ՎԶԵԲ-ի Տնօրենների խորհուրդը հաստատել է Հայաստանի թեկնածությունը՝ բանկի տարեկան ժողովը Երևանում անցկացնելու համար

ՎԶԵԲ-ի Տնօրենների խորհուրդը հաստատել է Հայաստանի թեկնածությունը՝ բանկի տարեկան ժողովը Երևանում անցկացնելու համար

ԷկոԼուր

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) Տնօրենների խորհուրդը դեկտեմբերի 17-ին հաստատել է Հայաստանի թեկնածությունը՝ ՎԶԵԲ տարեկան ժողովը Երևանում անցկացնելու համար: Առաջիկայում սպասվում է հարցի վերաբերյալ նաև ՎԶԵԲ Կառավարիչների խորհրդի քվեարկությունը, ինչի արդյունքում 2020 թ-ի հունվարի վերջին պարզ կլինեն վերջնական արդյունքները: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը: 

«ՎԶԵԲ տարեկան ժողովի ընթացքում բարձր մակարդակի երկխոսություն է ծավալվում արդիական թեմաների վերաբերյալ և որոշումներ են կայացվում Բանկի զարգացման ռազմավարական հարցերի շուրջ:

Տարեկան ժողովի շրջանակներում ավանդաբար կայանում են հատուկ ներդրումային նիստեր, որոնց ներքո հյուրընկալող երկիրը և նախապես ընտրված մի քանի այլ երկրներ ներկայացնում են իրենց ներդրումային հնարավորությունները։

Միջոցառումը նաև հիանալի հնարավորություն է գործարար համայնքի համար նոր կապեր հաստատելու առումով, քանի որ սովորաբար հյուրընկալում է ավելի քան 2000 մասնակիցների, որոնց թվում` առաջատար ֆինանսական ու կորպորատիվ ընկերությունների գործադիր ղեկավարներ, բարձրաստիճան պետական պաշտոնյաներ, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ և միջազգային ԶԼՄ ներկայացուցիչներ», - մասնավորապես գրել է Տիգրան Ավինյանը:

Նշենք, որ ՎԶԵԲ-ը բաժնետոմսեր ունի Ամուլսարի ոսկու հանքավայրը շահագործող «Լիդիան ինթրնեյշնլ» օվշորային ընկերությունում: Բանկը Հայաստանում նաև ֆինանսավորում է էներգետիկ՝ այդ թվում հիդրոէներգետիկ ծրագրեր:

16:42 Դեկտեմբեր 19, 2019


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news