

ԷկոԼուր
Հունվարի 21-ին Կապան համայնքի բնակիչները փակել էին Կապան-Երևան միջպետական ճանապարհը՝ պահանջելով Կապանը ճանաչել աղետի գոտի` պայմանավորված Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի կողմից Արծվանիկի պոչամբարի շահագործմամբ: Դեպքի վայր էր ժամանել Սյունիքի մարզային ոստիկանապետ, գնդապետ Գևորգ Ազիզյանը, ում միջամտությամբ էլ ճանապարհը բացվեց: Ինչպես գրում է syuniacyerkir.am-ը, ոստիկանապետի և ցուցարարի միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել՝ հանդիպել հաջորդ շաբաթ և քննարկել բարձրացված հարցը:
Արծվանիկի պոչամբարը Հայաստանի ամենամեծ պոչամբարն է: Այն իր թափոնների տակ է թողել Կապան խոշորացված համայնքի բնակավայրերի զգալի հողատարածքներ: Առաջին անգամ Արծվանիկ գյուղից պոչամբարի համար հող վերցվել է 1973 թվականին՝ 240 հեկտար, այնուհետև 2006 թվականին՝ 102 հեկտար: 2015 թվականի մայիսի 21-ին 791 Ն որոշմամբ՝ 274.8378 հեկտար: 2015թ-ի մայիսի 21-ի ՀՀ կառավարության 791-Ն որոշմամբ Արծվանիկ պոչամբարի ընդլայնման համար բացառիկ գերակա հանրային շահ ճանաչվեց Սյունիքի մարզի Արծվանիկի, Սևաքարի, Աճանանի, Չափնիի և Սյունիքի գյուղական համայնքների վարչական սահմաններում՝ ընդհանուր 491.8093 հա գյուղատնտեսական նշանակության հողերի նկատմամբ:
Նշենք, որ Կապան համայնքը գտնվում է նաև «Չաարատ Կապան» ընկերության կողմից շահագործվող Գեղանուշի պոչամբարի ազդեցության տակ:
Լուսանկարը՝ syuniacyerkir.am
Հունվար 22, 2020 at 19:04