Ամուլսարի հանքավայրի խնդիրն ընկալվում է իբրև համազգային խնդիր. ՄԻՊ

Ամուլսարի հանքավայրի խնդիրն ընկալվում է իբրև համազգային խնդիր. ՄԻՊ

ԷկոԼուր

Ամուլսարի հանքավայրի շինարարության և շահագործման խնդիրն ընկալվում է իբրև համազգային խնդիր: Չափազանց կարևոր է, որ Կառավարությունը շարունակի իրազեկման աշխատանքներ իրականացնի ոչ միայն ազդակիր համայնքի, այլև ողջ բնակչության շրջանում:

Այս մասին նշված է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության, մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության վիճակի մասին 2019 թ-ի տարեկան հաղորդման մեջ:

Ինչպես 2018, այդպես էլ 2019 թ-ին ՄԻՊ-ն արձանագրել է. «Առկա է համակարգային խնդիր»:

Տարեկան հաղորդման մեջ ՄԻՊ-ը նշում է, որ Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման ծրագրի խնդրով բողոքներ են ստացվել թե շրջակա բնակավայրերի բնակիչներից, թե «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ից և նրա աշխատակիցներից:

Բարձրացված խնդիրներից մեկը «Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի հանքարդյունահանման համալիր փոփոխված նախագծի՝ «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատում» փաստաթղթին տրված դրական եզրակացությունն առոչինչ ճանաչելու և հանքավայրի շինարարական աշխատանքները կասեցնելու հարցն է։ ՄԻՊ-ը մեջբերում է բնապահպանների ու փորձագետների պնդումներն այն մասին, որ Ամուլսարի հանքի շահագործումը սպառնում է առաջացնել լուրջ էկոլոգիական վտանգներ, և որ պետական փորձաքննական եզրակացությունը տրվել է առանց փորձաքննության իրականացման:

ՄԻՊ-ը հղում է անում «CEE Bankatch» ՀԿ-ների միջազգային ցանցի հետազոտություններին՝ կապված Ամուլսարի հանքավայրի շահագործման բնապահպանական և սոցիալական ազդեցության, ազդակիր համայնքների բնակչության ընկալումների ու գնահատականների, ինչպես նաև կենսաբազմազանության վրա հանքավայրի շահագործման ազդեցության հետ:

ՄԻՊ-ի ներկայացուցիչները 2019 թ-ի օգոստոսի 23-ից 25-ը գործուղվել են Վայոց ձորի մարզի Գնդեվազ, Զառիթափ, Սարավան գյուղական համայնքներ և Ջերմուկ քաղաք, Սյունիքի մարզի Գորայք գյուղական համայնք: Այցի ընթացքում Պաշտպանի ներկայացուցիչները հանդիպել են նաև երեք պահակակետերում գտնվող բնապահպան ակտիվիստների հետ: Նշվում է, որ Ամուլսարի հանքավայրը հիմք է հանդիսացել ոչ միայն շրջակա միջավայրի վրա ազդեցության վերաբերյալ քննարկումների, այլև բնապահպանների և Ամուլսարի հանքավայրի աշխատողների միջև լարվածության ու նույնիսկ բախումների համար:

ՄԻՊ-ը մեջբերում է ՄԱԿ-ի խաղաղ հավաքների և միավորումների ազատության հարցերով հատուկ զեկուցողի 2019 թ-ի զեկույցը, ըստ որի, հատուկ զեկուցողն այցելել է Ամուլսար հանքավայրի հարող տարածք և լսել հանքավայր տանող ճանապարհներն արգելափակած բողոքի ակցիա անող անձանց մտահոգությունները։ Ըստ հատուկ զեկուցողի՝ ստեղծված իրավիճակը շտկելու համար առաջին քայլը, որ կառավարությունը պետք է ձեռնարկի՝ խորհրդատվություններ անցկացնելն է՝ հավաստիանալու, որ այս ծրագիրը համապատասխանում են գործարարության և մարդու իրավունքների ուղենիշային սկզբունքներին:

ՄԱԿ-ի նշված հատուկ զեկուցողն առանձին հանդիպում է ունեցել ՄԻՊ-ի հետ: Ինչպես նշված է զեկույցում, Պաշտպանը կարևորել է Հայաստանի վարչապետի կողմից հարցն իր անմիջական ուշադրության ներքո պահելը՝ ինչպես պետական մարմինների հետ քննարկումների, այնպես էլ անմիջականորեն Վայոց ձորի մարզ այցերի ու բնակիչների հետ հանդիպումների ձևաչափերով:

Ինչ վերաբերում է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից ստուգումներին, ՄԻՊ-ը հիշեցնում է, որ 2018 թ-ին արձանագրվել էին շինարարական աշխատանքների ընթացքում օրենսդրության պահանջների և հանքավայրերի շահագործման մի շարք խախտումներ: Իսկ 2019 թ-ին Ամուլսարի հանքավայրում տեսչական ստուգումներ չեն իրականացվել։

Այսպիսով, ուսումնասիրելով Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման ծրագրի խնդիրը, ինչպես 2018, այդպես էլ 2019 թ-ի տարեկան հաղորդման մեջ ՄԻՊ-ն արձանագրել է. «Առկա է համակարգային խնդիր. մի կողմից անհրաժեշտ է հաշվի առնել հարակից համայնքների բնակիչների իրավունքները և իրականացնել իրավիճակի անկախ և համալիր գնահատում, մյուս կողմից էլ անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել աշխատողների իրավունքների ոտնահարման և վերջիններիս իրավունքների դեմ ոտնձգությունների բացահայտման ուղղությամբ»:

16:59 Ապրիլ 09, 2020


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news