Գործադիրն առաջարկում է Հայաստանում բացառել վերընթաց պոչամբարների կառուցումը և սահմանում է նոր կանոններ

Գործադիրն առաջարկում է Հայաստանում բացառել վերընթաց պոչամբարների կառուցումը և սահմանում է նոր կանոններ

ԷկոԼուր

ՀՀ կառավարությունը նոր կանոններ է սահմանում ընդերքօգտագործողների համար՝ ուղղված պատասխանատու հանքարդյունաբերության զարգացմանը, ռացիոնալ և արդյունավետ ընդերքօգտագործմանը:

Հունիս 11-ին ՀՀ կառավարությունը հավանություն տվեց «ՀՀ ընդերքի մասին օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Սնանկության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» և «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերին:

Օրենսդրական փաթեթը ՀՀ կառավարության նիստում ներկայացրեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածնքերի նախարար Սուրեն Պապիկյանը:

Փաթեթով առաջարկվող փոփոխությունները

  • 500 հազար տոննայից ավելի արտադրողականության դեպքում պարտադիր ջրի փակ շրջանառու համակարգի կիրառում, վերընթաց պոչամբարների կառուցման բացառում՝ հաշվի առնելով Հայաստանի սեյսմիկ ակնկայուն տարածաշրջանում գտնվելը: Մինչև 500 հազար տոննա արտադրողականության պարագայում պարտադիր պինդ պոչանքների առաջացմամբ տեխնոլոգիայի կիրառում:
  • Ընդերքօգտագործման իրավունքի տրամադրման 50 տարվա առավելագույն ժամկետը մետաղական հանքերի համար դարձնել 25, իսկ ոչ մետաղականների համար՝ 15 տարի: «Հայաստանի բոլոր ուսումնասիրությունները կատարվել են 1950-60-ական թթ: Արդի աշխարհում դրանք հստակեցման, թարմացման կարիք ունեն: Մշտապես հաստատվում են 50 տարով թույլտվություններ, որը ես համարում եմ՝ ճիշտ չէ: Անհրաժեշտության դեպքում թույլտվության ժամկետը միշտ էլ կարելի է երկարաձգել»,- ասել է Սուրեն Պապիկյանը:
  • Մետաղական հանքավայրերի դեպքում ընդերքօգտագործման թույլտվություններ կտրամադրվեն, եթե նշված հանքավայրում վերջին 5 տարվա ընթացքում գնահատվել և հաստատվել են պաշարներ, ոչ մետաղական հանքավայրերի դեպքում՝ վերջին 10 տարվա ընթացքում։
  • Դատարանում ընդերքօգտագործման իրավունքի դադարեցման վերաբերյալ վարչական ակտի բողոքարկման դեպքում չի կասեցվի վարչական ակտի կատարումը: «Ընդերքօգտագործողը, հիմնավոր կերպով իրավունքից զրկվելով, չի կարողանա գործունեություն իրականացնել՝ մինչև դատարանի կողմից որոշման կայացումը: Միաժամանակ, տվյալ հանքավայրը պետության կողմից չի տրամադրվի երրորդ ընդերքօգտագործողի՝ մինչ դատարանի կողմից որոշում կայացնելը»,- պարզաբանել է նախարարը։
  • Եթե ընդերքօգտագործողը չկատարի ընդերքօգտագործման իրավունքով նախատեսված աշխատանքների 70%-ը, ապա ընդերքօգտագործման իրավունքի ժամկետի երկարաձգման համար չի կարողանա դիմել: «Սրանով փորձում ենք ստեղծել հիմքեր, որպեսզի ընդերքօգտագործողները պատշաճ կատարեն իրենց պարտավորությունները պետության առաջ»,- նշել է Սուրեն Պապիկյանը:
  • Հնարավորինս կբացառվի հանքավայրերի կամ տեղամասերի մասնատումը և պաշարները կտրամադրեն ողջ հաշվեկշռային ծավալով: «Նախկինում եղել են դեպքեր, երբ հաստատված պաշարով տարածքը բաժանվել է մի քանի հատվածների, ինչը հնարավորություն է տալիս ավելի բարձր արդյունավետություն ունեցող հատվածներն օգտագործել, իսկ ավելի ցածր տոկոսայնություն ունեցողները թողնել, ինչն այս նախագծով այլևս կբացառվի»,- հայտնել է Սուրեն Պապիկյանը:
  • Ընդերքօգտագործման իրավունքի գրավադրումը կիրականացվի ոչ թե տեղեկացմամբ, այլ նախապես համաձայնության ընթացակարգով: Համաձայնություն կտրվի այն դեպքում, եթե գրավի հիմքով ձեռք բերված փոխառությունն օգտագործվի տվյալ հանքավայրի շահագործման և ընդերքօգտագործողի պարտավորությունների կատարման նպատակով:
  • Հիմք կստեղծվի սահմանային հողերում սահմանային գետերի ափին ավազի հանքավայրերի պաշարների արդյունահանման կարգ սահմանելու համար:

Հունիս 12, 2020 at 16:33


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր