Ապօրինի ընդերքօգտագործում Ակունք համայնքում

Ապօրինի ընդերքօգտագործում Ակունք համայնքում

ԷկոԼուր

Արագածոտնի մարզի Ակունք համայնքում հայտանաբերվել է ապօրինի ընդերքօգտագործման դեպք։ ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնից հայտնում են, որ Ակունք համայնքում գյուղատնտեսական նշանակության հողերի վրա իրականացվել է քարի արտադրություն առանց հողերի նպատակային նշանակության փոփոխության:

«ՀՀ Վարչապետի հանձնարարությամբ՝ ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի գեոդեզիայի և հողօգտագործման վերահսկողության վարչությունը 2020թ. հունիս ամսին ստուգում է իրականացրել Արագածոտնի մարզի Ակունք համայնքում՝ ՀՀ հողային օրենսդրության պահանջների պահպանման համապատասխանության  նկատմամբ։ 

Համայնքում փաստաթղթերի ուսումնասիրությունից և տեղազննությունից պարզվել է, որ Ակունք համայնքին սեփականության իրավունքով պատկանող գյուղատնտեսական նպատակային նշանակության՝ վարելահող հողատեսքերից 0.3791հա մակերեսով, այլ հողատեսքերից 0.838հա մակերեսով և 1.0692հա մակերեսով  արոտավայր հողատեսքից՝ 2017թ. հունիսի 17-ին ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության կողմից տրված օգտակար հանածոյի արդյունահանման թույլտվությամբ, լեռնահատկացման ակտով և ընդերրքօգտագործման պայմանագրով՝ ՍՊ ընկերության կողմից կատարվում է քարի արդյունահանման աշխատանքներ:

Համայնքի ղեկավարի 05.05.2015թ. որոշմամբ ՍՊ ընկերությանը համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նպատակային նշանակության 3.1հա մակերեսով տարածք է տրամադրվել ուղիղ կտրվածքով քարի արտադրություն կազմակերպելու համար, կնքվել է վարձակալության պայմանագիր՝ տարեկան ընդամենը 60000 դրամ գումարով, որը նոտարական վավերացում և պետական գրանցում չի ստացել։ 

Համայնքի ղեկավարը՝  30.04.2020թ. որոշմամբ ՍՊ ընկերությանը  խնդրել է ժամանակավորապես դադարեցնել քարհանքի արդյունաբերական գործունեությունը, սակայն ստուգման պահն ևս աշխատանքները դադարեցված չեն եղել։

Վերոնշյալ գյուղատնտեսական նպատակային նշանակության հողամասերի նպատակային նշանակությունն արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության փոփոխելու և փոփոխված  հողամասը վարձակալությամբ տրամադրելու վերաբերյալ Տեսչական մարմնի մասնագետներին փաստաթղթեր չեն ներկայացվել։ 

Այսպիսով, ոչ միայն հողամասերի նպատակային նշանակությունն է խախտված, այլ նաև հողօգտագործումն է ինքնակամ, որի արդյունքում համայնքի բյուջե չեն մուտքագրվել և չի մուտքագրվում զգալի չափով գումարներ:

Համայնքում արձանագրված խախտումներին իրավական գնահատական տալու և պատասխանատու պաշտոնատար անձանց պատասխանատվության ենթարկելու նպատակով Տեսչական մարմինը դիմել է ՀՀ գլխավոր դատախազություն»,- նշված է տեսչական մարմնի հաղորդագրության մեջ:

Լուսանկարը՝ ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի

14:23 Հուլիս 09, 2020


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news