Համայնքային խոշորացումից հետո Աճանան գյուղը զրկվել է հանքարդյունաբերական ընկերությունների ֆինանսական աջակցությունից

Համայնքային խոշորացումից հետո Աճանան գյուղը  զրկվել է հանքարդյունաբերական ընկերությունների ֆինանսական աջակցությունից

ԷկոԼուր

Սյունիքի մարզի Աճանան գյուղի բնակիչները փոխհատուցում են պահանջում «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ից իրենց պատճառված բնապահպանական, առողջապահական և սոցիալ-տնտեսական վնասների դիմաց:

Աճանան բնակավայրը գտնվում է կոմբինատի կողմից շահագործվող Արծվանիկ պոչամբարի հարևանությամբ: «Քամու դեպքում փոշի է բարձրանում: Բնապահպանական և առողջապահական ամենածանր վնասը կրում է այս գյուղը: Բազմաթիվ անգամ բնակիչներով հանդիպել ենք Կապանի քաղաքապետի, փոխքաղաքապետի ու Սյունիքի մարզպետի հետ: Բայց հստակ պատասխան չենք ստացել, թե ինչու մեզ փոխհատուցում չի տրվում: Ասում են՝ չի տրվում և վերջ»,- նշեցին Աճանանի բնակիչները ԷկոԼուրի հետ հանդիպման ժամանակ: 

Աճանանը մեկն է այն 5 գյուղերից (Արծվանիկ, Սևաքար, Աճանան, Չափնի և Սյունիք), որի 26.1019 հա համայնքային սեփականության հողամասերի նկատմամբ ՀՀ կառավարության 2015թ-ի մայիսի 21-ի 791-Ն որոշմամբ բացառիկ գերակա հանրային շահ ճանաչվեց ի օգուտ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի:

2017թ-ին Աճանանն ընդգրկվեց Կապան խոշորացված համայնքի կազմում: Երբ 2018թ-ի դեկտեմբերին Կապանի ավագանին քննարկեց ՀՀ կառավարության 791-Ն որոշումը, Աճանան և Սյունիք գյուղերի հողերին անդրադարձ չեղավ: Իսկ Արծվանիկ, Չափնի և Սևաքար գյուղերի բնակիչները, որոնց հողերի կատեգորիան փոխվեց, 2019թ-ի փետրվարի 1-ից մինչև 2020թ. հունվարի 31-ը «Զանգեզուր պղնձամոլիբդենային կոմբինատ» բարեգործական հիմնադրամի կողմից ամսական 40 000-ական դրամ նվիրատվություն են ստանում «Արծվանիկ պոչամբարի շրջակա գյուղական բնակավայրերում գյուղատնտեսական գործունեությամբ զբաղվելու սահմանափակ հնարավորությունների պայմաններում ստեղծված սոցիալական անբարենպաստ կացությունը փոփոխելու և բարելավելու համար»:

Արծվանիկ պոչամբար, լուսանկարը տրամադրել է Kapan.in նախաձեռնությունը

Աճանանցիների խոսքով՝ իրենց գյուղում նույնպես գյուղատնտեսություն չի զարգանում, քանի որ Արծվանիկ պոչամբարի տակ է մնացել գյուղի 62 հա հողատարածքը, որից 22 հա-ը՝ խնձորի այգի: «Խնձորի այգին մնացել է պոչամբարի տակ, իսկ 40 հա-ի վրա ընդհանրապես բուսականությունը վերացել է, լրիվ ամայի տափաստան է»,- նշեցին գյուղացիները:

Արծվանիկ պոչամբարի ազդեցության համար փոխհատուցում ստանալու նպատակով Աճանանի բնակիչները սույն թվականի հուլիսին նամակով դիմել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Վարչապետի կողմից, սակայն, դեռևս պատասխան չեն ստացել: «Մենք պայքարում ենք, որ մարդկանց տրվի մինինալ փոխհատուցում իրենց առողջական խնդիրները լուծելու համար:... Խնդիրը մարդկանց առողջական, սոցիալ-տնտեսական կրած վնասն է…»,- ասացին բնակիչները:

Նշենք որ Հայաստանի ԱՃԹՆ առաջին ազգային զեկույցի համաձայն, որում հրապարակված են հանքարդյունաբերողների 2016-2017թթ. ներկայացրած ֆինանսական տվյալները, 2016թ-ին ԶՊՄԿ-ն Աճանանի գյուղապետարանին հատկացրել է 206 668 դրամի վառելիք: 2016-2017թթ. ԶՊՄԿ-ի վճարած բնապահպանական վճարների հաշվին գյուղում որևէ բնապահպանական և առողջապահական ծրագիր չի իրականացվել: Հաշվարկված է, որ շրջակա միջավայր ԶՊՄԿ-ի արտադրության և սպառման թափոնների սահմանված կարգով տեղադրման գծով Աճանան գյուղի վրա ազդեցությունը 10 տոկոս է: Աճանանի ջրային և օդային ավազաններ վնասակար նյութերի և միացությունների արտանետման hամար բնապահպանական վճարների գծով ազդեցություն չի հաշվարկվել:

Աճանանը կրում է նաև Շահումյանի ոսկի բազմամետաղային հանքավայրի ազդեցությունը փոշու և հանքի օդափոխման համակարգի աղմուկի տեսքով: Սակայն ԱՃԹՆ ազգային զեկույցում Շահումյանի հանքի ազդեցության վերաբերյալ բնապահպանական վճարի հաշվարկի գծով որևէ տվյալ չկա: Շահումյանի հանքը 2016-2017թթ. շահագործող «Կապանի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲԸ-ի վճարած բնապահպանական վճարների հաշվին գյուղում բնապահպանական և առողջապահական ծրագրեր չեն իրականացվել:

Շահումյանի հանքավայրը և Աճանան գյուղը, լուսանկարը տրամադրել է Kapan.in նախաձեռնությունը

Շահումյանի հանքավայր, լուսանկարը տրամադրել է Kapan.in նախաձեռնությունը

Ըստ աճանանցիների՝ մինչ խոշորացումը Աճանան գյուղը ԶՊՄԿ-ից որոշակի գումար էր ստանում, օրինակ եթե բուժօգնության կարիք կար: Իսկ խոշորացումից հետո իրենց խնդիրներով ոչ ոք չի զբաղվում: «Ասում են՝ մենք ծրագրեր ենք մշակում, բայց թե ի՞նչ ծրագրեր են, ոչ մի ձայն չկա: Մեզ ասել են` ծրագրեր կազմեք, բայց գյուղացին ի՞նչ ծրագիր պետք է կազմի, եթե ոչ մի բան չի ստացվում այստեղ»,- ասացին բնակիչները:

«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի կողմից ՏԻՄ վճարած հարկեր և վճարներ-հողի հարկ

«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի կողմից ՏԻՄ վճարած հողամասի վարձակալության վճարներ

«Կապանի լեռնահարստացման ֆաբրիկա» ՓԲԸ-ի կողմից ՏԻՄ վճարած հարկեր և վճարներ

Ինչպես երևում է աղյուսակներից, մինչ համայքնային խոշորացումը Աճանանի ՏԻՄ-ը ԶՊՄԿ ՓԲԸ-ից և «Կապանի լեռնահարստացման ֆաբրիկա» ՓԲԸ-ից ստանում էր հողի հարկ և հողի վարձակալության վճար: Այժմ այդ գումարներն ուղղվում են Կապան խոշորացված համայնքի ՏԻՄ:

Սույն նյութը պատրաստվել է «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի կողմից իրականացվող «Հանքարդյունաբերության ազդակիր համայնքները` գործընթացի լիարժեք մասնակիցներ» ծրագրի շրջանակներում: Ծրագիրն իրականացվում է ԱՄՆ ՄԶԳ-ի(USAID) աջակցությամբ «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն»(ԹԻՀԿ) հասարակական կազմակերպության կողմից իրականացվող «Պահանջատեր հասարակություն՝ հանուն պատասխանատու կառավարման» ծրագրի շրջանակներում։

Սույն հոդվածը ստեղծվել է Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով: Այստեղ արտահայտված տեսակետները /կամ նյութի բովանդակությունը/ միմիայն հեղինակներինն են և պարտադիր չէ, որ արտահայտեն ԱՄՆ ՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները:

12:18 Օգոստոս 30, 2019


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news