցներն ու ծառերը»,- ասացին բնակիչները Ախթալայում ԷկոԼուրի կազմակերպած «Եղեք իրազեկ և պահանջատեր, պաշտպանեք ձեր շահերն ու իրավունքները ԱՃԹՆ հայաստանյան գործընթացում» թեմայով քննարկման ժամանակ:

Հանդիպման մասնակիցները բարձրաձայնեցին «Ախթալայի ԼՀԿ»-ի պոչամբարների անվտանգության խնդիրը, մասնավորապես՝ Մեծ Այրում համայնքում գտնվող Նահատակ պոչամբարի՝ նախագծով նախատեսված ծավալներից երկու անգամ ավելի մեծ լինելու, պոչամբարի տարածքից պղտոր ջրերով Ախթալա և Դեբեդ գետերի աղտոտման հանգամանքները:

Բնակիչները բարձրաձայնեցին իրենց պահանջը՝ Ախթալան մաքրել ծանր մետաղներից և տոքսիկ նյութերից:

Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատի գործունեության արդյունքում շրջակա միջավայրի աղտոտվածության մասին բողոքեցին նաև Ախթալա խոշորացված համայնքի Շամլուղ բնակավայրի բնակիչները: «Ինչ-որ իքս գումարով մենք վաճառում ենք մեր երեխաների առողջությունը: Մեր երեխաների առողջությունը շատ մեծվտանգի տակ է: Ի՞նչ կառույց վերջապես պիտի գնահատի ռիսկերը…
…Եթե առողջապահության հետ կապված խնդիրներ կան, բնապահպանության նախարարությունը թող տեսնի, թե արդյո՞ք նորմերին համապաստախան են աշխատում, թե՝ ոչ: Մենք մասնագետ չենք, կարող է մենք ամենաաղտոտված օդն ենք շնչում, բայց մենք այդ մասին չգիտենք»,- ասացին շամլուղցիները:

Նշենք, որ «Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատ» ՓԲԸ-ն իր գործունեությամբ շրջակա միջավայրի վրա ունեցած բացասական ազդեցության համար «Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական հարկի նպատակային օգտագործման մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով բնապահպանական վճարներ է վճարում պետական բյուջե: Այդ գումարը սուբվենցիաների տեսքով պետությունը տրամադրում է կոմբինատի ազդակիր համայնքներին վերջիններիս կողմից բնապահպանական և առողջապահական ծրագրերի առաջարկների դիմաց:
Օրենքի համաձայն՝ համայնքի կողմից ներկայացվող ծրագիրը պետք է ներառի համայնքի ընդերքի, նրա վարչական սահմաններում գտնվող անտառային, ջրային եւ օդային տարածքների, ինչպես նաեւ բուսական եւ կենդանական աշխարհի պահպանման ու վերականգնման միջոցառումներ, ինչպես նաև համայնքի բնակչության առողջության պահպանմանը նպատակաուղղված այն միջոցառումները, որոնց անհրաժեշտությունը պայմանավորված է ընկերությունների գործունեությամբ:

Մինչև խոշորացումը Շամլուղը բնապահպանական կամ առողջապահական ծրագրեր չի ներկայացրել ՀՀ կառավարությանը սուբվենցիաներ ստանալու համար: Շամլուղի նախկին քաղաքապետն այդ կապակցությամբ ԷկոԼուրին ասել էր, որ չեն դիմել, քանի որ հատկացվելիք գումարը շատ փոքր է եղել: Ի տարբերություն Շամլուղի Ախթալան օգտվել է սուբվենցիաներից: Հայաստանի ԱՃԹՆ-ի առաջին ազգային զեկույցի (2018) համաձայն, «Ախթալայի ԼՀԿ»-ի 2016 թ. պետբյուջե է վճարել 1 208 058 դրամ բնապահպանական վճար, 2017թ-ին՝ 1 561 790 դրամ: 2016թ-ին Ախթալա համայնքին հատկացվել է 4 588 000 դրամի սուբվենցիա բնապահպանական և առողջապահական ծրագրերի համար, իսկ 2017թ-ին 1 874 000 դրամ: 2016թ-ին հատկացված գումարներից 3 212 000 դրամը նախատեսվել է Ախթալայի Սարահարթ թաղամասի Աբովյան փողոցի ասֆալտապատման համար, 1 376 000 դրամը՝ առողջապահական միջոցառումների համար, որոնք չեն մանրամասնվում զեկույցում: 2017թ-ին 416 000 դրամ հատկացվել է արդեն խոշորացված Ախթալայի Մեծ Այրում բնակավայրին աղբահանության կազմակերպման համար, 1 192 000 դրամ Ճոճկան բնակավայրում և 266 000 դրամ Մեծ Այրում բնակավայրում առողջապահական միջոցառումների իրականացման համար: Այս գյուղերի տարածքում է գտնվում կոմբինատի Նահատակ պոչամբարը:



Ակնհայտ է, որ հատկացված գումարներով իրականացված բնապահպանական ծրագրերը չեն մեղմել կոմբինատի գործունեության ազդեցությունը շրջակա միջավայրի վրա: Մյուս կողմից բնապահպանական վճարներն ինքնին շատ փոքր են և դրանցով հնարավոր չէ շրջակա միջավայրը մաքրել ծանր մետաղներից և տոքսիկ նյութերից, կամ կանխել դրանց տարածումը շրջակա միջավայրում, դրա համար էլ համայնքներն այդ գումարներն ուղղում են համայնքային այլ խնդիրների լուծման համար:

