ՀՀ վարչական դատարանը մերժեց «Լիդիան Արմենիա»-ի ներկայացուցչի միջնորդությունը՝ կասեցնելու ջերմուկցիների հայցի վարույթը

ՀՀ վարչական դատարանը մերժեց «Լիդիան Արմենիա»-ի ներկայացուցչի միջնորդությունը՝ կասեցնելու ջերմուկցիների հայցի վարույթը

ԷկոԼուր

ՀՀ վարչական դատարանը՝ ի դեմս դատավոր Արծրուն Միրզոյանի, քննում է Ջերմուկի մի խումբ բնակիչների հայցը, որով նրանք դատարանից պահանջում են պարտավորեցնել ՀՀ շրջակա միջավայրի նախարարին ուժը կորցրած ճանաչել Ամուլսարի հանքավայրի հանքարդյունահանման համալիրի փոփոխված նախագծի շրջակա միջավայրի վրա ազդեցության պետական փորձաքննական հ. ԲՓ 35 եզրակացությունը և ՀՀ բնապահպանության նախարարի 29.04.2016թ. դրա հաստատումը:

Դատական գործում որպես երրորդ անձիք են ներգրավված ՀՀ Ֆինանսերի նախարարությունը, «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ն և «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ը:

Դատավոր Արծրուն Միրզոյանը հոկտեմբերի 17-ի նիստում մերժեց «Լիդիան Արմենիայի» ներկայացուցիչ Սայաթ Բադալյանի միջնորդությունը՝ կասեցնելու սույն գործի վարույթը մինչև Ամուլսարի ծրագրի վերաբերյալ քրեական գործով որոշում կայացնելը:
Նազելի Վարդանյանն ԷկոԼուրին հայտնեց, որ հայցի փոփոխություն է կատարել և ի լրումն նախկինում ներկայացրած` ամերիկահայ Հարութ Բրոնզյանի պատվերով 3 միջազգային հայտնի փորձագիտական կազմակերպությունների (Ավստրալիայից, ԱՄՆ-ից և Կանադայից) 4 փորձագետների գնահատականներին ու եզրակացություններին, Համաշխարհային բանկի Միջազգային ֆինանսական կորպորացիայի Օմբուդսմենի գրասենյակի գրությանը, Բնության համաշխարհային հիմնադրամի /WWF/ եզրակացությանը, որպես նոր ի հայտ եկած գործոններ պարունակող փաստաթղթեր սեպտեմբերի 30-ին դատարանին է ներկայացրել Ամուլսարի ծրագրի վերաբերյալ «Earth link & Advanced Resources Development» (ELARD) լիբանանյան ընկերության պատրաստած փորձաքննական եզրակացությունը, Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանի կողմից ՀՀ կառավարությանն ուղղված 13 կետից բաղկացած գրությունը և ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի 27.08.2018թ-ի թիվ 30-Ա որոշումը: «Լիդիան Արմենիա»-ի, Շրջակա միջավայրի նախարարության և «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ի ներկայացուցիչները հոկտեմբերի 17-ի նիստում առարկություններ ներկայացրեցին, որպեսզի հայցի փոփոխություն_լրացումը քննության առարկա չդառնա: Դատարանը հաշվի չառավ առարկությունները:

Դատարանը բավարարեց ՀՀ ֆինանսների նախարարությանը որպես ոչ պատշաճ երրորդ կողմ դատավարության մասնակիցներից հանելու վերաբերյալ միջնորդությունը:
Միջնորդությունների քննարկումից հետո գործը մտավ դատաքննության փուլ: Հաջորդ դատական նիստը տեղի կունենա հոկտեմբերի 24-ին:

Հիշեցնենք, որ հայցվորների ներկայացուցիչ Նազելի Վարդանյանը սեպտեմբերի 30-ին միջնորդություն էր ներկայացրել հայցի ապահովման միջոց ձեռնարկելու մասին, որպեսզի արգելվեր Ամուլսարում հանքարդյունահանման հետ կապված որևէ գործունեության իրականցումը, սակայն Վարչական դատարանը 02.10.19 որոշմամբ մերժել է միջնորդությունը: Նշված որոշումը բողոքարկվել է ՀՀ Վարչական վերաքննիչ դատարան:

Լուսանկարը և տեսանյութը Թեհմինե Ենոքյանի

11:52 Հոկտեմբեր 23, 2019


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news