Չնայած բնակիչների ներկայացրած հանրագրի՝ Վայքի ավագանին տվեց համաձայնություն Ազատեկի հանքավայրի շահագործման համար

Չնայած բնակիչների ներկայացրած հանրագրի՝ Վայքի ավագանին տվեց համաձայնություն Ազատեկի հանքավայրի շահագործման համար

ԷկոԼուր

ՀՀ Վայոց ձորի մարզի Վայք համայնքի ավագանին ս.թ. փետրվարի 28-ի նիստին տվեց նախնական համաձայնություն Ազատեկի ոսկի բազմամետաղային հանքավայրի շահագործման համար՝ չնայած Վայքում մետաղական հանքարդյունաբերությունն արգելելու մասին բնակիչների ներկայացրած հանրագրի:

Ավագանու որոշման մեջ նշված է.

«Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին կետի 42-րդ ենթակետով, «Հանրագրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 3-րդ մասով, հաշվի առնելով Վայք համայնքի մոտ 400 բնակիչների կողմից ներկայացված հանրագիրը, առաջնորդվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 184-րդ հոդվածի 3-րդ մասով և «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածով շարադրված տեղական ինքնակառավարման սկզբունքներով.

1. Տալ նախնական համաձայնություն Վայք համայնքի Ազատեկ բազմամետաղ հանքավայրի փակ շահագործման վերաբերյալ՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված ընթացակարգերի համաձայն փաստաթղթեր ձեռք բերելու մասով:

2. Հարցին անդրադառնալ լիազոր մարմնի կողմից ՇՄԱԳ /շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատում/ փաստաթղթերի առկայության ժամանակ»:

Վայքի ավագանին ունի 11 անդամ, որից 7-ն են մասնակցել նիստին: Ավագանու անդամներից դեմ է քվեարկել միայն Մերի Ջանոյանը։

«Վայք Ինֆոտուն»-ը նշում է. «Փաստացի մերժվեց Վայքի՝ այս պահին արդեն 500 բնակիչների ստորագրությամբ հանրագիրը՝ համայնքի տարածքում հանքարդյունաբերությունն արգելելու վերաբերյալ։ Այս որոշումն ավագանին կայացրեց, կարծես, ի հեճուկս համայնքի սրտացավ բնակիչների պայքարի»։

Հիշեցնենք, որ Վայքում մետաղական հանքարդյունաբերությունն արգելելու մասին հանրագրի ստորագրման գործընթացը սկսվել էր դեռ անցյալ տարի, երբ Վայքի բնակիչները մերժեցին Ազատեկի ոսկու հանքավայրի ծրագիրը: Այդ ժամանակ հանքավայրը հավակնում էր շահագործել «Վայք Գոլդ» ՍՊԸ-ն: Այս ընկերության նախաձեռնությունը մերժվեց տեղի բնակիչների կողմից և զրկվեց ընդերքօգտագործման իրավունքից: «Վայք Գոլդ» ՍՊԸ-ն դատի է տվել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը՝ պահանջով անվավեր ճանաչել հրամանը, որով դադարեցվել է ընկերության ընդերքօգտագործման իրավունքը:

Ներկայում հանքավայրը ցանկանում է շահագործել վերջերս ստեղծված «Վայկ-ինվեստ» ՍՊԸ-ն: Զառիթափ համայնքում այս ընկերությանը մերժեցին: Իսկ Ազատեկ համայնքում կայացած լսումները վիճահարույց են. հասարակությունը պահանջում է դրանք անվավեր համարել:

 

15:13 Մարտ 03, 2020


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news