Համայնքային խոշորացումից հետո առանց այդ էլ փոքր սուբվենցիոն գումարները կարող են ուղղվել կոմբինատի անմիջական ազդեցության տակ չգտնվող, բայց ազդակիր խոշորացված համայնքի կազմում գտնվող մյուս բնակավայրերին ևս: Այս կապակցությամբ շամլուղցիներն առաջարկեցին. «Ազդակիր լինելու կարգավիճակը պետք է ունենա կոնկրետ ազդեցություն կրող բնակավայրը, այլ ոչ խոշորացված համայնքը, և այդ հարցը պետք է կարգավորվի օրենքով»:

«Հանքարդյունաբերության ազդակիր համայնքները` ԱՃԹՆ գործընթացի լիարժեք մասնակիցներ» ծրագրի փորձագետ, ԱՃԹՆ բազմաշահառու խմբի անդամ Հարություն Մովսիսյանը քննարկման մասնակիցներին այս կապակցությամբ ասաց.

«Համայնքների խոշորացումից հետո մեծ համայնքներ են ընդգրկվում: Խոշորացված համայնքը, դառնալով ազդակիր, ինքն է որոշում, թե այդ աջակցությունն ինչպեստիրապետի: Գումարները ոչ նպատակային են բաշխվում: Մենք մեր կողմից առաջարկություն կանենք այս հարցը քննարկելու և ԱՃԹՆ ազգային հաջորդ զեկույցի մեջընդգրկելու, որ խնդիր կա համայնքների խոշորացման և ազդակիր համայնքների գումարների ճիշտ տրամադրման հետ կապված, բայց համայնքը պետք է տեղեկացվածլինի, կարողանա իր շահերը պաշտպանել, բարձրաձայնել խնդիրների մասին: Քանի որ նախկինում համայնքը եղել է մեկը և օրենքում համայնք է սահմանվել, շատհեշտությամբ կարելի է համայնք տերմինը փոխարինել բնակավայր տերմինով, նույնը ԱՃԹՆ շրջանակներում»:

Բացի բնապահպանական վճարները Ախաթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատը Ախթալա համայնքին որպես սցիալական աջակցություն ամսական 5 միլիոն դրամ է հատկացրել 2018 թ. Ախթալա խոշորացված համայնքի հետ կնքած պայմանագրի համաձայն: Այս մասին հայտնեց Ախթալա խոշորացված համայնքի ղեկավար Արկադի Թամազյանը: Ըստ նրա՝ պայմանագրի ժամկետը մինչև 2019 թ. ավարտն է: Ընկերությունը կշարունակի աջակցել համայնքին, թե ոչ, իրենք չգիտեն: Այդ իսկ պատճառով,Թամազյանը առաջարկ հնչեցրեց, որ հանքավայրի եկամուտներից ուղիղ հատկացումներ կատարվի ազդակիր բնակավայրերին:

Ախթալայի բնակիչները նաև առաջարկեցին՝

1. բարձրացնել բնակչության իրազեկվածությունը Ախթալայի լեռնահարստացնամ կոմբինատի գործունեությամբ պայմանավորված շրջակա միջավայրի աղտոտման, առողջության վրա ազդեցության վերաբերյալ հետազոտական նյութերի մատչելի տարբերակների բնակչության շրջանում տարածման միջոցով
2. Ապահովել բնակչության ներկայացուցիչների մասնակցությունը հանքի գործունեության վերաբերյալ որոշումների կայացմանը
3. Ապահովել ՀԿ-բնակչություն համագործակցությունը, կոմբինատի ղեկավարության հետ բնակչության ուղիղ քննարկումները հուզող խնդիրների շուրջ:
4. Կոմբինատի կողմից հատկացվող 5 միլիոն դրամից ամսական 250 հազար դրամ հատկացնել խոշորացված համայնքում գտնվող 6 դպրոցներին 1-4 դասարան հաճախող երեխաների սննդակարգում մսամթերք ընդգրկելու համար:

Իրենց հերթին շամլուղցիներն առաջարկեցին՝

1. Ավելացնել ընկերության կողմից վճարվող հարկերի չափը
2. Առողջապահության նախարարության կողմից իրականացնել բնակիչների խորքային բուժզննում և բուժում
3. Պարբերաբար ստուգել «Ախթալայի ԼՀԿ»-ի գործունեության համապատասխանությունը բնապահպանական նորմերին
4. Վերանայել բնապահպանական վնասների դիմաց տուգանքների չափը, հատկացումներն անել ըստ բնակավայրի՝ հանքից տուժելու, ազդակիրությանաստիճանի
5. Գնահատել քանդվող ճանապարհների վիճակը, պարտավորեցնել կոմբինատին վերանորոգել դրանք:

Սույն նյութը պատրաստվել է «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի կողմից իրականացվող «Հանքարդյունաբերության ազդակիր համայնքները` գործընթացի լիարժեք մասնակիցներ» ծրագրի շրջանակներում: Ծրագիրն իրականացվում է ԱՄՆ ՄԶԳ-ի(USAID) աջակցությամբ «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն»(ԹԻՀԿ) հասարակական կազմակերպության կողմից իրականացվող «Պահանջատեր հասարակություն՝ հանուն պատասխանատու կառավարման» ծրագրի շրջանակներում։

 

Սույն հոդվածը ստեղծվել է Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով: Այստեղ արտահայտված տեսակետները /կամ նյութի բովանդակությունը/ միմիայն հեղինակներինն են և պարտադիր չէ, որ արտահայտեն ԱՄՆ ՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները:



11:06 Հունիս 20, 2019


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news